HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թե ինչպես կարելի է պատերազմի գնալ` հուսալքելով ժողովրդին

Մարտի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց. «Ադրբեջանից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա երբեք չի լինի` ոչ վաղը, ոչ էլ 100 տարի հետո: Մենք չենք կարող դա ընդունել. դա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Ադրբեջանը երբեք չի ճանաչի ԼՂ-ի անկախությունը, այն չի ճանաչի նաեւ ողջ մնացած աշխարհը»: Դրանից երեք օր անց հրապարակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը: Ի պատասխան լրագրողի այն հարցի, թե Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի ճանաչելու ԼՂ-ի անկախությունը, Սերժ Սարգսյանն այդ հարցազրույցում ասում է. «Միջազգային հանրությունը մեզ առաջարկում է այդ խնդիրը կարգավորել միջազգային իրավունքների երեք սկզբունքների հիման վրա` ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման: Օգտվելով առիթից` ուզում եմ հեռուստաեթերից դիմել Ադրբեջանին` կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում: Այդ վստահության պայմաններում էլ կսկսեինք խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները»: Իսկ դրանից մեկ օր անց Սիրիայում նա նաեւ հավելեց. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»: Առաջին բանը, որ ակնհայտ է դառնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այս հայտարարությունները համեմատելիս, սեփական դիրքերը պաշտպանելու եւ ներկայացնելու հարցում նրանց դրսեւորած սկզբունքայնության միջեւ առկա հսկայական տարբերությունն է: Ալիեւը բացարձակապես որեւէ զիջման մասին ակնարկ անգամ չի անում, անկախ նրանից` բուն բանակցային գործընթացում գնու՞մ է դրանց, թե՞ ոչ: Մինչդեռ բանակցային գործընթացին զուգահեռ, որն առաջին հերթին նվազագույն զիջումների գնալու համար մղվող դիվանագիտական պայքար է, հայկական կողմն առնվազն երկու նահանջողական ուղեrձ է հղում միջազգային հանրությանը եւ հատկապես սեփական երկրի ազգաբնակչությանը. Առաջին` լինելով հաղթող կողմ` մենք ինքներս ենք խնդրում Ադրբեջանին մեզ հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, ինչը այլ բան, քան պատերազի վերսկսումից խուսափելու, վախենալու արտահայտություն չի կարելի համարել, երկրորդ` հանուն այդ խաղաղության պատրաստ ենք զիջել ԼՂ անվտանգության գոտին կազմող, մեր վերահսկողության տակ գտնվող շրջանները: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հընթացս բանակցային գործընթացի շարունակական զիջումների •նալու մասին հրապարակային հայտարարություններն առնվազն թուլացնում են սեփական դիրքերը բուն բանակցային գործընթացում: Դա չի կարող թե միջնորդներին, թե բանակցող հակառակ կողմին չդրդել նորանոր զիջումների պահանջներ դնել ինքնակամ դրա պատրաստակամությունը հայտնող կողմի առջեւ, ինչի շատ կոնկրետ արտահայտությունը եղավ մադրիդյան նորացված սկզբունքների առաջարկումը հայկական կողմին: Շատ ավելի էական է, թե այս հրապարակային հայտարարություններն ինչպիսի± հոգեբանական, բարոյական ազդեցություն են թողնում հանրության վրա: Սկսած 2010-ի հենց սկզբից` Հայաստանի հանրությունը հայտնվեց արտաքին քարոզչամեքենայի մամլիչի մանիպուլյացիոն ազդեցության տակ: Հայաստանի նկատմամբ սկսվեց աննախադեպ մասշտաբների հասնող տեղեկատվական-հոգեբանական էքսպանսիա: Հունվարի վերջին ԱՄՆ «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի փորձագետները ինչ-որ վերլուծություն կատարելուց հետո հայտարարեցին, թե «չի բացառվում, որ իրավիճակը Lեռնային Ղարաբաղում դուրս գա գերտերությունների վերահսկողությունից», եւ որ «այսօր արդեն Հայաստանում էլ չեն բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»: Ի դեպ, այդ ժամանակ Հայաստանում դրա մասին գրեթե որեւէ խոսակցություն չկար: Դրանից բառացիորեն մի քանի օր անց, հանդես գալով Սենատի հետախուզության հարցերի կոմիտեի լսումներում` Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը հայտարարեց. «Թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում անցյալ տարի առաջընթաց է գրանցվել, այն իր ազդեցությունն է թողել Հայաստան-Ադրբեջան զգայուն հարաբերությունների վրա եւ մեծացնում է Ղարաբաղյան հակամարտության վերսկսման վտանգը: Մի քանի օր առաջ խաղաղության հիմնահարցերի ուսումնասիրման Ստոկհոլմի ինստիտուտը` SIPRI, եւս հանդես եկավ նմանատիպ հրապարակմամբ, ըստ որի մի քանի անգամ մեծացնելով ռազմական բյուջեն եւ Իսրայելի հետ նոր ռազմական տեխնոլոգիաների գնման գործարքներ իրականացնելով` Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ պատրաստվում է պատերազմի: Պատահական չէ, որ դրսից ներարկվող այս սպառնալիքի ազդեցությամբ հենց այդ շրջանում Հայաստանում հասարակական-քաղաքական քննարկումների անվերջանալի շարք ծայր առավ «պատերազմ կլինի՞, թե՞ ոչ» տիպի հարցադրումներով ու մտավախություններով: Որքան էլ տարօրինակ է, հենց այդ նույն շրջանում ռուսական մամուլում իսկական արշավ սկսվեց հայաստանյան տնտեսական վերնախավի, օլիգարխիկ շրջանակների դեմ: Նախ` «versia.ru»-ն հոդվածաշարով սկսեց «մերկացնել» Հայաստանի իշխանական վերնախավին` ներկայացնելով նրանց ունեցվածքի եւ դրանք ձեռք բերելու մասին կոնկրետ մանրամասներ, ապա մի քանի օր առաջ նույն նպատակով ու նույն թեմատիկայով հոդված հրապարակվեց «The Moscow post» պարբերականում: Այն փաստը, որ այս տեղեկատվությունը տարածվում է հենց Ռուսաստանից, հսկայական հոգեբանական ազդեցություն է գործում հիմնականում այդ երկրից ստացվող տրանսֆերտների հաշվին ապրող Հայաստանի շարքային քաղաքացու վրա, ով իր մաշկի վրա ամեն օր զգում է հաստատված օլիգարխիկ-կրիմինալ համակարգի անմիջական ներգործությունը: Այսպիսի հրապարակումներն ակնհայտորեն ուղղված են հասարակական այդ լայն շրջանակների գիտակցության մեջ սեփական իշխանության նկատմամբ առկա անվստահությունը խորացնելուն, ատելություն սերմանելուն: Շատ հմտորեն ներարկվում է այն միտքը, որ եթե անգամ ինչ-որ բան կա այս երկրում պաշտպանելու, ապա դա միայն այս շրջանակների կուտակած հարստությունն է: Եթե դրան էլ ավելացնենք Անկարայի սանձազերծած շանտաժի քաղաքականությունը` կապված Թուրքիայում ապօրինի բնակվող «100 հազար» հայաստանցիներին վտարելու հետ, պատկերն ամբողջական կդառնա£ Եվ այս ամենի ֆոնին է, որ բացարձակապես հասկանալի չի դառնում, թե քարոզչական դաշտում ինչ է անում իշխանությունը: Հունվարի վերջերից սկսած` գրեթե ամեն շաբաթ  կամ ՀՀ, կամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունները կանոնավոր տեղեկատվություն են հաղորդում, թե քանի անգամ է ղարաբաղա-ադրբեջանական կամ հայաստանա-ադրբեջանական շփման գծում խախտվել հրադադարը: Եթե ընդհանրացնելու լինենք, ապա միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում հրադադարի խախտման մոտ 400-500 դեպք է արձանագրվել: Ինչու՞ են իշխանությունները հետեւողականորեն ու կանոնավոր հրապարակվող այս տեղեկատվությամբ, ուղղակի թե անուղղակի, առարկայական դարձնում պատերազմի վերսկսման հնարավորությունը: Եթե դա իսկապես այդպես է, ապա առաջանում է երկրորդ հարցադրումը` ինչու՞ է այդ դեպքում երկրի նախագահը խոսում զիջումների գնալու հնարավորության մասին, երբ ո'չ միջնորդները եւ ո'չ էլ Ադրբեջանը ոչ միայն բանակցություններին ԼՂ ներգրավման, այլեւ ներկա պահին Ադրբեջանից դուրս ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ շնորհելու երաշխիքներ չեն տալիս: Եթե գնում ենք պատերազմի, եւ դրա անխուսափելիությունն է իշխանությունը փորձում հասկացնել, ապա ո՞րն է ընդհանրապես զիջումներից կամ թեկուզ փոխզիջումներից խոսելու իմաստը: Պատերազմի նախապատրաստվող երկիրը ոչ թե սեփական ժողովրդին անընդհատ վախ է ներշնչում եւ ամեն գնով խաղաղության պահպանումը դարձնում բացարձակ արժեք նույնիսկ ազգային ու պետական շահերի նկատմամբ, այլ փորձում է բարձրացնել նրա ազգային արժանապատվության զգացումը, հպարտությունը` որպես պատերազմում արդեն հաղթած ժողովուրդ, ներարկել ինքնավստահություն, հավատ պետության եւ իշխանության նկատմամբ եւ, ի վերջո, այս ամենի հանրագումարում բարձրացնել ազգային դիմադրողականությունն ու ինքնապաշտպանության կարողությունը: Մինչդեռ դրանց կամ դրանց հասնելու ձգտումների փոխարեն այսօր ունենք կատարելապես հուսալքված, հիասթափված, սեփական ուժերի նկատմամբ հավատը կորցրած ժողովուրդ, որն ի զորու չէ անգամ պայքարել իր առօրեական, կենցաղային տարրական իրավունքները պաշտպանելու համար: Արդյո՞ք պատերազմի անմիջական սպառնալիքի դեպքում իշխանությունը կարող է հույս դնել այսպիսի հասարակության վրա, որի իմունային համակարգը գրեթե չի գործում եւ որը չի կարողանում կամ չի ցանկանում ընկալել արտաքին ու ներքին ազդակները, մարտահրավերները, շատ արագ կուլ է տալիս այս ու այն կողմից նետված խայծը եւ անվերապահորեն հավատում է բոլորին, բացի սեփական իշխանությունից: Եվ արդյո՞ք հենց այսպիսին տեսնելով ու ճանաչելով սեփական հանրությանը` չեն արվում առաջին հայացքից աբսուրդային թվացող նահանջողական հայտարարություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter