HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Սպառողները անպաշտպան են

Չնայած միշտ խոսվում է ժամկետանց ապրանքների, սպառողների շահերի պաշտպանության ու իրավունքների մասին, բայց Սյունիքում սպառողներին հրամցվում են ժամկետանց ապրանքներ կամ էլ ապրանքներ՝ առանց մակնշման։ Առեւտրի կետերի ղեկավարները ընդունեւմ են փաստը, բայց նաև ասում, որ այլ ելք չունեն: «Դե բերում ենք, որ տեսականի լինի, որ հաճախորդը ամեն ինչ կարողանա գնի: Բայց շատ քանակությամբ ենք բերում, որովհետեւ քիչ չեն տալիս ու չի սպառվում: Բա էդ ես դեպքում ինչ անեմ, շպրտե՞մ»,- ասաց Կապանի սուպերմարկետներից մեկի տնօրենը, ով չցանկացավ անունը հրապարակել:

 

Կապանի «Որդի Սպարտակ» ընկերությունը կաթնամթերք է արտադրում: Պաստերացված կաթի արտադրման ժամկետը նշված է շշերի կափարիչների վրա, այն դեպքում երբ պիտակի վրա հատուկ տեղ կա։ Նկատենք, որ կափարիչների վրա նշվում է ձեռքով: Պիտանելիության երաշխիքային ժամկետը 36 ժամ է: Ընկերության արտադրած նույն ապրանքանիշի կաթի վրա ժամկետ է նշված 3 օր՝ 17-ից 20-ը, այն էլ՝ առանց ամիսը հիշատակելու։ Այս դեպքում, ստացվում է 72 ժամ: Ընկերության կաթի արտադրամասի պետ Իլոնա Փարսադանյանը այս փաստը կտրականապես հերքեց։

«Մենք նշում ենք արտադրման օրը, էդպիսի դեպք չի եղել, հնարավոր չի վաճառեն խանութներում»,- ասաց նա: Ընկերության արտադրած կաթնաշոռի վրա ժամկետ ընդհանրապես նշված չէ։ Միայն պիտանելիությունն է նշված՝ 36 ժամ։ Ընկերության պատասխանատուները ընդունեցին այս փաստը՝ միաժամանակ հավաստիացնելով, արտադրությունը ապրիլի 1-ից դադարեցվելու է։ Սակայն դեռ երեկ խանութներին մատակարարվում էր նույն արտադրանքը: Իլոնա Փարսադանյանի խոսքով, ընկերությունը հետևում է ժամկետներին ու  խանութներից անպայման հետ է ընդունում ժամկետանց ապրանքները։ Կան նաև խանութներ, որտեղ կաթնամթերքը համապատասխան ջերմաստիճանում չի պահպանվում։ Իսկ ընդհանրապես արտադրամասի պետը խորհուրդ է տալիս նշված ժակետներին էլ չհավատալ, այլ պիտանելիությունը ստուգել պարզ մեթոդներով «Թթվասերի երեսը պետք է փայլուն լինի, կաթը շրջելիս եթե մի տեսակ ծանր է երեւում, ուրեմն ժամկետանց է, իսկ արդեն կաթնաշոռն էլ, պարզ է՝ գույնն է փոխում»,- ասում է Ի. Փարսադանյանը։ Կարծում ենք` մասնագետի խորհուրդը սպառողները չեն անտեսի ու կաթնամթերք գնելիս առաջարկվող մեթոդներով էլ կստուգեն: Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան Սյունիքում ունի մասնաճյուղ։ Ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նախ զարմացավ, որ ժամկետանց ապրանքներ են վաճառվում, հետո ասաց, որ Սյունիքի մասնաճյուղը երեւի թերանում է իր աշխատանքում։ Այնուամենայնիվ, տիկին Հակոբյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում խոստացավ փաստերը ձեռք բերել ու զբաղվել խնդրով։ Կարծում ենք, այս լուսանկարները Մելիտա Հակոբյանի համար կարող են փաստեր դառնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter