Մի խումբ մտավորականներ համաձայն չեն Ստեփանակերտի կենտրոնում գտնվող պուրակի նոր նախագծին
Ստեփանակերտի կենտրոնում, հայտնի «Պյատաչոկ» կոչվող օղակաձեւ պուրակում, որտեղ տեղադրված է նաեւ Ստեփան Շահումյանի արձանը, վերջերս վերակառուցման աշխատանքներ են սկսվել:
Նախաձեռնությունը նորաստեղծ «Ստեփանակերտի զարգացման հիմնադրամ»-ինն է, որն առաջիկա ամիսների ընթացքում կաշխատի նաեւ մայիսի 9-ի տոնական ծրագրի վրա: «Պյատաչոկ»-ի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ այս տարվա սեպտեմբերի 2-ը: Պուրակում, ինչպես ներկայացվել է ավելի վաղ, սրճարաններ չեն լինի, կլինի մանկական հրապարակ, ինչպես նաեւ կանաչ տարածքները որպես հանգստի գոտի օգտագործելու հնարավորություն:
Պուրակն այժմ ցանկապատվել են Ղարաբաղի եւ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերը ներկայացնող պաստառներով, իսկ ներսում արդեն որոշ բաներ քանդվել են, այդ թվում` շատրվանը: Պուրակի վերափոխման նոր նախագծին սակայն համաձայն չեն մի խումբ մտավորականներ, այդ թվում նաեւ քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի անդամներ: Նրանք երեկ հավաքվել էին իրենց դժգոհությունն արտահայտելու նոր նախագծի հետ կապված:
Քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի խոսքերով, պուրակի վերափոխման ծրագիր կար դեռեւս տարիներ առաջ` 2003-ին: Հենց այդ ժամանակ կառավարարության կողմից պատվիրվեց պուրակի նոր նախագիծ:
«Էսքիզն արվեց, որը հավանության արժանանալուց հետո սկսեցինք 3 եւ 4,5 մետր չափերով պղնձե «Կենաց ծառ» քանդակի` նռենու պատրաստումը: Նռենին պետք է տեղադրվեր պուրակի շատրվանների տեղում` ճարտարապետական համապատասխան լուծումներով: Այն պետք է դառնար մեր քաղաքի գեղարվեստական խորհրդանիշը»,-Հետքի հետ զրույցում նշել է քանդակագործը, ով իր մյուս գործընկերոջ` քանդակագործ Ալբերտ Հարությունյանի հետ միասին քանդակեց այդ նռենու ծառը:
Ռոբերտ Ասկարյանի հավաստմամբ, նշված նախագիծն անցյալ տարի քաղաքաշինության նախարարը ներկայացրել էր նախագահին, ով նույնպես հավանություն էր տվել: Սակայն վերջերս պարզ դարձավ, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պուրակը կվերակառուցվի եւ բոլորովին այլ տեսք կստանա, ինչի համար նոր նախագիծ է պատրաստվել, որը, հավաքվածների հավաստմամբ, չի քննարկվել քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի հետ: Հավաքվածներից ոմանք նշում էին, որ բավականին մեծ գումար է նախատեսվում այդ նոր նախագծի իրականացման համար, ինչը շռայլություն կարելի է համար, հատկապես, որ քաղաքում կան ոչ բորվոք վիճակում գտնվող շատ փողոցներ: «Պուրակի կառուցումը կարող էր մի 5-10 տարի էլ սպասել»,-նշել է հավաքվածներից մեկը: Նկարիչ Առնոլդ Մելիքսեթյանը, ով նույնպես այդ խմբից է, գտնում է, որ «Պյատաչոկ»-ի վերակառուցման հետ կապված հարցերն անպայման պետք է քննարկվեր ստեփանակերտցիների հետ, ում համար այդ վայրը շատ մեծ նշանակություն ունի: Նույն կարծիքին են նաեւ երեկ հավաքված մտավորականները, ովքեր պահանջում են, որ գոյություն ունեցող նախագծերը «պետք է դրվեն ճարտարապետական, գեղարվեստական եւ հասարակական քննարկման` քաղաքի պատմականորեն ձեւավորված կենտրոնի ճակատագրին արդարացի մասնագիտական լուծում տալու համար»: Ի դեպ, մտավորականների խումբն իր պահանջը պատրաստվում է ներկայացնել նաեւ նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում:
Մեկնաբանել