HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հանրապետության միակ մեքենաշինական գործարանը փակման եզրին է

Գյումրիի նախկին «Ստրոմաշինա», 2002 թ. սեփականաշնորհումից հետո` «Քարհատ մեքենա» փակ բաժնետիրական ընկերությունը փակման եզրին է: Ձեռնարկության գործառույթն այս տարիներին փոփոխության չի ենթարկվել: «Մենք մշտապես զբաղվել ենք քար մշակող սարքավորումների արտադրանքով: Խորհրդային տարիներին գործարանում 825 մարդ է աշխատել, բայց հիմա չենք կարողանում 55 աշխատողի խնդիր լուծել»,- ներկայացնում է «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի փոխտնօրեն Դավիթ Ղազանչյանը: Ութ տարի առաջ «Միջազգային բիզնես-կենտրոն» ՓԲԸ-ն սեփականաշնորհեց ձեռնարկությունը եւ կատարած ներդրումներով փորձեց վերականգնել գործարանի արտադրական ծավալները: Մինչեւ 2008 թ. ձեռնարկությունը խնդիրներ չի ունեցել: Արտադրանքն արտահանվել է Ղազախստան, Թուրքմենստան, Ուկրաինա, որոշ չափով` Ռուսաստան: «Մեր հիմնական պատվիրատուները Ղազախստանն ու Թուրքմենստանն էին, մեր արտադրանքի 98 տոկոսն էս երկրներն են գնում, բայց քանի որ ԱՊՀ երկրներից ամենաշուտը Ղազախստանին հասավ ճգնաժամը, այսինքն` 2007 թ., բնականաբար, որպես արտադրող մենք դրա հետեւանքներն ամիջապես զգացինք մեր մաշկի վրա արդեն 2008 թ. հունիսին: Այնպես որ, 2009 թ. համաշխարհային ճգնաժամը որ եկավ, մենք արդեն ճգնաժամի մեջ էինք»,- բացատրում է ձեռնարկության փոխտնօրենը: Եթե մինչեւ ապրիլի 22-ը պատվիրատուներ չգտնվեն, վերջին մեկ-երկու տարիներին վնասով աշխատող գործարանը կլուծարվի: Այդ մասին գործարանի աշխատողներին արդեն զգուշացվել է: 55 աշխատողից 40-ը կկրճատվեն, կմնան տնօրենը, հաշվապահն ու անվտանգության աշխատակիցները, աշխատանքից ազատման զգուշացման թերթիկ է ստացել նաեւ փոխտնօրեն Դավիթ Ղազանչյանը: «Էս պահին 11 քար կտրող մեքենա ունենք պատրաստ, 3 հատի կանխավճարը Ղազախստանից ստացել ենք, բայց արդեն տարի ու կես է, որ մեր պատվիրատուները չեն կարողանում վճարել մնացած գումարը, որ իրենց մեքենաները տանեն,- ասում է փոխտնօրենը,- նախորդ տարի 100 մլն դրամի չափով օգնություն ենք ստացել «Միջազգային բիզնես-կենտրոն»-ից, այս տարի դրամական աջակցություն չի եղել»: «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ն պետական աջակցության ծրագրերից չի օգտվել: Փոխտնօրենի փոխանցմամբ` դրա կարիքը չեն զգացել, քանի որ ունեցել են մշտական պատվիրատուներ, հարկ եղած դեպքում աջակցել է «Միջազգային բիզնես-կենտրոնը»: Հիմա բավական լարված վիճակ է ստեղծվել, կրճատումները կհանգեցնեն նրան, որ եւս 40 ընտանիք, 200-ից ավել մարդ կհայտնվի սոցիալական ծայրահեղ պայմաններում: «Առանց այդ էլ էս մարզը աղքատության ամենաբարձր ցուցանիշն ունի, մեզի էլ կրճատեն, գնանք մյուսների նման պարապների շարքերը համալրենք,-դժգոհում է գործարանի անվտանգության ինժեներ Ռոբերտ Մանուկյանը,- 5 անձ եմ պահում, տնակում ենք ապրում, տան միակ աշխատողն եմ, տղաս 2-րդ կարգի հաշմանդամ է, մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: 44 տարի է կաշխատիմ ես նույն գործարանում, բայց գիտեք, էլի, ճգնաժամն ըդպես բաներ հաշվի չի առնի: Դե, պետությունն էլ լրիվ անտարբեր է, 40 գործազուրկ էս կողմ, 40 գործազուրկ էն կողմ` իրա համար հեչ տարբերություն չկա»: Գործարանն այս տարվա հունվար-փետրվարին 8 մլն դրամի արտադրանք է տվել, սակայն այդ գումարը ձեռնարկության ծախսերը չի փակում: «Մենք յուրաքանչյուր ամիս 7-8 մլն դրամ ենք ծախսում, առանց աշխատելու,- ասում է Դավիթ Ղազանչյանը,- եւ պիտի ասեմ, որ այն, ինչ մենք արտադրում ենք, բոլորովին էլ իր որակով չի զիջում Հայաստան ներկրվող քարհատ մեքենաներին: Այսօրվա դրությամբ հանրապետությունը, ունենալով մեր գործարանի պես գործարան, թույլ է տալիս, որպեսզի նմանատիպ մեքենաներ ներկրվեն Չինաստանից, Իտալիայից: Ես ցավում եմ, բայց պիտի իմ սուբյեկտիվ կարծիքն արտահայտեմ. մեր` արտադրողներիս շահերն էս երկրում պաշտպանված չեն: Ես որքան տեղյակ եմ, ուրիշ երկրներում Կառավարությունը ներկրողներից պահանջում է ներկրել էն ապրանքը, որն իր երկիրը չի արտադրում: Մեզ մոտ հակառակն է»: 2007 թ. Գյումրիի «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ն տվել է 883 մլն դրամի արտադրանք, ունեցել է 114 աշխատող, միջինը 100-ից 110 հազար դրամ աշխատավարձով: 2008 թ. արտադրանքի ծավալներն իջել են, տվել են 525 մլն դրամի արտադրանք, ունեցել 115 աշխատող, միջինը 126 հազար դրամ աշխատավարձով: «Իսկ ահա 2009 թ. պատկերն ավելի տխուր էր. 26 մլն դրամի արտադրանք ենք տվել` միաժամանակ ծախսելով 131 մլն դրամ, 68 աշխատող ենք ունեցել, տվել ենք 69 մլն դրամի աշխատավարձ,- փաստում է գործարանի փոխտնօրենը,- վնասի փոխհատուցումը, 100 մլն դրամը փակել է «Միջազգային բիզնես-կենտրոն»-ը, քանի որ 105 մլն դրամ վնաս էինք կրել: Հիմա էլ 40 աշխատակցի կրճատման հարց է դրված»: Գործարանի հաշվապահ Ռոզա Մուրադյանը 40 տարի անընդմեջ այս ձեռնարկությունում է աշխատել ու թեեւ իրեն աշխատանքից ազատում չի սպառնում, այնուամենայնիվ, չի կարողանում պատկերացնել, թե օրերից մի օր ծանոթ ու հարազատ աստիճաններով այլեւս իր աշխատասենյակ չի բարձրանալու: «18 տարեկանից էս գործարանում եմ աշխատել: Ամուսնացա, ամուսնուս էլ բերեցի գործարան, հիմի երկու տղեքս էլ են ըստեղ,- պատմում է տիկին Ռոզան,- մեր կոլեկտիվը լավագույններից մեկն է, ամեն մեկս 30-40 տարվա աշխատողներ ենք: Հեչ չեմ պատկերացնե, որ օրերից մի օր էս շենք չպիտի մտնիմ»: Փոխտնօրեն Դավիթ Ղազանչյանը վստահեցրեց, որ ոչ տնօրինությունը, ոչ «Միջազգային բիզնես-կենտրոն»-ը հակված չեն գործարանը փակելու: «Հիմա խնդիր է դրված սեղմ ժամկետներում պատվերների հարց լուծելու, մինչեւ ապրիլի 22-ը ժամանակ է տրված,- ասում է Դավիթ Ղազանչյանը,- ցավով եմ նշում, որ լինելով տարածաշրջանի եւ հանրապետության միակ մեքենաշինական գործարանը` կանգնած ենք փակման վտանգի առաջ: Կաշխատենք էս 2 ամսվա ընթացքում էնպես անել, որ եւս 40 հոգի չհայտնվի փողոցում: Բայց էլի եմ կրկնում, պետությունն էլ պիտի աջակցի, գոնե ներկրումների դաշտը կարգավորի, որպեսզի մենք կարողանանք երկրի ներսում էլ իրացնել մեր արտադրանքը: Այլապես փակումն անխուսափելի է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter