HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երբ սրվում է քաղաքական իրավիճակը, ավելանում են լրագրողների հանդեպ ոտնձգությունները»

«Ուրբաթ» ակումբում այսօր «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը եւ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրին կոմիտեի եռամսյակային զեկույցը: Ա. Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ այժմ իրենք զեկույցներ են ներկայացնելու եռամսյակը մեկ, ինչը թույլ կտա ավելի արագ արձագանքել ինֆորմացիոն ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին: «Ոչ ոք խոսքի ազատությունը մեզ սկուտեղի վրա չի մատուցելու, և մենք պետք է մեր իրավունքներին տեր կանգնենք ու պաշտպանենք դրանք: Հակառակ դեպքում իրավիճակն ավելի կվատանա»,- ասաց նա: Ա. Մելիքյանի խոսքով` այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, ավելի շատ են եղել լրագրողների իրավունքների խախտման դեպքերը, ինչը պայմանավորված է հունվարի 10-ին 10-րդ ընտրատարածքի ընտրություններով: «Երբ սրվում է քաղաքական իրավիճակը, ավելանում են լրագրողների հանդեպ ոտնձգությունները: Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերն առաջին եռամսյակում հինգն են, 2009-ի առաջին եռամսյակում` 3-ը: Ավելացել են նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները, նախորդ տարվա 2 դեպի փոխարեն այս տարի 6 փաստ է արձանագրվել»: Մ. Հարությունյանն էլ նշեց, որ այս եռամսյակի զեկույցը մի քանի մասից է բաղկացած` առաջինը խոսքի և մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունն է և դրանում կատարված փոփոխությունները 2010-ի առաջին եռամսյակում: «Մենք փաստեր ենք արձանագրել և կարող ենք ասել, թե ինչպիսին են միտումները: Առաջինը փետրվարի 4-ին հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հրապարակված նախագիծն էր` էրոտիկ բնույթի հեռուստա և ռադիո հաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների վերաբերյալ: Այս չափորոշիչները մարտի 12-ից ուժի մեջ են: Անգամ փոփոխություններից հետո փաստաթուղթը մնում է խիստ անմշակ, այն կամայական ու սուբյեկտիվ  որոշումների տեղիք կարող է տալ, քանի որ չափորոշիչները հստակ չեն»,- ասաց նա: Մ. Հարությունյանը նշեց երկու դրական օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ընդունվել են Ազգային ժողովում: «Մեկը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով վերացվում էր քրեական դատավարության օրենսգրքի և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի հակասությունները, և երկորդը  որ փոփոխություն և լրացում կատարվեց քրեական հոդվածում, որով 164-րդ հոդվածը, որը վերաբերում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելուն, այդ օրենքում պատիժները բարձրացվեցին»,- ասաց նա: Իբրև բացասական միտում էլ` փորձագետը նշեց օրենսդրական այն հայտնի փաթեթն է, որով ապաքրեականացվում է զրպարտությունը և վիրավորանքը: «Փաստաթուղթն ինչ ձևով որ ընդունվել է առաջին ընթերցմամբ, իր մեջ բավականին վտանգներ ու խոչընդոտներ է պարունակում: Օրինակ, չգիտես ինչու, չգիտես որ տրամաբանությամբ, պատասխանատվությունը վիրավորանք արտահայտող անձի և այն տարածած լրատվամիջոցի քառակի տարբեր է: Եթե ես Պողոսին ասեմ «ապուշ», և դա մի թերթը տպագրի, ինձ կտուգանեն 250 հազար, իսկ թերթին` մեկ միլիոն: Սա ամենամեծ վտանգն է»,- ասաց նա: Աշոտ Մելիքյանն էլ փաստեց, որ իրենք արձանագրում են ոչ միայն այն դեպքերը, երբ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքներն են խախտվում, այլև թե ինչպես են հենց ԶԼՄ-ներն աշխատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter