HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«ԳԱԼԱ»-ն կրկին մնացել է առանց գովազդի

Մարտի 23-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հ/ը տեղեկություն էր տարածել, որ պետական, ուժային որոշ գերատեսչութունների անմիջական ճնշումների հետեւանքով մի շարք գովազդատու կազմակերպություններ, սկսած փետրվարի կեսերից, խուսափում են իրենց գովազդները տեղադրել հեռուստաընկերության եթերում: Ի տարբերություն 2007թ.-ի նմանատիպ նախադեպի, երբ ավելի քան 30 գովազդատու կազմակերպություններ 3 օրվա ընթացքում միաժամանակ հանեցին իրենց գովազդները  «ԳԱԼԱ» հ/ը եթերից, ըստ կազմակերպության տնօրինության, այս անգամ գործընթացը կազմակերպվել է ավելի մանրակրկիտ կերպով: 26 գովազդատու կազմակերպություններ «ԳԱԼԱ»-ի եթերից իրենց գովազդները հանել են վերջին 1 ամսվա ընթացքում, եւ մարտ ամսին հեռուստաընկերությունն ուներ ընդամենը 3 գովազդատու: Հաշվի առնելով այդ փաստը` հեռուստաընկերությունը գնացել էր ծայրահեղ քայլի` որոշելով տասնապատիկ իջեցնել գովազդային գները՝ գովազդի մեկ րոպեի արժեքը սահմանելով խորհրդանշական 960 դրամ: Մարտի վերջին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն իր հայտարարած ակցիայի շրջանակներում ունեցավ առաջին գովազդատուն: Գյումրիում ընդամենը 3 ամիս գործունեություն ծավալող «Նեֆերտիտի» ծաղկի եւ հարսանյաց սրահի ղեկավար Արուսյակ Ալեքսանյանը որոշել էր օգտվել հեռուստաընկերության ընձեռած հնարավորությունից: Վերջինիս հեռուստաընկերության տնօրինությունը մարտի 27-ին հանձնել էր «Մուժսկոյե դոստոինստվո» օղի` հույս հայտնելով, որ մրցանակը  հետագայում Արուսյակ Ալեքսանյանին համարձակություն եւ տղամարդուն բնորոշ ուժ կտա` բիզնեսում առաջ գնալու եվ նորանոր հաջողություններ ունենալու հարցում: Սակայն «ԳԱԼԱ» հ/ը գլխին թափված խնդիրները սրանով չեն սահմանափակվում:  Հեռուստաընկերության տեխնիկական վերազինման ժամանակացույցի համաձայն` «ԳԱԼԱ»-ն ներկրել է նոր տեխնիկասարքավորումներ, որոնց մաքսազերծման գործընթացը, ինչպես տեղեկացնում են հեռուստաընկերության տնօրինությունից, արհեստականորեն ձգձգվում է: Հեռուստաընկերությունը կատարել է փաստաթղթային իր բոլոր պարտավորությունները, սակայն ՊԵԿ Շիրակի տարածքային մաքսատունը ներկրված ապրանքի մաքսազերծման գործընթացը առանց որեւէ պատճառաբանության կասեցրել է: «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը գործընթացի կասեցման պատճառները ճշտելու համար 01.04.2010թ.-ին նամակ է հասցեագրել ՊԵԿ Շիրակի տարածքային մաքսատան պետ Կարեն Մանուկյանին, որի պատասխանը մինչ օրս չի ստացվել: Հեռուստաընկերությունից պարզել են նաեւ, որ նամակը չի գրանցվել մաքսատան գրանցամատյանում: Հիշյալ նամակով հ/ը տնօրինությունը տեղեկացնում էր մաքսատան պետ Կարեն Մանուկյանին, որ 2010թ-ի մարտի 22-ից սկսվել է իրենց բեռի մաքսազերծման գործընթացը, որը կասեցվել է, եւ խնդրում են հայտնել կասեցման պատճառները: Ապրիլի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը պարզաբանումներ ստանալու համար մաքսատուն է ուղարկել եւս մեկ գրություն` կից նախորդ նամակով, որտեղ մեկ անգամ եւս հաստատել է բոլոր տեսակի վճարումները կատարելու իր պատրաստակամությունը: Նաեւ զգուշացրել է, որ հետագայում առաջացած խնդիրների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ՊԵԿ Շիրակի տարածքային մաքսատան վրա: Հեռուստաընկերությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ այս նամակի կապակցությամբ եւս որեւէ արձագանք այս պահի դրությամբ իրենք չունեն, եւ հասկանալի է դառնում, որ արհեստական արգելքներ ստեղծելով` ՊԵԿ տարածքային մաքսատունը ֆինանսական բարդ վիճակի մեջ է դնում իրենց` լավ պատկերացնելով, որ ապրանքի մաքսազերծման գործընթացի մեկնարկից 10 օր հետո «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը կարող է ենթարկվել տույժ-տուգանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter