HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թակարդից դուրս գալու հայկական «նախաձեռնողական» «մեթոդները»

Associated Press-ին տված մեկնաբանություններում, ըստ «Ռեգնում» գործակալության, Ադրբեջանին ուղղված` ուժի կիրառումից խուսափելու մասին պայմանագիր կնքելու իր առաջարկը  նախագահ Սերժ Սարգսյանը բացատրել է հետևյալ կերպ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգության ապահովումն է: Ես որոշումներ եմ փնտրում, որոնք ԼՂ բնակչությանը հնարավորություն կտան խաղաղ զարգանալ իրենց պատմական հողերի վրա»: Ըստ նախագահի` ուժի չկիրառման մասին պայմանագրի կնքումը «Հայաստանում և Ղարաբաղում վստահության հիմք կհանդիսանա և հնարավորություն կտա մարդկանց հասկանալ, որ Ադրբեջանը կանգնած է հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերի վրա»: Ինչպես հայտնի է` ադրբեջանական կողմը մերժել էր ՀՀ նախագահի այդ առաջարկը, պնդելով, որ նախ անհրաժեշտ է հայկական զինված ուժերը դուրս բերել գրավված շրջաններից, ինչն ինքնըստինքյան կվերացնի ուժի կիրառման անհրաժեշտությունը: Որ Բաքուն մերժելու էր այս առաջարկությունը, ակնհայտ էր ի սկզբանե:  Կորցրածը ռազմական ճանապարհով հետ բերելու մասին Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով չդադարեց հայտարարել անգամ 2008թ. նոյեմբերին ստորագրված մայենդորֆյան հռչակագրից հետո, որտեղ ուղղակիորեն է ամրագրված հակամարտության  քաղաքական կարգավորման և ուժի չկիրառման մասին գաղափարը: Սակայն տվյալ դեպքում խնդիրը  բոլորովին էլ սա չէ: Խոսելով այդ առաջարկը Բաքվին ներկայացնելու շարժառիթների մասին` ՀՀ նախագահը մատնանշում է միայն ԼՂ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Տարօրինակ կերպով որևէ խոսք չկա ո°չ ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման, ո°չ էլ Հայաստանի հետ ԼՂ-ի անմիջական կապի ապահովման մասին:  Մինչդեռ անգամ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ էր Սերժ Սարգսյանը հավաստիացնում, որ այս հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է այդ երեք պարտադիր սկզբունքների առկայությամբ: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը զիջման է գնացել անգամ այս սկզբունքային հարցում: Ուժի չկիրառման պայմանագրի ստորագրման հնարավոր ազդեցության մասին նախագահի եզրահանգումներից կարելի է հետևություն անել, որ խոսքը վերաբերում է ոչ թե երկկողմանի վստահության մթնոլորտի հաստատմանը, այլ ադրբեջանի «ազնիվ» նպատակները միայն Հայաստանի և Ղարաբաղի մարդկանց ավելի համոզիչ ներկայացնելուն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել այդ պայմանագիրը, որպեսզի ոչ միայն ԼՂ-ն Ադրբեջանի կազմում դիտարկելը, այլև վերջինիս կողմից ղարաբաղցիների նկատմամբ հանդուրժողականությունն ընկալելի դառնան հայերիս համար: Չի կարելի բացառել, իհարկե, որ նման հայտարարություններն արվում են մանիպուլյացիոն նկատառումներով: Եվ Հայաստանը, փորձելով հակադարձել Մադրիդյան նորացված սկզբունքներն ընդունելու մասին Ադրբեջանի իսկապես հետաքրքիր քայլին, ձգտում է գնդակը կրկին տեղափոխել վերջինիս կիսադաշտ: Դա կարող է նաև ադբեջանական կողմին մերկացնելու նպատակ ունենալ` ցույց տալու համար, որ չնայած Բաքուն հայտարարում է այդ սկզբունքներն ընդունելու մասին, սակայն անկեղծ չէ, որովհետև հետևողկանորեն հրաժարվում է ղարաբաղցիների անվտանգությունը երաշախվորելու պարտավորություն ստանձնել: Դրա մասին կարող է վկայել Սերժ Սարգսյանի` Associated Press-ին հայտնած հետևյալ միտքը. «Ուժի չկիրառման մասին պայմանագիր կնքելու մեր առաջարկը մերժելով` Ադրբեջանը, փաստորեն, մերժեց միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից մեկը»: Սակայն չնայած հետապնդած նպատակին, որքանո՞վ էր ճիշտ մտածված և արդյունավետ  պայմանագիր ստորագրելու առաջարկի հետ կապված այս քայլը: Եթե խնդրին ավելի խորքային ենք մոտենում, այն նույնիսկ հարվածեց հայկական կողմի դիրքերին: Նախ` ստացվում է այնպես, որ Հայաստանն Ադրբեջանին խնդրում է պատերազմ չսկսելու պայմանագիր կնքել: Արտաքին աշխարհում սա ընկալվում է որպես նահանջողական մարտավարություն: Երկրորդ` դա առնվանզ նշանակում է, որ հայկական կողմի դիրքերը չափազանց թուլացել են բանակցային գործընթացում: Նման իրավիճակ կարող էր ստեղծվել միայն մեկ դեպքում, երբ միջնորդ երկրների դիրքորոշումները համընկել են իրար, և դրանք չեն բխում Հայաստանի շահերից: Այսինքն` երբ Երևանն ստիպված է դիմակայել ոչ միայն Բաքվի, այլև Վաշինգտոնի, Մոսկվայի և Բրյուսելի համատեղ ճնշումներին: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անցած շաբաթ հայտարարեց, թե Հարավային Կովկասում հիմա իրենց ողջ ուշադրությունը սևեռված է ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա: Այսինքն` արևմուտքի համար նույնիսկ խիստ կարևոր համարվող հայ-թուրքական հաշտեցման գործընթացը սկսել է պայմանավորվել ղարաբաղյան կարգավորման պրոցեսով: Եվ այս հարցում միջնորդներն ակնհայտ շտապողականություն են դրսևորում: Եվ փորձելով ճեղքել այս շղթան` հայկական կողմը խայծը կուլ տված ձկնիկի նման ինտենսիվորեն փորձում է իրավճակից դուրս գալուն ուղղված այլընտրանքային առաջարկներ ներկայացնել, շեղել բանակցությունների` իր համար աննպաստ ընթացքը և կասեցնել մադրիդյան պրոցեսը: Դա անելու համար Հայաստանն ընտրել է մադրիդյան  պրոցեսի երեք հանգուցային սկզբունքների ընդհանրությունը խարխլելու ճանապարհը, որոնց համատեղման տակ արդեն ստորագրել էր 2008-ին` Մայենդորֆում: Ուժի չկիրառման պայմանագիր ստորագրելու ՀՀ նախագահի առաջարկը կարելի է ընկալել այս համատեքստում: Սերժ Սարգսյանը ձգտում է այս սկզբունքների հեգեմոնություն տալ այս դաշտում հասնել որոշակի արդյունքի, որպեսզի խաղաղ կարգավորման երաշխիքներ ունենալու պարագայում ավելի կոշտացնի դիրորոշումը թե ԼՂ–ի կարգավիճակն այս փուլում հստակեցնելու, թե բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցությունը պատադիր պայման դարձնելու համար: Դրա դիմաց Հայաստանն անգամ հստակ զիջում է առաջարկում` պատրաստակամություն հանձնելու ԼՂ-ին հարակից և նրա անվտանգության գոտին կազմող բոլոր շրջանները: Սիրիայում նախագահ Սարգսյանն ուղղակի հայտարարեց. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում»  հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»: Սերժ Սարգսյանն, իհարկե, առաջին անգամը չէ, որ բացեիբաց խոսում է դրա մասին: Սակայն մադրիդյան սկզբունքների նորացման ֆոնին այս դիրքորոշումն առանձնահատուկ «հմայք»  ու իմաստ է ձեռք բերում: Սակայն ուշադրություն դարձնենք, որ նախ` նախագահը չբացատրեց, թե ի՞նչ նկատի ունի «ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն» ասվածի տակ և արդյո՞ք դա ենթադրում է, օրինակ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տալու հնարավորությունը: Երկրորդ` նա խոսում է Հայաստանը և ԼՂ-ն կապող միջանցք ունանալու անհրաժետշության մասին` առանց նշելու` խոսքը վերաբերում է միայն ընդհանուր ճանապա՞րհ, այդ ճանապարհի անվտանգությունը երաշխավորող ավելի լայն գոտի՞, թե՞ ընդհանուր սահման ունենալուն, որն ընկած է նրա նախընտրական խոստումների հիմքում: Եվ երրորդ` ակնարկելով, որ «փոխզիջում» հասկացության առանցքային գաղափարը փոխադարձությունն է` Սերժ Սարգսյանը չի մասնավորեցնում, թե ի՞նչ փոխադարձ զիջումներ է ակնկալում Ադրբեջանից: Բաքուն, սակայն, մերժելով Սերժ Սարգսյանի առաջարկը, հստակ ցույց տվեց, որ ամեն ինչ շատ լավ հասկանում է, որ հայկական կողմը շատ պրիմիտիվ մանևրներ է իրականացնում և որ շարունակվելու է այն խաղը, որը սկսել է հայկական նախաձեռնողական արտաքին քաղաքականության և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի անմիջական արդյունքում: Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուհովը ի պատասխան Հայաստանի առաջարկի, օրերս նշել էր. «Հայաստանի նախագահը ուժի չկիրառման մասին պայմանագիր կնքելու առաջարկություն անելով լռում է այդ ձևակերպման առաջին մասի հետ կապված, որը հարմոնիկ կերպով ներառնված է Մադրիդյան նորացված սկզբունքներում, այսինքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման»: Իհարկե, Փոլուխովը չի հիշատակում այդ նույն սկզբունքներում նույքան հարմոնիկ կերպով ներառնված ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին: Սակայն ի տարբերություն Հայաստանի` Բաքուն գոնե չի թաքցնում, թե ի՞նչ է ակնկալում և ինչի է միանշանակ ձգտում ընթացող բանակցությունների շրջանակներում: Մադրիդյան պրոցեսը շեղելու համար Հայաստանը, փաստորեն, շատ, շատ բարձր գին է առաջարկում: Սակայն ողջ աբսուրդն այն է, որ այդ գինը հիմա բարձր է միայն մեզ համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter