HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«Հրապարակը» պետք է ապացուցի, որ չի զրպարտել, հայցվոր կողմն էլ պետք է ապացուցի, որ Քոչարյանը վիրավորվել է

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման պահանջի մասին նախնական դատական նիստն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:

Հայցվոր կողմի ներկայացուցչներ Արփինե Մելիքբեկյանը և Սարգիս Գրիգորյանը միջնորդել էին որպես վկա կանչել հոդվածի հեղինակ Լուսինե Պետրոսյանին, սակայն գրությունը, որն ուղարկվել էր խմբագրության հասցեով, ետ է վերադարձել` հասցեն սխալ լինելու պատճառաբանությամբ:

Ա.Մելիքբեկյանն այս ամենը բնութագրեց որպես պատասխանող կողմի միտումնավոր արարք` իբրև խմբագրության կողմից է գրությունը ետ ուղարկվել, քանի որ մինչ այդ նույն հասցեով իրենց ուղարկած գրությունները միշտ հասել են հասցեատերերին: Սակայն դատավոր Է.Ավետիսյանը գրության վրա նկատեց, որ հասցեն այդքան էլ պարզ չէ նշված. «Բուզանդի 1/3» հասցեն այնպես է նշված, որ կարող է ընկալվել նաև որպես «Բուզանդի 113»:

Պատասխանողի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը նշեց, որ Լուսինե Պետրոսյանին որպես վկա հրավիրեն միայն դատաքննության փուլում, սակայն հայցվորն առարկեց՝ նշելով, որ վկայի ցուցմունքները էական նշանակություն ունեն, վկային նախնական փուլում լսելով ՝ որոշակի տեսակետներ կհստակեցվեն մինչև դատաքննության սկսվելը:

Փաստաբան Զոհրաբյանն ավելացրեց, որ համաձայն Քաղ. դատ. օր.-ի 122 հոդվածի՝ բոլոր ապացույցները պետք է հետազոտվեն դատավարության փուլում, ուստի, ապացույցի հետազոտումը տվյալ դեպքում վկայի ցուցմունքը լսելն է, հետևաբար, վկային նախնական դատական նիստի ժամանակ լսելը կնշանակի, որ դատարանը հետազոտեց ապացույցի այդ տեսակը: Այնուամենայնիվ, Արա Զոհրաբյանը միջնորդեց, որ գործի ապացույցները հետազոտեն դատաքննության ժամանակ:

Դատարանը հայտնեց, որ օրաթերթը պետք է ապացույցներ ներկայացնի զրպարտության մասով, այսինքն` ապացուցի, որ իրենք չեն զրպարտել հայցվորին, իսկ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ պատասխանողը վիրավորել է հայցվորին:

Այսքանով դատարանը նիստն ավարտեց՝ ապացույցների հետազոտման համար նշանակելով երկշաբաթյա ժամանակահատված: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter