HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որո՞նք են երաշխիքները

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում արած այն հայտարարությանը, թե հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը Ադրբեջանին, ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հետքին» ասաց. «Ես չեմ տեսնում դիմացս մարդ, որը կբավարարվի ինչ-որ բանով և կհարգի որևէ պայմանագիր: Այդ  պայմանագիրը ստորագրվելուց երկու ամիս հետո այն դառնալու է թուղթ, և նորից ճամփաները փակվելու են: Համաշխարհային հանրությունը մի կողմից մեզ ստիպում, ասում է` ստորագրենք, մյուս կողմից ասում է` ես գարանտիա չունեմ, զգուշ եղեք: Ինձ  հետաքրքրում են գարանտիաները»: Հ. Բագրատյանը, իր իսկ բնորոշմամբ, ագրեսիվ մարդ չէ և կողմնակից է պայմանավորվելուն: «Եթե երկու-երեք շրջան տալով` մենք հանգստություն ենք  վայելելու, հարևանություն, եթե նրանց հետ դա հնարավոր է, խնդրեմ: Բայց ես ուզում եմ հարց տալ Սերժ Սարգսյանին` տալիս ես, լավ ես անում, մեր նախագահն ես, ենթարկվում ենք քեզ, գովում ենք, բայց երաշխիքը ո՞րն է, որը վաղը ճանապարհը չի փակվի»: ՀԱԿ ներկայացուցչի խոսքերով` եթե մենք ազատագրված տարածքները վերադարձնենք, այլևս հետ չենք վերցնի: Իսկ Ադրբեջանը եթե բացի ճանապարհը, ամեն րոպե կարող է փակել: «Այս պայմանագիրը, որ ուզում են ստորագրել, միանաշնակ ավելի վատն է, քան Մադրիդյանը` Օսկանյանի ժամանակ, որն էլ իր հերթին ավելի վատն էր, քան պայմանագիրը` Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Գնալով ավելի վատանալու է»: Հ. Բագրատյանի կարծիքով` միջազգային հանրությունը պետք է հայտարարի, որ 100 տարով չեզոք գոտի է ստեղծում` զինվորների մասնակցությամբ: «Կամ թող մի բան անի, ոչինչ չեն անում»: Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա այս ամենը, ըստ Հ. Բագրատյանի, կազդի այնքանով, որ Սերժ Սարգսյանը կփորձի դրա հիման վրա իշխանությունն ուժեղացնել, իսկ նրանք, ովքեր իշխանություն են ուզում, կասեն, որ դա դավաճանություն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter