HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Իշխանափոխությու՞ն թե՞ «իշխանատիրափոխություն» կամ ինչու է ակտիվանում Ռ. Քոչարյանը

«Մեդիամաքս» գործակալությանը տված հարցարույցի միջոցով գործող կառավարությանն ուղղված Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը հասարակական-քաղաքական շրջանակների կողմից անմիջապես ընկալվեց ու մատուցվեց որպես մեծ քաղաքականություն վերադառնալուն և իշխանությունը վերադարձնելուն ուղղված նրա կողմից արված ցուցադրական քայլ: Մինչ այդ տեղի ունեցած Գագիկ Ծառուկյան-ՀՀԿ քաղաքական վիճաբանությունը, ապա նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտնի հարցազրույցը նախատրամադրող նշանակություն ունեին, որոնց ֆոնին Քոչարյանի հավակնություններն ավելի առարկայական ու համոզիչ երևացին: Սակայն արդյո՞ք հիմա բավարար նախադրյալներ կան Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար, և ընդհանրապես նախկին նախագահի ինչի՞ն է պետք կրկին իշխանության ղեկի ստանձնումը: Երբ հետևում ենք «մեծ վերադարձի» մասին քննարկումներին ու պնդումներին, ապա ակնհայտ է դառնում, որ դրանցում բացակայում է ամենակարևոր բաղադրիչը` մոտիվացիան: Ոչ ոք չի բացատրում, թե, իսկապես, ինչու՞ պետք է Քոչարյանը որոշի կրկին վերադառնալ, ի՞նչ է դա տալու նրան և նրա թիմին, ի՞նչ չունի այսօր Քոչարյանը, որ ձգտում է ձեռք բերել նորից վերադառնալու արդյունքում:
Մասնավոր մոտիվներ
Զուտ անձնական նկատառումներից ելնելով` Քոչարյանը վերադառնալու որևէ խնդիր չունի: Իր իշխանության տարիներին նա բավականաչափ նյութական միջոցներ և կապիտալ է կարողացել ետ «գցել», որպեսզի իր ընտանիքի և շրջապատի ապագան առավել քան բարեկեցիկ կարողանա անցկացնել: Նման խնդիր Քոչարյանը կարող է ունենալ միայն հոգեբանական պահանջմունքների առումով` հաշվի առնելով նրա բնավորության առանձնահատկությունները և այն փաստը, որ կարողանում է լիարժեք ինքնադրսևորվել միայն հրապարակային քաղաքական գործունեության, ինչպես նաև վարչական լծակների նկատմամբ կատարյալ վերահսություն ունենալու միջավայրում: Սակայն ներկա իրավիճակը ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ հասարակական ըմբռնման տեսանկյունից բացարձակապես նպաստավոր չէ այդ պահանջմունքները բավարարելու համար, և լինելով պրագմատիկ գործիչ` Քոչարյանը չի կարող հաշվի չառնել այս փաստը:
Հասարակական պահանջարկը
Հասարակական ընկալման իմաստով ևս նախկին նախագահի վերադարձը հասկանալի չէ: Քոչարյանի և նրա կառավարման մեթոդների նկատմամբ հասարակական պահանջարկ բացարձակապես չկա: Իր վերջին հարցազրույցի ընթացքում Քոչարյանը փորձում էր նոստալգիկ տրամադրություններ ստեղծել` խոսելով իր պաշտոնավարման տարիներին տնտեսության արձանագրած տպավորիչ աճի մասին: Սակայն նախորդ տարվա խորը ճգնաժամն ակնհայտ դարձերց, որ տնտեսության փլուզումը տեղի ունեցավ հենց այդ տարիներին փչված փուչիկի պայթելու արդյունքում: Այդ ամենը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում, դեռևս թարմ են տպավորություններն ու հիշողությունները, և այսօր իր տարրական սոցիալ-կենցաղային, օրեցօր վատթարացող պայմանների համար հանրությունը Ռ. Քոչարյանին պակաս չափով չի մեղադրում, քան գործող իշխանություններին: Սակայն սա դեռ հարցի միայն մեկ կողմն է: Մարտի 1-ի իրադարձությունները տեղի են ունեցել ընդամենը երկու տարի առաջ, և դրանից հետո առ այսօր երկիրը չի կարողանում դուրս գալ հասարակական-քաղաքական խորագույն ճգնաժամից: Հետևաբար վերադառնալու համար, եթե իհարկե նա նման ցանկություն ունի, նախկին նախագահը չի կարող ապավինել հասարակական օժանդակությանը:
Ովքե՞ր և ինչու՞
Գործնականում Քոչարյանի վերադարձը կարող է հնարավոր լինել միայն քաղաքական նպատակահարմարության պայմաններում: Ռոբերտ Քոչարյանն իր հաջորդին թողեց բավականին կուռ, մոնոլիտ, բրգաձև իշխանություն: Թերևս միայն այս իրողությունը Սերժ Սարգսյանին հնարավորություն տվեց 2008թ. մարտյան դեպքերից հետո պահպանել իշխանությունը և պետական ողջ համակարգը ծառայեցնել քաղաքական ճգնաժամի դիմակայմանը: Իշխանության հատկապես այդպիսի կառուցվածքն ու էություն թողնելը բխում էր նաև Ռ. Քոչարյանի շահերից, քանի որ միայն այդպիսի իշխանությունն էր երաշխավորելու թե նրա անվտանգությունը, թե խոշոր բիզնեսի վրա ունեցած նրա ստվերային հսկայական ազդեցությունը: Սա այն գլխավոր հատման կետն է, որտեղ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերը համընկնում են: Եթե մոնոլիտ, օլիգարխահեն իշխանության պահպանումը չլիներ նաև Սերժ Սարգսյանի գերխնդիրը, ապա նրա պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում կառավարման մեքենան պետք է աստիճանաբար ձերբազատվեր քոչարյանական կադրերից: Որովհետև սա այն ռեսուրսն է, որն օգտագործելով ցանկացած նախկին նախագահը ոչ միայն անընդհատ կարող է ցնցումների մեջ պահել իշխանությունը, այլև նպաստավոր պահին իշխանափոխության հող նախապատրաստել: Սերժ Սարգսյանը, սակայն, ունենալով այս ռիսկը, չգնաց կադրային զտումների: Ընդհակառակը` Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարվա ընթացքում օլիգարխիան գրեթե ամբողջապես հանրապետականացվեց, այսինքն դրվեց Սերժ Սարգսյանի տրամադրության տակ, որպեսզի նրանք փոխադարձաբար սպասարկեն միմյանց շահերը և պաշտպանեն ու երաշխավորեն միմյանց անվտանգությունը: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանի իշխանությունը նույն քոչարյանական իշխանությունն է: Տարբեր են միայն մարտավարական առաջնահերթությունները և կառավարման մեթոդները: Դրանց միջև բովանդակային որևէ տարբերություն չկա: Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, ըստ այդմ, կարող է ձեռնտու լինել այս կողմերից որևէ մեկին. կամ օլիգարխներին և պետական կառավարման ոլորտում քոչարյանական շրջանակներին միասին վերցրած, կամ Սերժ Սարգսյանին: Առաջիններին դա պետք կլինել միայն մեկ դեպքում. եթե ի դեմս Սերժ Սարգսյանի` այլևս չտեսնեն այդ հենարանին և նրան թույլ համարեն երկրի առջև ծառացած խնդիրները կարգավորելու, սեփական դիրքերը պահպանելու և որ կենսական շահերից է բխում` իրենց անկաշկանդ գործունեությունը պաշտպանելու հարցում: Քոչարյանական կադրերի պարագայում կարող է լուրջ ազդակ լինել նաև Սերժ Սարգսյանի կողմից վարչական լծակները կորցնելու վտանգի զգացողությունը: Այսինքն` երբ նրանք տեսնեն, որ իշխանության մոնոլիտ այն կառուցվածքը, որն իբրև նվեր ստացել է Սերժ Սարգսյանը, ճաքեր է տալիս և կարող է հեշտությամբ փախչել իրենց ոտքերի տալից: Սերժ Սարգսյանին Քոչարյանի վերադարձը անհրաժեշտ կլինի միայն մեկ դեպքում, եթե իր հրաժարականի հեռանկարը լինի անխուսափելի: Դա իր մեջ ենթադրում է թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման անպաստ զարգացումները կանխարգելելու անկարողությունը և դրա նկատմամբ հասարակական հնարավոր ընդվզումը, թե տնտեսության կառավարումը կորցնելու ու խորացող ճգնաժամը կասեցնելու անկարողությունը, թե իշխանական բուրգի փլուզման սպառնալիքը կամ այդ ամենը միասին վերցրած: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ստեղծված վիճակը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի վարչակազմը լրջագույն մարտահրավերների ու ճնշումների առջև է հայտնվել: Միակողմանի զիջումների գնալու հնարավորությունն այլևս ֆանտաստիկա չէ: Սակայն ստեղծված իրավիճակի հիմքը դրեց Ռոբերտ Քոչարյանը` 2007թ. ընդունելով միջնորդների ներկայացրած Մադրիդյան սկզբունքները: Սերժ Սարգսյանը, պարզապես ելնելով արտաքին աշխարհում լեգիտիմություն գտնելու անհրաժեշտությունից, ինչպես նաև նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու իրողություններից, ստիպված եղավ տեղի տալ ճնշումներին: Այսինքն այն, ինչ սկսել էր Քոչարյանը 2007-ին, նոր իրողությունների ազդեցությամբ ստիպված ավարտին է հասցնում Սերժ Սարգսյանը: Եվ սա այն հարցն է, որտեղ Ռոբերտ Քոչարյանը, առավել քան որևէ մեկը, չի կարող մեղադրել Սերժ Սարգսյանին: Այս ենթահողի վրա քաղաքական ամիբիցիաներ առաջ մղելը Քոչարյանի և նրա թիմի համար կլիներ անտեղի ու անիմաստ: Պատահական չէ, որ ղարաբաղյան հարցում պարտվողականություն որդեգրելու մեջ նախագահին մեղադրում է ոչ թե անձամբ Քոչարյանը, այլ միայն նախկին արտգործնախարարը: Իսկ ինքը` նախկին նախագահը, Սերժ Սարգսյանին անցյալ տարի մեղադրեց հենց հատկապես Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականություն սկսելու մեջ, որում իր մեղքը հաստատապես չկար:
Խորտակվող նավի ուրվականը
Սա իրապես այն հարցն է, որ ներկայիս իշխանությանը կարող է կանգնեցնել երկընտրանքի առջև. գործընթացները կարող են կամ հանգեցնել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին, կամ Հայաստանը պետք է պնդի բանակցություններում ԼՂՀ-ի պարտադիր ներգրավման հարցում, ինչը գործնականում նշանակելու է,որ իշխանությունը պատրաստ է գնալու նույնիսկ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսմանը, եթե իհարկե, այդ հարցում միջազգային հանրությունը լինի համակարծիք և եթե անսպասելի աշխարհաքաղաքական նոր իրողություններ, գերտերությունների շահերի բախմանը հանգեցնող նոր գործոններ ի հայտ չգան: Պատերազմական գործողությունները, իհարկե, անկախ դրանց ելքից, զգալիորեն կվնասեն օլիգարխիայի բիզնես շահերին և կնվազեցնեն շահույթները: Սակայն ԼՂ հացրում համազգային հնարավոր կոնսոլիդացիայի շղարշի տակ և Կառավարության ներկայիս քաղաքականության շարունակման պարագայում դրանք կպահպանեն իրենց հեգեմոնիան: Մինչդեռ մյուս` Սերժ Սարգսյանի անակնկալ, արագ հրաժարականի տարբերակը, միայն նրան չէ, որ տանելու է կործանման: Դա նաև Ռոբերտ Քոչարյանին վերջնականապես կվերածի «քաղաքական դիակի» և իրապես ամենաերիտասարդ թոշակառուի` բառի ամենաուղիղ իմաստով: Դա պայմանավորված կլինի իրական քաղաքական այլընտրանքի գոյությամբ` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, որը, ունենալով կուռ կառուցվածքային, նպատակային, ռազմավարական առաջնահերթությունների համակարգ, ցանկացած պահի կարող է իր վրա վերցնել պետության կառավարման դե յուրե և դե ֆակտո պատասխանատվությունը: Ընդդիմության մի տեսակ, որը, Քոչարյանը չունեցավ իր պաշտոնավորման ողջ 9-ը տարվա ընթացքում: Այս ուժից եկով վտանգը ռեալ է հավասարապես թե Սերժ Սարգսյանի և թե Ռոբերտ Քոչարյանի համար, և նրանք նույնչափ շահագրգռված են, որպեսզի երկրում չստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունը կորցնելու և այն մեխանիկորեն ՀԱԿ-ին հանձնելու խնդիր առաջանա: Նաև այս հարցում է, փաստորեն, որ նախկին ու ներկա նախագահների շահերը համընկնում են: Ըստ այդմ` ներկայում Ռ. Քոչարյանի ակտիվացման ակնհայտ դրսևորումները պետք է դիտարկել ոչ թե նրանց միջև առկա ինչ-որ հակասություններով, որոնց պատճառները ևս որևէ մեկը չի հիմնավորում, այլ ստեղծված իրավիճակը երկուսի համար էլ ցանկալի տարբերակով փրկելու` իրենց համար կենսական անհրաժեշտությամբ: Քոչարյանի վերադարձի մասին ակնարկները, քարոզչական ու PR ուղերձները ուղղված են երեք հիմնական նպատակի. 1. Հասարակության գիտակցությունը վարժեցնել Քոչարյանի հնարավոր վերադարձին` ստեղծելով ազգային հարցերում խիստ սկզբունքային, անզիջում դիրքորոշում ունեցող, երկրի տնտեսությունը թռիչքաձև զարգացնող, իշխանափոխության միակ իրական հնարավորություն ունեցող «հերոսի» կերպար 2. Երկրորդ` ՀԱԿ-ի կողքին ստեղծել այլընտրանքային ընդդիմություն` ի դեմս ՀՅԴ-ի, ազգայնական շրջանակների և հատկապես ԲՀԿ-ի, որոնք կրիտիկական պահին միավորվելով, կարող են նախագահական աթոռին վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին: 3. Քոչարյանի վերադարձն արտաքին աշխարհին մատուցել որպես ներկա իշխանության միակ այլընտրանքը: Վերջինը ավելի շատ մանիպուլյատիվ նշանակություն ունի. միջազգային հանրությանը ստիպել կողմնորոշվել 10 տարի շարունակ ԼՂ բանակցությունները ձգձգող և «փակ սահմանների ներքո 100 տարի էլ» զարգացող Քոեչարյանի և ավելի ճկուն, «նախաձեռնող» և արտաքին ազդակների նկատմամբ ավելի ընկալողունակ Սարգսյանի միջև: Այսպիսի երկընտրանքի պարագայում, բնական է, Սերժ Սարգսյանն ավելի նախընտրելի ֆիգուր է համարվում: Պարզ է որ տվյալ դեպքում լուծվում է նաև մեկ այլ խնդիր` ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ազդեցության, հնարավորությունների, պոտենցիալի արհեստական թերարժևորումն ու անտեսումը: Այլ կերպ ասած` Քոչարյանի ակտիվացումը պահեստային տարբերակ է, որպեսզի պարտադրված հրաժարականի դեպքում իշխանությունը նրան հանձնելու և այդպիսով դրա շարունակականությունն ապահովագրելու գերխնդիրը լուծվի: Իսկ երկու նախագահների միջև հակասությունների, ինչ-որ վեճերի մասին անաղբյուր լուրերը ուղղորդվում են կոնկրետ կենտրոնից, որոնց նպատակը իրական շարժառիթներից, մոտիվներից հանրության ուշադրության շեղումն է դեպի ինտրիգները, բամբասանքները: Սակայն պետք է նշել, որ այդքան էլ երաշխավորված չէ այս պլանի իրականացման հաջող արդյունքը: Դա կարող է պայմանավորված լինել Քոչարյանի հավակնությունների նկատմամբ արտաքին աշխարհի հնարավոր դիմադրողականությամբ, որ կապված չէ միայն մարտի 1-ի համար պատասխանատվության հետ: Շատ ավելի էական են տարածաշրջանային խնդիրների ու զարգացումների նկատմամբ Քոչարյանի կոնսերվատիվ քաղաքական հայացքները, որոնք կտրուկ կարող են նվազեցնել արագ փոփոխությունների հասնելու արևմուտքի շանսերը: Եթե նկատի ունենանք վերջին երկու տարվա ընթացքում մասնավորապես ԼՂ հարցում արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումների մերձեցման փաստը, ապա կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ պահին վերադարձնելու հնարավորությունը կարող է մերժել նաև Մոսկվան: Իսկ դա իրապես լրջորեն վտանգելու է սահուն «իշխանատիրափոխության» պրոյեկտը: Շատ բան, այս առումով պայմանավորված կլինի ՀԱԿ-ի ակտիվացումից ու հետագա գործնական քայլերից: Վերջինս արտաքին ուժային կենտրոնների համար բավականին լավ այլընտրանք է, որովհետև հայ-թուրքական հաշտեցման և ԼՂ կարգավորման հարցերում ՀԱԿ-ում տոն տվող ուլտրալիբերալ շրջանակները նույնչափ ընկալողունակ են, որքան Սերժ Սարգսյանը, հետևաբար և ավելի նախընտրելի են, քան Ռոբերտ Քոչարյանը: Պարզապես ՀԱԿ-ին մնում է մեծացնել իր «արտաքին պահանջարկը», իսկ դա հնարավոր չէ` առանց ներքին պահանջարկը մեծացնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter