HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գիերմո Տոլոսա. «Մենք ևս մտահոգված ենք` կապված խոշոր հարկ վճարողներից հավաքագրվող գումարների հետ»

Հայաստանում հարկերի հավաքագրման հարաբերակցությունը, համեմատած տնտեսության ծավալների հետ, ավելի ցածր է անգամ Ենթասահարայի տարածաշրջանի երկրների համապատասխան ցուցանիշից: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան` անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ մտավախություն կա, թե խոշոր ընկերությունները լավ չեն կատարում իրենց հարկային պարտավորությունները, և հարկային բեռը ամբողջությամբ ծանրացել է փոքր ու միջին ձեռնարկությունների վրա: «Պետք է տխրությամբ նշեմ, որ ջանքերից շատերը, որոնց ԱՄՀ-ը աջակցել է հարկային վարչարարության ուղղությամբ, իսկ կառավարությունն իրականացրել է, չեն տվել հարկերի հավաքագրման ցանկալի արդյունքներ: Որոշ բարեփոխումներ, որոնք կառավարությունը պետք է իրականացներ, ակնկալվածից ավելի ցածր տեմպերով են ընթացել: Մենք ևս մտահոգված ենք` կապված խոշոր հարկ վճարողներից հավաքագրվող գումարների հետ: Այս առումով համարում ենք, որ պետք է ավելի մեծ դերակատարություն և մասնակցություն ունենա Պետեկամուտների կոմիտեի Խոշոր հարկ վճարողների տեսչությունը: Մենք աջակցում ենք այս տեսչությանը իր կարողությունների և դերակատարության բարձրացման խնդրում»,- ասաց Գիերմո Տոլոսան: Նա անդրադարձավ այն մտահոգություններին, որ ՀՀ կառավարությունը շատ անարդյունավետ է օգտագործում ճգնաժամը մեղմելու նպատակով իր վերցրած մոտ 1,5 մլրդ դոլար վարկերը: ԱՄՀ ներկայացուցչի խոսքերով` ՀՀ կառավարության խթանող միջոցառումների փաթեթը, որը ֆինանսավորել են միջազգային վարկավորման աղբյուրները, եղել է շատ արդյունավետ և արժանի գովասանքի: Սակայն եթե Հայաստանը կարողանա բարձրացնել հարկային հավաքագրումների մակարդակը, ապա միջազգային կառույցներից ավելի քիչ ֆինանսավորում կպահանջվի: «Պետական պարտքը նշանակալիորեն աճել է, և կանխատեսում ենք, որ այն կշարունակի աճել: Բայց կարծում ենք, որ 2012 թ.-ից տնտեսության մեջ իր կշռով այն կսկսի նվազել: Մեր զեկույցում ներկայացվում է նաև պարտքի կայունության վերլուծությունը, որի համաձայն` Հայաստանի պարտքը բավականին կայուն կլինի միջնաժամկետ հատվածում, եթե այն հիմնական պարամետրերը, որոնք նախատեսվում են ԱՄՀ-ի ծրագրով, կատարվեն: Հաշվի առնելով մինչև տարվա վերջ նաև այլ աղբյուրներից ստացվելիք հատկացումները` կարծում ենք, որ պարտքի կշիռը տարվա վերջին տնտեսության մեջ կլինի 50 %, իսկ արտաքին պարտքը մինչև տարվա վերջ կլինի 43 %: 50 %-ը ընդհանուր պետական պարտքն է` արտահայտված ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ, իսկ 43 %-ը արտաքին պարտքն է»,- ասաց Գիերմո Տոլոսան: ԱՄՀ-ի վերջին կանխատեսումներով` Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ն կաճի 1,8 %-ով, գնաճը կլինի 6,2 %: Լրագրողներից մեկը հարցրեց, թե տնտեսության ո՞ր ճյուղերի հաշվին կարձանագրվի ՀՆԱ-ի 1,8 % աճը: Բանախոսը պատասխանեց, որ ինքը ներկայացրեց փետրվարին արված կանխատեսումը, իսկ մայիսին հնարավոր է, որ այս ցուցանիշը վերանայվի: Համաշխարհային տնտեսության վերականգնման պայմաններում Հայաստանի տնտեսության այն հատվածները, որոնք կապված են համաշխարհային տնտեսության հետ, ավելի բուռ թափով կզարգանան: Աճը պայմանավորված կլինի հենց այդ ճյուղերով: «Ի տարբերություն սրա` այն ոլորտներում, որոնք այնքան էլ չեն առնչվում համաշխարհային տնտեսությանը, աճը և վերականգնման տեմպերը ցածր կլինեն: Շինարարության ոլորտում, մեր կարծիքով, չի լինի որևէ աճ»,- ասաց Գիերմո Տոլոսան: Անդրադառնալով դոլարի փոխարժեքի տատանումներին, երբ մեկ ամսվա ընթացքում դոլարը հատեց 400 դրամի սահմանագիծը, իսկ հիմա իջնում է` նա նշեց, որ Հայաստանն իրականացնում է լողացող փոխարժեքի քաղաքականություն: «Հենց սա էլ կարելի էր ակնկալել, այսինքն` որ փոխարժեքը լողա` երբեմն բարձրանա, երբեմն ընկնի: Տնտեսագետների համար դժվար է կանխատեսել փոխարժեքի հետագա տատանումները, և սովորաբար մեկ գործոն չէ, որ ազդում է տատանման վրա: Բայց սրանք զարգացումներ են, որոնց Հայաստանի բնակչությունը պետք է սովորի լողացող փոխարժեքի քաղաքականության պայմաններում: Ցանկացած զարգացող երկրում, որտեղ փոխարժեքը լողացող է, միշտ էլ նա, ով գրազ կգա իր ազգային արժույթի դեմ, կկորցնի: Այն տնտեսություններում, որոնք աստիճանաբար ուժեղանում են, սովորաբար ազգային արժույթը ամրապնդվում է: Թեև այդ ընթացքում կարող են վարընթաց և վերընթաց զարգացումներ լինել, բայց ընդհանուր միտումը ազգային արժույթի արժևորումը և ուժեղացումն է»,- ասաց Գիերմո Տոլոսան: Անդրադառնալով ՀՀ Էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությանը, որ Հայաստանն արդեն հաղթահարել է տնտեսական ճգնաժամը` բանախոսը նշեց, որ Հայաստանում արտադրության ու բնակչության եկամուտների նվազումը դադարել է, և սկսվել է աճը: «Այն քաղաքականությունը, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է` ի պատասխան ճգնաժամի, շատ արդյունավետ է եղել: Անձնապես հավատացած եմ, որ եթե նման քաղաքականություն չլիներ, ապա տնտեսական անկումը և տնտեսական ծավալների կրճատումը շատ ավելի մեծ կլիներ»,- ասաց Գիերմո Տոլոսան: Նա, մասնավորապես, առանձնացրեց ԱՄՀ-ի և տարբեր երկրների կողմից ցուցաբերվող աջակցության համատեքստում ՀՀ կառավարության իրականացրած 3 քայլ, որոնք իր գնահատմամբ, առանձնապես հաջող են եղել: Առաջին` անցած տարի ավելացվեցին կապիտալ ծախսերը, ինչը հնարավորություն է տվել ապահովել միջնաժամկետ օգուտներ: «Քանի որ սրանք ոչ պարբերական ծախսեր են, միջնաժամկետ հատվածում բյուջեի վրա ճնշում չեն առաջացնում»,- ասաց ԱՄՀ ներկայացուցիչը: Երկրորդ` անցյալ տարի բարձրացվել են սոցիալական նպաստները` ուղղված բնակչության խոցելի խավերի պաշտպանությանը ճգնաժամի պայմաններում: «Չեմ ասում, թե մարդիկ չեն տուժում: Աղքատության մակարդակը բարձրացել է: Բայց պետք է ասեմ, որ նախկինում ես աշխատել եմ այլ երկրներում, որոնք հայտնվել են համանման վիճակում, և տնտեսական անկման պայմաններում սոցիալական հետևանքները Հայաստանում ավելի մեղմ են, քան այդ երկրներում»,- ասաց նա: Երրորդ քայլը, ԱՄՀ ներկայացուցչի խոսքերով, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն է և միջազգային կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում վերաֆինանսավորումը, որն անմիջականորեն ուղղվում էր մասնավոր ձեռնարկություններին: Սա միջոցների կարճաժամկետ անբավարարություն ունեցող ընկերություններին հնարավորություն է տվել խուսափել աշխատատեղերի կրճատումից: «Սյս ասելով` նկատի չունեմ, թե չեն եղել դեպքեր, երբ մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը կամ անցել են ավելի վատ վարձատրվող աշխատանքի, թե կառավարությունն այնքան հզոր է եղել, որ կարողացել է բնակչությանը մեկուսացնել նման հետևանքներից: Բայց եթե չլինեին կառավարության այս միջացառումները, ապա իրավիճակը շատ ավելի վատթար կլիներ»,- ասաց Գիերմո Տոլոսան: Նա տեղեկացրեց, որ ԱՄՀ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք վերջին վարկի` 73,6 մլն դոլարի նպատակն է աջակցել բյուջեին և Կենտրոնական բանկի ռեզերվների համալրմանը: Հայաստանում իրականացվող եռամյա ծրագրի շրջանակներում արվելիք այս հատկացումը ընդհանուր աջակցություն է հակաճգնաժամային ծրագրին և ուղղված չէ որևէ կոնկրետ միջոցառման ֆինանսավորմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter