HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Սյունեցի սպառողների շահերը պաշտպանող չկա

Սյունիքի մարզկենտրոնի խանութներում ու սրճարաններում վերջին օրերին հայտնվել է ժամկետանց «Կիլիկիա» գարեջուր։ Շշի պիտակի վրա գրված է. «Արտադրված է 2010 թ.-ի հունվարին կամ 2009թ.-ի դեկտեմբերին, պիտանիությունը 30 օր է»։ Ըստ վաճառողների՝ ապրանքը ստացել են ընդամենը 2 օր առաջ։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ են խանութների կամ սրճարանների տնօրենները ընդունում ժակետանց պիտակով ապրանքներ:

«Կիլիկիա» գարեջուրը Կապան ներմուծում են 3 կազմակերպություններ։ Դրանցից մեկն ընդունեց, որ իրենց կողմից է այդ խմբաքանակը առաքվել խանութներ։ Միաժամանակ, երբ նրանք կապնվեցին «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ` տեղեկացան, որ այդ խմբաքանակը ստերիլացված է, ու պիտանիությունը մեկ տարի է։ Բայց թե ինչու այդ մասին որևէ նշագրում չկա շշի կամ պիտակի վրա՝ դժվարացան ասել։ Փորձեցինք «Երևանի գարեջուր» ընկերությունից պարզել հանելուկը։ Մարկետինգի բաժնից ասացին, որ արտադրվում է 2 տեսակի գարեջուր՝ ստերիլացված ու ոչ ստերիլացված։ Բայց պարտադիր նշագրում արվում է թե՜ տեսակի, թե՜ պիտանիության ժամկետի մասին։ Երկուշաբթի պաշտոնապես գործարանը կտեղեկացնի, թե ինչպես է նման նշագրումով խմբաքանակ հայտնվել վաճառքում։ Իսկ այդ գարեջուրը ներկրած կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ նստվածք չկա, գույնը տեղն է և համը տհաճ չէ։ Ամեն դեպքում, ըստ մասնագետների, եղանակների հետ է կապված գույնի, համի փոփոխությունը. «Տաքանալուն պես կփոխվի, նստվածք կառաջանա, եթե իրականում դրանք ժամկետանց լինեն»,- «Հետքին» ասաց ներկրող մի այլ կազմակերպության առաքիչը, որը, բնականաբար, չցանկացավ անունը նշել: Հ.Գ. Ի դեպ, Սյունիքի մարզի խանութներում շատ են հանդիպում ժամկետանց ապրանքներ` սկսած շոկոլադներից մինչև աղի ձողիկներ: Որևէ կազմակերպություն այստեղ չկա, որ զբաղվի սպառողների շահերի պաշտպանությամբ: Իսկ սպառողը միշտ չէ որ ուշադիր է լինում ու հետևում է նշված ժամկետին: Իսկ երբ արդեն տանն են հայտնաբերում, որ սնունդը ժամկետնանց է, վաճառողները հետ չեն վերցնում ապրանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter