HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Վիշապօձ` Սյունիքի մարզկենտրոնում

Երկուշաբթի Կապանի միջով հոսող Վաչագան գետի կամուրջներից մեկի վրա իրարանցում էր։ Երկու քաղաքացիներ 3 մետրանոց հսկա օձ էին հանել գետից՝ անգլուխ եւ անմաշկ։ Անմիջապես մարդիկ իրար գլխի հավաքվեցին, և ներկաներից ոչ մեկը չհիշեց քաղաքում պատահած նման որեւէ դեպք։

Թե ինչպես է սողունը հայտնվել այս վիճակում, ոչ ոք չկարողացավ պատասխան գտնել: «Գլուխը չկարողացանք հանել, մարմինը լարով ենք բարձրացրել»,- ասում է Միշա Առաքելյանը։ Մեկ ուրիշի` Էդվարդ Գրիգորյանի կարծիքով էլ` օձի մարմինը ձկները կամ էլ ագռավներն են լափել։ Կային այլ տարբերակներ, մասնավորապես` սպանել ու աղբարկղը նետելու փոխարեն գետն են գցել: Մեկ ուրիշ տարբերակով`  օձը անտառում է եղել, ձնհալի ջրերը բերել ու  հասցրել են գետ։ Մի քանիսն էլ բացառեցին ձկների կամ թռչունների գործը, որովհետև «որովայնը խնամքով էր պատռված, մաշկն էլ մեծ զգուշությամբ` հանված»:

Բնապահպանության պետական տեսչության Սյունիքի մարզային բաժնի աշխատակիցների գալուց հետո միայն ճշտվեց ու կասկածները մարդկանց փարատվեցին: Նրանք նշեցին, որ այս հայտնաբերվածը վիշապօձ է: «Նկարները ուղարկեցինք կենդանագետներին, եւ պատասխանը ստացել ենք,  վիշապօձ է, վագրային պիթոնի տեսակ։ Այն Հայկական լեռնաշխարհում չի հանդիպում, եւ զարմանալի է, թե ինչպես է հայտնվել գետում»,- ասում է բնապահպանության  պետական տեսչության Սյունիքի մարզային բաժնի տեսուչ Վահրամ Մարտիրոսյանը։ Սողունի մարմնից փչող գարշահոտությունից բնապահպանները ենթադրեցին, որ եթե սառը ջրում մնալուց էլ արդեն հոտ է գալիս, ապա  մեկ ամսից ավելի է, ինչ կենդանին սատկել է։ Վահրամ Մարտիրոսյանի խոսքով, իրենք այս առիթով որոշ ճշտումներ կանեն, բայց դա հիմնականում իրենց գործառույթների մեջ չի մտնում: Վերջինս դժվարացավ ասել նաև, թե ով է իրավասու զբաղվելու հարցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter