HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոլարի փոխարժեքը բարձրանում է, վարկառուները ստիպված են վճարել ավելի շատ

Վերջին օրերին նկատվող դոլարի փոխարժեքի տատանումների հետեւանքով բավականին բարդ իրավիճակում են հայտնվել այն անձինք, ովքեր դոլարով վարկ էին վերցրել: Հատկապես վարկ վերցրած մի շարք գյուղացիներ այսօր կանգնել են լուրջ խնդրի առաջ: «Հետքի» հետ զրույցում նրանք պատմում էին, որ վարկը վերցրել են այն ժամանակ, երբ մեկ դոլարն արժեր 309 դրամ, մինչդեռ ներկայումս դոլարը հասել է մոտ 410 դրամի, եւ իրենք ստիպված են այս փոխարժեքով վարկերը վերադարձնել: Թե ինչու՞ են բանկերը վարկերը տրամադրում դոլարով, եւ այս դեպքում ինչու՞ է պայմանագրից բացակայում այն կետը, որով վարկառուները վարկի գումարները կկարողանային վերադարձնել այն փոխարժեքով, որով վերցրել են, փորձեցինք ճշտել ԱԺ մի շարք պատգամավորներից: Վերջիններից փորձեցինք տեղեկանալ նաեւ, թե ի՞նչ են մտադիր անել այս խնդիրը լուծելու համար: ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ցանկացած գործարք իրականացվում է բացառապես դրամով: Իսկ փոփոխվող փոխարժեքի պարագայում ցանկացած վարկառու պետք է կարողանա գտնել համարժեքը` դրամական արտահայտությամբ, որը ցույց կտա, թե ինչ գործունեություն է իրականացնելու: Մեր պնդմանն ի պատասխան, որ վարկառուները գումարները ստիպված են վերադարձնել տվյալ պահին ամրագրված փոխարժեքով, պրն Բոստանջյանը պատասխանեց. «Ես կոմպետենտ չեմ պատասխանելու համար, թե կուրսի փոփոխության պատճառով նման վարկառուները ինչ կեցվածք կարող են ընդունել: Ես ինքս հիմա չեմ կարող ձեզ ասել` որոշակի միջոցառում այս ուղղությամբ իրականացվա՞ծ է, թե ոչ»: Անդրադառնալով այն հարցին, որ գործարքները միմիայն դրամով պետք է իրականացվեն, Վ. Բոստանջյանը նշեց, որ դոլարային վարկերը կարող են նաեւ չլինել գործարքներ: «Պարզապես կա տնտեսվարող սուբյեկտը, մասնավորապես` ներմուծողները, որոնք մեր երկրից դուրս պետք է ձեռք բերեն որոշակի ապրանքատեսակներ կամ ծառայություններ, եւ նրանք այնտեղ դրամով չեն այդ գործարքն իրականացնում: Այս պարագայում դա չի համարվում գործարք մեր երկրի ներսում, եւ նրանք կարող են նաեւ դոլարային վարկեր ստանալ»,- ասաց նա: Վ. Բոստանջյանը տեղեկացրեց նաեւ, որ Ազգային ժողովում իր եւ մի քանի պատգամավորների ստորագրությամբ շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով բյուջետային ծախսերի 0.5 տոկոսը (որը կազմում է մոտ 5 մլրդ դրամ) չափազանց փոքր տոկոսադրույքով տրվի փոքր եւ միջին բիզնեսի, ագրարային տնտեսությունների զարգացման համար: «Այս օրենսդրական նախաձեռնության ընդունվելուց հետո, եթե, օրինակ, ֆերմերները կամ փոքր եւ միջին բիզնես իրականացնողները ներկայացնում են իրենց գործունեության հիմնավորված ծրագիր, կարող են ստանալ նաեւ այսպիսի վարկեր: Դրանք ակնհայտորեն ավելի քիչ ծանրություն կստեղծեն վարկառուի համար»,- ասաց նա: ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Արծրունի Աղաջանյանին էլ այս խնդիրը շատ մտահոգեց: Նա նշեց, որ այս թեմայով անպատճառ քննարկում է պետք անցկացնել: Նրա խոսքով` եթե մարդիկ դոլարով են վարկը վերցրել, ապա պայմանագրի մեջ կետ պետք է ներառվեր, որպեսզի միեւնույն փոխարժեքով գումարները վերադարձնեին: «Դա տնտեսական պայմանագիր է` երկու տնտեսվարողների միջեւ կնքվող` բանկի եւ վարկ վերցնողի: Օրենքը թույլ է տալիս պայմանագիր կնքել տարբեր ձեւաչափով: Կոնկրետ տվյալ հարցի հետ կապված` այդ հարցը քննարկման անհրաժեշտություն ունի, բանակցություններ է պետք վարել»,- ասաց նա` նշելով, որ իրենք կփորձեն Ազգային ժողովի եւ բանկի հետ որոշակի աշխատանք տանել: «Դա անհրաժեշտ է, եթե նման խնդիր է առաջացել: Նրանք ճիշտ չեն արել, բոլոր դեպքերում պետք է դրամով ձեւակերպեին իրենց վարկը: Հայաստանում ենք ապրում, իսկ Հայաստանում պետք է դրամով ձեւակերպել: Դոլարի դեպքում էլ պետք էր կետ ներառել` նույն փոխարժեքով վերադարձնելու հետ կապված»,- ասաց Ա. Աղաջանյանը: Նա նշեց, որ քանի որ վարկառուներն այդքան ծանր վիճակում են, բնականաբար, անհրաժեշտ է անդրադառնալ այդ հարցին ու տեսնել, թե ինչ լուծում կարելի է առաջարկել: Արծրունի Աղաջանյանը վարկ վերցրած գյուղացիներին առաջարկեց գրությամբ դիմել Ազգային ժողով` ՕԵԿ խմբակցությանը, որպեսզի իրենք խոսեն նրանց հետ, ծանոթանան խնդրի մանրամասներին: Ազգային ժողովի ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանն էլ «Հետքին» ասաց, որ այս խնդրին լավ ծանոթ է, քանի որ մարզերում ունեցած հանդիպումների ժամանակ բազմիցս լսել է դժգոհություններ բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ: «Կենտրոնական բանկը միշտ հորդորում է բոլորին գործարքներ կատարել ազգային դրամով, կոչ է անում վստահել ազգային դրամին, սակայն միեւնույն ժամանակ ոչինչ չի ձեռնարկում` այդ խնդիրը կարգավորելու համար»: Ա. Նռանյանի խոսքով` ոչ միայն գյուղացիները, այլեւ ընդհանրապես այն մարդիկ, ովքեր ցանկանում են վարկային միջոցներ ձեռք բերել, ունենում են միեւնույն խնդիրը. վարկային կազմակերպությունները վարկերը չեն տրամադրում ազգային դրամով եւ դրանով իսկ ծանր վիճակի մեջ են գցում վարկ վերցնող քաղաքացիներին, որովհետեւ տատանումների դեպքում նրանք ստիպված են լինում վճարել ոչ միայն այն վարկային տոկոսը, որը պարտավորվել են, այլ նաեւ փոխարժեքի տարբերությունը: «Այս հարցը ժամանակին նաեւ բարձրացվել էր Ազգային ժողովում, սակայն Կառավարության ներկայացուցիչը, եթե չեմ սխալվում` ֆինանսների նախարարը, ասաց, որ նման խնդիր չկա, ընդհակառակը, մեծացել է վարկային միջոցների տրամադրման քանակը` հատկապես դրամով: Սակայն իրական կյանքը բոլորովին այլ պատկեր է ցույց տալիս, եւ սրանով իսկ կարելի է ասել, որ հենց բանկային համակարգը եւ Կենտրոնական բանկը, նման քայլեր ձեռնարկելով, իրենք են բացասական պատկեր ձեւավորում»,- ասաց Ա. Նռանյանը: Թեեւ շատ հաճախ Կենտրոնական բանկի ղեկավարությունը եւ Կառավարությունը, Ա. Նռանյանի խոսքով, քննադատում են քաղաքական գործիչներին, թե նրանք իրենց հայտարարություններով բացասական սպասումներ են առաջացնում քաղաքացիների մոտ, սակայն իրականում հենց իրենց քաղաքականությունն է առաջացնում այդ բացասական սպասումները: «Քաղաքացին գնում եւ ցանկանում է վարկը վերցնել դրամով, ու իրեն մերժում են, ասում են` պարտադիր պետք է վերցնես դոլարով ու վճարես դոլարով: Դա քաղաքացու մոտ անվստահություն է առաջացնում ազգային դրամի նկատմամբ: Այս խնդիրը բավական լուրջ է, եւ դրանով պետք է զբաղվի Կենտրոնական բանկը: Բայց, ցավոք սրտի, իրենք տնտեսական շահը ստորադասում են տնտեսության մասը կազմող բանկային եւ վարկային կազմակերպությունների շահին»,- ասում է Ա. Նռանյանը: Պատգամավորը նշում է, որ խնդիրը բավականին լուրջ է, եւ վարկերը ծանր բեռ են դարձել մարդկանց համար: Իսկ խնդիրը պետք է Կենտրոնական բանկը կարգավորի: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ ինքը պարզել է, որ «Ակբա- Կրեդիտ Ագրիկոլ բանկը» վարկեր է տալիս 24 տոկոսով` Աշոցքից մի խումբ գյուղացիներից նման բողոք է եկել: Պրն Բագրատյանի կարծիքով` դա գալիս է Կենտրոնական բանկի բարձր ռեզերվային պահանջներից: Նա նշեց, որ ընդհանրապես, փոքր վարկերը փոքր ռիսկային են, բայց «Կենտրոնական բանկը դրանց նկատմամբ ռեզերվային նորմերը դնում է նույն մակարդակին, ինչ կդներ, ենթադրենք, ավելի լայն բիզնեսի վրա»: «Դա գալիս է նրանից, որ վերջին 12 տարում չի եղել այնպիսի մարդ, որ տնտեսությունը լավ պատկերացնի եւ ինչ-որ նպատակաուղղված ծրագիր անի: Պատեհապաշտ կառավարում է գնում այնտեղ, փողը թանկացնում են, որպեսզի հանկարծ այն չշատանա շրջանառությունում, ինֆլյացիա չլինի: Իրենք ինֆլյացիայի դեմ պայքարում են միջնադարյան մեթոդներով»: Նրա խոսքով` բոլորովին մոռացվել է այն հանգամանքը, որ դա փոխօգնության, գյուղատնտեսության վարկ է: Հ. Բագրատյանը միանգամայն վստահ է, որ ԱՊՀ երկրները պետք է անցնեն մասնագիտացված վարկերին, ինչը նշանակում է, որ տարբեր նախագծերին տարբեր տոկոսներ են տրվում: «Դա վտանգավոր է ռիսկերի առումով, բայց միակ ձեւն է, որպեսզի բանկային համակարգը մասնակցի տնտեսությանը»,- ասաց Հ. Բագրատյանը: Հ. Բագրատյանը ցույց է տալիս ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը: Նրա կարծիքով` այս վարկերի նկատմամբ պետք է «ռեստրուկտուրիզացիայի պահանջ դնել»: Այսինքն` պետք է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին թույլ տալ վերավարկավորում իրականացնել որոշակի ծավալներով: «Այդ վերավարկավորման հետ կապված տոկոսային վնաս է առաջանում, պետությունը այդ տոկոսային վնասը պետք է կիսի կամ հետաձգի, որպեսզի գյուղացին հետո վճարի: Չնայած` 24 կամ 18 տոկոսանոց վարկը հետաձգելու դեպքում նա հետո էլ չի վճարելու: Ի վերջո, վաղը պետական բյուջեն մի քիչ պետք է տուժի: Այսինքն` տուժի այնքանով, որ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» կողմից, բնականաբար, կպակասեն հարկերը պետական բյուջե` այս վարկերի հաշվին: Ես այս պահին նրանց օգնելու այլ տարբերակ չեմ տեսնում»,- ասում է Հ. Բագրատյանը: Նախկին վարչապետի կարծիքով` բանկերի կողմից դոլարով պայմանագիր կնքելը օրենքի խախտում է: «Մի կողմից մենք լսում ենք, որ դոլարով գործարք անել չի կարելի, բայց իրականում սուտ է սա, օլիգարխներին թույլատրվում է: Իրենց կարելի է, եւ դա խփում է դոլարի կուրսին: Սա հակասում է Սահմանադրությանը, որը խոսում է բոլորի իրավահավասարության մասին: Սրանք կոպիտ խախտումներ են»,- ասում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter