HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դարակերտում արտագաղթն աճում է մեծ տեմպերով

Արարատի մարզի մոտ 3000 բնակչություն ունեցող Դարակերտ գյուղում օրեցօր ավելանում է արտագաղթողների թիվը, հատկապես դեպի եվրոպական երկրներ: Դարակերտում աշխատատեղեր չկան, մարդիկ հող են մշակում ու, ինչպես իրենք են ասում, «մի փոր հացի» ապրում: Դարակերտում անասնապահությամբ հիմնականում չեն զբաղվում, քանի որ արոտավայրեր չունեն: Գյուղացիները մեծ պարտքեր են կուտակել գյուղի խանութներում: Սննդամթերքի թանկացումից հետո էլ պարտքերի ցուցակներն ավելանում են: Երբ դարակերտցի Սերգեյ Եդիգարյանին հարցրինք թանկացումների մասին, ասաց. «Գյուղացի մարդու համար շատ լավ են էդ թանկացումները»: Տեսնելով զարմացած հայացքս` պարզաբանեց. «Լավ է էն առումով, որ միանգամից էստեղի լարերից կախվենք, պրծնենք: Ուզում են ժողովրդին կախեն»: Ս. Եդիգարյանը լավ ապրելու հույս չունի, հենց հիմա էլ պատրաստ է ընտանիքով հեռանալ Հայաստանից, միայն թե կարողանան: «Ուզում եմ տունս ծախեմ, գնամ, բայց չի ծախվում: Էժան էլ տալիս եմ: Ընտանիքում վեց հոգի ենք, ուզում ենք Եվրոպա գնանք, ոչ ոք չի առնում տունը»,- ասում է նա: Շողիկ Արզումանյանը համագյուղացու խոսքերին ավելացնում է. «Ես 8000 մետր հողամաս եմ մշակում, երկու հատ ջերմոց, բայց մի արդյունքի չենք հասնում: 10000 դոլար պարտքի տակ եմ: Ջրի, գազի թանկացումն էլ մի կողմից: Հիմա պետք ա գազ միացնեմ, լողանամ, չէ՞: Գազը մի կողմից է փող գրում, ջուրը` մի: Եկեք, մեր խմելու ջուրը տեսեք, ոնց որ զուգարանի ջուր խմենք, ինչի՞ են թանկացրել: Էս պետությու՞ն է: Չկա, ղեկավարություն չկա, սա ապրել չի ժողովրդի համար»: Տիկին Շողիկը հող է մշակում, կանաչի ցանում, բայց չի կարողանում վաճառել: «Ապրանքը չի ծախվում, որ գոնե մի կիլո պեսոկ առնեմ, դատարկ չայ խմենք: Քաղաք ենք տանում, չի ծախվում: Կանաչին ես տալիս եմ 50 դրամով, վերավաճառողները 150-ով են ծախում: Վերավաճառողներից առնում են ապրանքը, բայց հատուկ գին չի որոշվում` 10 տոկոսով ավել ծախի, ոչ թե 150 տոկոս, որ դու էլ էժան առնես, արտադրողն էլ չտուժի»,- ասում է նա: Ղուկաս Սիմոնյանը 10 տարի է ղեկավարում է Դարակերտ համայնքը: Ասում է` գյուղացիները հիմնականում հողի մշակմամբ են զբաղվում` կարտոֆիլ ու ցորեն են ցանում, այլ զբաղմունք չունեն: «Գոյատեւում են, բայց ֆինանսապես չեն հասցնում, տարեցտարի դեպի հետ են գնում: Գալիս, զրոյի վրա կանգնում են: 1991 թվից հետ ենք գնում: Ոչ կարող ես ուսանող պահել, ոչ քաղաք դուրս գալ, կյանք բացարձակապես գոյություն չունի: Տանջանք է, բայց ոչինչ չես կարողանում հետ գցել, մի փոր հացի ապրում ես: Աճ չկա, ծնելիություն չկա: 10 տարի այս գյուղի գյուղապետն եմ, բնակչությունը 30-40 տոկոսով հետ է գնում: Ազգաբնակչությունը պակասում է` 22 ծնունդ, 35 մահ: Մարդիկ գնում են, արտագաղթը շատ մեծ է, ընտանիքներով տեղափոխվում են Եվրոպա: Գնում են, թեկուզ էնտեղ պատերի տակ ապրեն, մենակ թե գնան»,- ասում է համայնքապետը: Նա հավաստիացնում է, որ հարսանիքներ գյուղում շատ քիչ են լինում, ընտանիքներում էլ երկու երեխայից ավելի չեն ունենում: «Ազգը ծերանում է, 10 տարի հետո այստեղ էլ հայ չի լինելու: Էնքան որ ապրում ենք, էլի, հեռուստասերիալներ նայելով»: Համայնքապետն ասում է, որ գյուղում բոլորը պարտքեր ունեն: 6 խանութ կար Դարակերտում, սակայն մի քանիսն արդեն փակվել են, չեն գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter