HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ապրիլի մեկը մյուս տարի էլ է գալու»

Այսօրվանից գազի սակագինը բարձրանում է, ինչն անխուսափելիորեն իր հետ գնաճի շղթա կբերի: Վերջերս, երբ տաքսիով տուն էի գնում, վարորդին հարցրի, թե ինչ է մտադիր անել, երբ գազի սակագինը բարձրանա: Տաքսու վարորդը, ով իր սեփական մեքենան է իբրեւ տաքսի օգտագործում, ասաց, որ ապրիլի մեկից հետո հաստատ տաքսու երթեւեկության գինը կբարձրացնի: «Երեւի մինիմալը դարձնեմ 1 000 դրամ, ուրիշ ճար չկա: Երկու անգամ գազի գինը բարձրացավ, բայց տաքսու երթեւեկության արժեքը նույնը մնաց: Հիմա էլ եթե նույնը թողնենք, ընդհանրապես իմաստ չի ունենա տաքսի քշելը»,- ասաց նա: Վերջին շրջանում, դեռեւս նախքան գազի եւ ջրի սակագների բարձրացումը, արդեն զգալի գնաճ է նկատվում բոլոր ոլորտներում, հատկապես` սննդի: «Սրանց նպատակը մեկն է, որ բոլորս կախվենք, պրծնենք»,- 73-ամյա միայնակ թոշակառու, տիկին Շողեր Ավետիսյանը միայն այսպիսի ելք  է տեսնում ստեղծված իրավիճակից: Վերջին շրջանում նկատվող գնաճը միայնակ թոշակառուին շատ է մտահոգում: Տիկին Ավետիսյանը 21 հազար դրամ թոշակով է ապրում, այլ եկամուտ չունի: «Ի՞նչ եմ անելու: Թոշակս մենակ կոմունալ վճարներին էլ չի հերքի: Սնունդն օր-օրի թանկանում է: Ո՞նց կարող ես ձեթ ու շաքարավազ չգնել, երբ դրանք անհրաժեշտ են: Ալյուրն էլ է թանկացել, ու վախենում եմ, որ հացն էլ կթանկանա»,- ասում է նա: «Հետքի» հետ զրույցում, խոսելով թանկացումների մասին, Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ Կառավարության  աղքատության հաղթահարման  ծրագրում` («Կայուն զարգացման ծրագիր») նշված է, որ գները եւ սակագները կունենան աճի կայուն տենդենց  եւ չեն գերազանցի 3.5 տոկոսը: «Մեր երկրում սահման կա, որից ավելի գները չպետք է աճեն: Մենք գների թանկացումն անընդհատ շարունակականության մեջ ենք տեսնում, եւ մեր սպառողն աչքը չի հասցնում բացել` սննդամթերքի թանկացում, ջրի, գազի եւ այն: Հերթական թանկացումներն են»,- ասաց Ա.Պողոսյանը: Գազի գինը բարձրացել է այլ երկրում, եւ Ա. Պողոսյանի խոսքով` մենք որքան էլ տրտնջանք, չենք կարող ազդել Կրեմլի վրա: «Եւ այդպիսի նպատակ չունենք էլ: Մենք նպատակ ունենք հայթայթել մեր երկրում այն ռեսուրսները, որոնցով կարող են մեղմացվել այդ թանկացման հետեւանքները: Եվ ոչ միայն մեղմացվեն, այլեւ հակադրվեն` թե ինչ ունի մեր երկիրը, որով կարելի կլինի դիմագրավել այդ թանկացումներին»,- ասում է Սպառողների ասոցիացիայի նախագահը: Նրա մեկնաբանմամբ` գնաճը օբյեկտիվ պրոցես է. խնդիրն այն է, որ եկամուտները պիտի ուենան առաջանցիկ աճ գների նկատմամբ, եւ քաղաքակիրթ աշխարհում այդպես էլ արվում է` թոշակների կամ նպաստների աճ է տեղի ունենում: «Ստանում ենք տարբեր հավաստիացումներ, որ` գազը թանկացավ, բայց հանգիստ եղեք, մյուս ծառայությունները չեն թանկանա: Սակայն դա հակասում է տրամաբանությանը, այդպիսի բան չի կարող լինել: Դու չես կարող հաց թխել, պոմիդոր աճեցնել կամ տրանսպորտ շահագործել, որտեղ էներգիա չծախսես, այդ էներգիան գնի մեջ նստած է: Դա անհնար է: Մեզ հավաստիացնում են, թե այսօրվա վիճակով էլեկտրաէներգիայի գները չեն թանկանա, եւ նշում են` մինչեւ տարվա վերջ: Իսկ տարեվերջին մնաց 9 ամիս: Խմելու ջրի սակագնի բարձրացման հայտն էլ դրված է կարգավորող պետական հանձնաժողովի սեղանին եւ բավականին շեշտակի գնաճ է ենթադրում: Ու դա միայն Երեւանում, քանի որ ամբողջ Հայաստանում արդեն ջուրը թանկացել է»: Ա. Պողոսյանը նշում է, որ հայկական արտադրություն չունենք. «Ո՞վ է լսել, որ այստեղ ասեղ կամ գուլպա արտադրող գործարան բացվի: Չկա այդպիսի բան, սա է ցավը: Սնունդ են արտադրում, լավ են անում: Բայց դա նվաճում չի, չկա այնպիսի երկիր, որ սնունդ չարտադրի: Այ եթե այդ արտադրողներն իրենց արտադրանքի 20 տոկոսը կարողանային արտահանել, դա կլիներ նվաճում»,- ասում է նա: Խոսելով գնաճին դիմագրավելու համար Հայաստանի ունեցած հնարավոր ռեսուրսներից` Ա. Պողոսյանը նշում  է, որ Հայաստանը բացառիկ երկիր է այն առումով, որ էկետրաէներգիայի ավելցուկ ունի` չծանրաբեռնված հզորություններ, մինչդեռ մեր բոլոր հարեւանները դրա կարիքը շատ ունեն: «Մենք պետք է կարողանանք ուղարկել այդ հզորությունները, բոլորը դրա կարիքն ունեն: Այդ բարիքը պետք է ռացիոնալ օգտագործվի, իսկ ռացիոնալ օգտագործման ձեւերից մեկն արտահանումն է: Այս րոպեին Վրաստանը մեզ պարտք է 20 միլիոն դոլար` մեր վաճառած էլեկտրաէներգիայի դիմաց: Եվ միջպետական պայմանագիրն ասում է, որ դրա վճարումը հետաձգվում է 2025 թիվը, այսինքն` երբեք: 2025-ին այդ 20 միլիոն դոլարով մի լուցկի կարելի կլինի գնել, այսինքն` նվիրեցինք այդ փողը: Ինչո՞ւ 25 թվին, թող հիմա վճարի»,- ասաց նա: Շատ է խոսվում, որ գազի թանկացումից հետո տրանսպորտն էլ կթանկանա: Ա. Պողոսյանը նույնպես նման կանխատեսում ունի, ասում է` այն չի կարող չթանկանալ: Սակայն այդ խնդրի ելքն էլ նա տեսնում է էլեկտրատրանսպորտի ոլորտի զարգացման մեջ: «Թող այդ միկրոավտոբուսները քչանան, իսկ մարդիկ երթեւեկեն այն  տրանսպորտով, որն ավելի էժան է, հարմարավետ, էկոլոգիապես մաքուր եւ արժանավայել: Թանկացումների համար կան եւ կողմ, եւ դեմ արգումենտներ, բայց մենք շեշտը դնում ենք նրա վրա, որ մեր քաղաքային իշխանությունները  պետք է էլեկտրատրանսպորտը շատացնեն: Ներկրել այլ երկրներից բենզին կամ գազ` չունենալով ծով, ու սարը բարձրացնել(որովհետեւ մենք սարի վրա ենք): Ինչո՞ւ ներկրենք: Երբ բենզին ենք ներկրում ավտոներով, կեսը ճանապարհին վառվում է: Իսկ կողքին մեր ռեսուրսը կա»,- ասում է նա: Իսկ սննդամթերքի թանկացումը Սպառողների ասոցիացիայի նախագահը կապում է շուկայում մենաշնորհի առկայության հետ: «Մեր օրենսդրությունն ասում է, որ շուկայում 30 տոկոսից ավելի սեկտոր զբաղեցնելն արդեն պատժելի է»,- ասում է Ա.Պողոսյանը: Իսկ թանկացումների դեմ պայքարելու Կառավարության այս ճանապարհը Ա. Պողոսյանն անվանում է «կարկատանների քաղաքականություն»: Ասում է` ապրիլի մեկը էլի գալու է, ու նույնը կրկնվելու է մեկ տարի հետո` ապրիլի մեկին: «Մենք պետք է ունենանք մեր հետեւողական տնտեսական քաղաքականությունը»,- կարծում է նա: Հասարակությունն էլ այս հարցում պասիվ է, թանկացումներին զուգահեռ` բողոքի ալիքներ չեն նկատվում: Ա. Պողոսյանն, իր խոսքով, հասարակությանն ակտիվության բերելու փորձեր արել է, սակայն արդյունքի չի հասել. «Ջրի հերթական թանկացման ժամանակ` մոտ երկու տարի առաջ, երկու անգամ մամլո ասուլիս հրավիրեցի եւ ասացի, որ ցույց անենք: Ինչո՞ւ պիտի չլիներ այդ ցույցը: Բայց իմ հայտարարելուց հետո, երբ տեղն ու ժամն ասացի, եկավ 7-ից ոչ ավել մարդ: Իսկ այդքանով ցույց անելը ծիծաղելի էր»,- ասում է Ա. Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter