HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Իրավապաշտպանները փորձում են մեղադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին

Անցած տարի «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Սյունիքի մասնաճյուղի ներկայացուցիչ Արաշվիր Խալափյանին էր դիմել Կապանի Շղարշիկ թաղամասի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը`  հայտնելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի թափուկատարի վթար պատճառով սատկել է 3000 հատ իշխան ձուկ»։

Սրան հետևեց բնակիչների նամակը Սյունիքի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնին, որով խնդրել են կազմակերպությանը բարձրաձայնել իրենց խմելու ջրի որակի մասին, քանի որ մտավախություն ունեն,  որ  «թափոնները արտահոսում և խառնվում են ջրին»։ Իրավապաշտպան կազմակերպությունները երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել։ Ըստ նրանց ներկայացուցիչների` քիմիաթունաբանական հետազոտությունների արդյունքները արդեն կան, և Սյունիքի մարզպետարանի փորձագիտական հանձնաժողովը ուսումնասիրում է փաստերը։ Ըստ կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրության` այս ամենն արդեն թույլ է տալիս խոսելու «մարդու իրավունքների ոտնահարման և պետական մարմինների կողմից կոռուպցիոն ռիսկեր պարունակող պաշտոնական դիրքի չարաշահումների մասին»։ Զարմանալի է, սակայն, որ մարզպետարանի փորձագիտական հանձնաժողովի անդամներից ոմանք համաձայն չեն եզրակացությանը ու դեռ չեն ստորագրել։

«Երբ ստորագրեն, մենք այդ փաստաթուղթն էլ կներկայացնենք, ուղղակի տեխնիկական հարցեր կան»,-ասացին իրավապաշտպանները։ Օրհուս կենտրոնի ղեկավար Աշոտ Ավագյանի խոսքով, ինքն էլ է հանձանաժողովի անդամ, բայց դեռ չի ստորագրել։ «Կան մասնագիտական որոշ տերմիններ, որոնք անհասկանալի են ինձ»,-ասաց նա։

«Մենք չենք ուզում, որ խնդիրը հնչեղություն ստանա»,- ասուլիսում հայտարարեց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչ Արշավիր Խալափյանը։  Ըստ Սյունիքի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար Տիգրան Ստեփանյանի`  «խնդիրը այնքան էլ ծախսատար չէ, և կարելի է այն լուծել առանց ավելորդ հրապարակայնության»։

Մինչ պատրաստ կլինի փորձագիտական հանձնաժողովի արձանագրությունը,  ԶՊՄԿ-ից  տեղական «Սոսի» հեռուստատեսությանը տեղեկացրել են, որ թափուկատարը ոչ մի պարագայում չի կարող աղտոտել խմելու ջրի ավազանը։ «Կարող են հնչել բազմապիսի մեղադրանքներ, սակայն դրանց իսկությունն էլ ստուգել է պետք։ Անցած 5 տարիների ընթացքում շուրջ 4 մլրդ դրամի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել թափուկատարի տարբեր հատվածներում»,-ասել են ձեռնարկությունից։ Մի քանի օրից կոմբինատի ղեկավարությունը շահագրգիռ բոլոր կողմերի հետ կշրջի թափուկատարի երկայնքով՝ կրկին ուսումնասիրելով տարածքը։ Հրավիրված ասուլիսին Շղարշիկի լիազոր Շահեն Բաբայանցը ներկա չէր։

«Հետք» հետ ունեցած հեռախոսազրույցում վերջինս ասաց, որ «արտահոսք լինում է, բայց ոչ ամեն օր, միայն վթարների դեպքում»։ «Գյուղում թունավորումներ եղել են, բայց սանէպիդկայանը ջրում ոչ մի բան չի հայտնաբերել»,-ասաց լիազորը՝ ավելացնելով, որ այս տարվա փետրվարին դիմել են հակահամաճարակաբաններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter