HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մկնդեղի գերեզմանոցի» խնդիրը վերջնական լուծում կստանա՞

2009-ի նոյեմբերին ԵԱՀԿ-ի հայտարարած դրամաշնորհային մրցույթին մասնակցելով` «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը շահել է եւ այժմ իրականացնելու է «Անվտանգ միջավայր» ծրագիրը, որի շրջանակներում պետք է մոնիտորինգ իրականացվի Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհին գտնվող մկնդեղի թափոնների գերեզմանոցի էկոլոգիական վտանգների վերաբերյալ: Դեռեւս 1980-ականների սկզբից այս «գերեզմանոցում» թաղված են խորհրդային տարիներին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրության ընթացքում առաջացած մկնդեղի թափոնները: «Հետքն» իր հրապարակումներում անդրադարձել է այն հարցին, որ 2008 թ. գերեզմանոցում թաղվել են նաեւ «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Էյ-Սի-Փի») ընկերությանը պատկանող զմռսված տակառներ: Գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող Մադան թաղամասի բնակիչները պատմել են, որ 3 բեռնատար ավտոմեքենայով կապրոնե եւ երկաթե զմռսված տակառներ են բերվել գերեզմանոց: Բնակիչների վկայությամբ` դրանք թաղվել են գերեզմանոցում: Նրանք տեսել են, թե ինչպես են տրակտորով հող լցրել տակառների վրա: Ծրագրի շրջանակներում նաեւ նախատեսվում է ուսումնասիրություն իրականացնել, թե դրանք ինչ տակառներ են եւ արդյոք իրականում պատկանու՞մ են «Էյ-Սի-Փի» ընկերությանը: Այժմ գերեզմանոցի տարածքը պատկանում է «Մանես» բաց բաժնետիրական ընկերությանը: Միաժամանակ, դեռեւս տարիներ առաջ Ալավերդիում լուրեր էին տարածվել, որ այս տարածքում ոսկի կա: Մարդիկ սկսել են քանդել «գերեզմանոցի» տարածքը, ինչը նույնպես նպաստել է նրան, որ մկնդեղը սկսի դուրս գալ հողից: Այժմ էլ «գերեզմանոցի» բետոնապատ տարածքը ճաքել է, եւ թափոնները կարող են հոսելով հասնել մինչեւ անգամ Լալվար գետ, որը թափվում է Դեբեդ: Գերեզմանոցի տարածքում հողը նստել է, եւ թունավոր օքսիդացման պրոցեսներ են ընթանում: «Երեւանի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատորիայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մկնդեղի գերեզմանոցի շրջակա տարածքից եւ Մադան թաղամաս տանող ճանապարհի գրեթե բոլոր հատվածներում հողում թույլատրելի սահմաններից մկնդեղի պարունակությունը բարձր է 5-26 անգամ: «Անվտանգ միջավայր» ծրագրի շնորհանդեսի ժամանակ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը նշեց, որ Ալավերդին արդյունաբերական քաղաք է եւ ունի բնապահպանական խնդիրներ, ուստի շատ լավ է, որ այդ խնդիրներն այժմ քննարկվում են: Նա ասաց, որ քաղաքապետարանը ծրագրի շրջանակներում իրականացվող մոնիտորինգին հնարավորինս կաջակցի: «Համոզված եմ, որ այն հնարավորություն կտա քաղաքապետարանին էլ ավելի արագ լուծել քաղաքի բնապահպանական խնդիրները: Քաղաքապետարանը նույնպես շահագրգռված է այս խնդիրը լուծելու հարցում»,- ասաց քաղաքապետը: Ա. Նալբանդյանը հավաստիացրեց, որ իրենք բազմիցս այս թեմային անդրադարձել են, բայց ամեն անգամ, երբ գալիս-հասնում են խնդրի ֆինանսական կողմին, կանգ են առնում: «Ըստ մասնագետների` 1-10 մլն դոլար է պետք դրա համար: Հիմա ուսումնասիրություններն ավելի ռեալ պատկեր ցույց կտան»,- ասաց Ա. Նալբանդյանը: Ծրագրի շնորհանդեսին ներկա գտնվող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեսպանի պաշտոնակատար Կարել Հոֆսթրան նշեց, որ շատ կարեւոր է, որ Ալավերդիում  միասին են աշխատում քաղաքի խնդիրները լուծելու ուղղությամբ: «Եվ մենք շատ ուրախ ենք, որ այս գործընթացին մասնակցում ենք եւ ինչ-որ կերպ կարող ենք աջակցել դրան: Հուսով եմ` ծրագիրն իր պտուղները կտա: Շատ կարեւոր է նաեւ բնակչության ինֆորմացված լինելը, թե որքանով են վտանգավոր այդ թափոնները»,- ասաց Կարել Հոֆսթրան: Կ. Հոֆսթրայի խոսքերով` առայժմ պետք է խոսել միայն ծրագրի մասին, կատարվող հետազոտությունների եւ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ովքեր են խնդրի պատասխանատուները. այս պահին բոլորը պետք է հետաքրքրված լինեն համագործակցելու: «Մեզ համար հիմա կարեւոր է մոնիտորինգի պրոցեսը, հետո` արդյունքները: Իսկ այն փաստը, թե ով է իրավաբանական պատասխանատվությունը կրում, հիմա այդքան էլ կարեւոր չէ: Մենք միշտ կաջակցենք նման նախաձեռնություններին»,- ասաց նա: «Դեբեդ» բնապահպանական հ/կ-ի նախագահ Ռաֆիկ Ղազինյանն էլ այն կարծիքին է, որ նոր մոնիտորինգներ իրականացնելու կարիք չկա, քանի որ ժամանակին այս հարցը բարձրացվել է, եւ վերլուծություններ են արվել: «Ժամանակին, երբ դրվեց այդ «մագիլնիկ» կոչվածի խնդիրը, հանձնաժողով եկավ, ու այն ժամանակ էլ անցկացվեցին ուսումնասիրություններ: Այդտեղ կան առողջությանը վնասող բոլոր բաղադրիչները` պղնձի օքսիդ, ցինկի օքսիդ, մկնդեղ, քաղցկեղածին ինչ ասես կա: Ու այդ «մագիլնիկի» վտանգն այն է, որ 90-ականներին մի բունտ եղավ Հայաստանում, ու ժողովուրդը խաբվեց, թե մագիլնիկում ոսկի կա: Պանելները հանվեցին, եւ բացվեց ամբողջ «մագիլնիկը»: Հիմա ցեմենտի պատերը հոսում են, բաց տարածք է, ու երբ անձրեւ է գալիս, ամբողջ թույնը հոսում է: Անալիզ արեք վերեւից իջնող գետակի ջուրը»: Իբրեւ բժիշկ` պրն Ղազինյանն ուղղակի անհրաժեշտ է համարում այդ տարածքի փակվելը, առավել եւս` երբ գերեզմանոցի չորս կողմում այգիներ են: Ի դեպ, անգամ դեպքեր են եղել, երբ մարդիկ, առանց իմանալու, գնացել են գերեզմանոցի տարածք, այնտեղ ժամանց են կազմակերպել` իբրեւ հանգստյան գոտի: Բնապահպանության նախկին նախարար «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանն ասաց, որ ակնհայտ է, որ մեզ մոտ բնապահպանական խնդիրները եւ դրանց լուծումը շատ հաճախ իմիտացոն գործընթաց են կրում: Մենք ստորագրում ենք կոնվենցիաներ, ծրագրեր ենք իրականացնում, օրենքներ ընդունում, իսկ պրակտիկան այն է, ինչ կա: «Մեր ծանոթությունը երկրի իրավիճակին խոսում է այն մասին, որ շահույթի տերը միշտ կա, բայց պոչամբարների տիրոջը, պատասխանատուին  շատ դժվար է գտնել: Անտեր պոչամբարներ ու գերեզմանոցներ Հայաստանում լիքն են: Եվ թե ով պետք է պատասխան տա, հասարակական կազմակերպությունները պետք է փնտրեն: Դա համակարգային խնդիր է, եւ կարծում եմ, որ այստեղ պետության դերը պետք է երեւա, քանի որ, ցավոք, այս անցումային շրջանում պետական կարգավորման դերն այնքան հեռացավ իրականությունից, որ հիմա այսպիսի վիճակ է ստեղծվել»,- նշեց Կ. Դանիելյանը: «Անվտանգ միջավայր» ծրագրի ղեկավար, «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հ/կ-ի նախագահ Լարիսա Փարեմուզյանն էլ նշեց, որ իրենք խնդրի վերաբերյալ ունեն դիտարկումներ, եւ ծրագրով նախատեսված մոնիտորինգը կտա դրանց վերջնական պատասխանները: Իբրեւ ծրագրի ղեկավար` Լ. Փարեմուզյանն այս գործընթացում կարեւորում է ոչ թե սուր քննադատությունները, այլ համագործակցությունը: Անհրաժեշտ է  միասին աշխատել` գերեզմանոցի անվտանգությունը երաշխավորելու համար: «Ծրագիրը բացահայտողական է, մենք մոնիտորինգի արդյունքում պետք է իրատեսորեն բացահայտենք, թե ինչ վտանգներ կան գերեզմանոցում եւ մեր բնակչության համար այն անվտանգ դարձնենք: Մեր բնակչությունն անտեղյակ է մեր քաղաքի բնապահպանական հիմնախնդիրներին: Մարդկանց պետք է բացատրենք ու հասկացնենք, որ եթե խոսում ենք բնապահպանության մասին, մենք չենք ասում` եկեք բոլորս հավաքվենք ու գնանք, գործարանը փակենք: Բայց  բնապահպանությունն այսօր մեր քաղաքի կենսական խնդիրն է: Եվ ամենացավալին այն է, որ առայսօր համարյա 200 տարի հանքարդյունաբերությամբ զբաղվող մեր քաղաքում իրատեսորեն չի ուսումնասիրվել, թե հանքադյունաբերությունը ինչպիսի ազդեցություն է ունենում մեր քաղաքացիների առողջության վրա»,- ասաց Լ. Փարեմուզյանը: Վեց ամիս տեւողությամբ ծրագրի շրջանակներում մեկ ամսվա ընթացքում կնախապատրաստեն մոնտիտորինգի աշխատանքները: Լ. Փարեմուզյանի խոսքով` իրենք պետք է հանրապետության լավագույն լաբորատորիաներն ընդգրկեն, մոնիտորինգի ընթացքում պարբերաբար պետք է տեղեկացնեն բնակչությանը եւ իրենց հետ աշխատող բոլոր կազմակերպություններին ծրագրի իրականացման ընթացքի մասին: Բնակչության իրազեկման համար նախատեսվում է նաեւ երեք թոք-շոու Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության ուղիղ եթերում: «Նաեւ բանավեճեր ենք նախատեսում հեռուստաեթերում: Բնակչությանը տեղեկացնելու հարցում մեր աշխատանքներում ընդգրկված է նաեւ «Հետք» թերթը: Ես գտնում եմ, որ մենք կարող ենք հասնել նրան, որպեսզի մկնդեղի գերեզմանոցի հարցը վերջնական փակենք: Մոնիտորինգի ամբողջ արդյունքները կներկայացվեն, ու հետո ռիսկերը վերացնելու պահանջ կդրվի»,- ասաց նա: Լ. Փարեմուզյանի հավաստմամբ` իրենք ամեն ինչ անելու են մկնդեղի գերեզմանոցի խնդրին վերջնական լուծում տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter