HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

«Ժառանգության» ուտոպիան կամ «միջնախագահական ռազբորկաների» հմայքը

Մոտ 10 օր առաջ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես եկավ Հանրապետական կուսակցությանը, «Բարգավաճ Հայաստան»-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին եւ Հայ ազգային կոնգրեսին ուղղված հայտարարությամբ, որով նրանց կոչ էր անում «գործող խորհրդարանի քաղաքական ցածր արդյունավետության պայմաններում ձեւավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն` Կլոր սեղանի ձեւաչափով, որում համամասնորեն ընդգրկված կլինեն ընդդիմությունն ու իշխանությունը»: Նման նախաձեռնությունը «Ժառանգությունը» պայմանավորում էր «Արցախի եւ հայ-թուրքական խնդիրներում ահագնոցող արտաքին ճնշումներին, այդ թվում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանը» դիմակայելու, պատրսատվելու անհրաժեշտությամբ: «Կլոր սեղանն առաջարկում ենք ձեւավորել առանց նախնական օրակարգի, ապա սեղանին դնել ընդդիմադիր ու իշխանական ուժերին հուզող բոլոր հիմնական խնդիրները եւ առանց նախապայմանների գալ ընդհանուր հայտարարի մի շարք հարցերում։ Սա կարող է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ներհասարակական-ներքաղաքական միասնության ապահովման եւ համախմբված ուժերով հակառակորդին դիմակայելու համար, ինչպեսեւ` խթանել ժողովրդավարական բարեփոխումները»,- ասվում էր «Ժառանգության» հայտարարությունում։ Անցած տաս օրերի ընթացքում, սակայն, նշված ուժերից եւ ոչ մեկը «Ժառանգության» առաջարկը չընդունեց: ՕԵԿ-ը կատարյալ անտարբերություն ցուցաբերեց, ՀՅԴ-ն հայտարարեց, թե այն քննարկման կառնի` կուսակցությունից առաջարկը պաշտոնապես ստանալուց հետո` փաստացի խուսափելով դիրքորոշում հայտնել անգամ նման նպատակադրմամբ եւ ֆորմատով Կլոր սեղան կազմակերպելու գաղափարի վերաբերյալ: ՀԱԿ-ը «Ժառանգությանը» խորհուրդ տվեց ոչ ֆորմալ ձեւաչափեր առաջարկելու փոխարեն վերանայել գործող խորհրդարանում պատգամավորական լիազորությունները պահպանելու հարցը: ՀՀԿ-ն իր հերթին կտրականապես մերժեց առաջարկը: Այս կուսակցության մամլո քարտուղար Էդվարդ Շարմազանովը հայտարարեց, թե լավագույն ձեւաչափն այն է, ինչ առաջարկել է հանրապետության նախագահը, որի շրջանակնելու նախորդ տարիներին երեք անգամ երկրի համար կարեւորագույն հարցերի կապակցությամբ նման կլոր սեղաններ են կազմակերպվել: ԲՀԿ-ն, ի դեմս այս կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի` ընդունելի էր համարել ՀՀԿ-ի դիրքորոշումը: «Հանրապետության նախագահը պետք է կանգնի այս գործընթացի գլխին եւ փորձի իր շուրջը համախմբել Հայաստանի քաղաքական ուժերին»,- ասել էր Սաֆարյանը: Այսպիսով, փաստացի կարելի է ասել, որ «Ժառանգության» այս նախաձեռնությունը ձախողվեց` անգամ դեռ չսկսած, չնայած առաջին հայացքից այն խիստ ռացիոնալ էր թվում` արված ժամանակին եւ ճիշտ ընտրված հասցեատերերով: Սակայն դժվար է հավատալ, որ «Ժառանգությունն» այս առաջարկությունն արել է` անկեղծորեն հավատալով իր նախաձեռնության հաջողությանը: Հայաստանում առկա իրողությունները, «ժառանգության» արդեն ունեցած փորձը պարզորոշ ցույց էին տալիս, որ այն, ինչ սկսում է կուսկացությունը, մեղմ ասած որեւէ հեռանկար չի կարող ունենալ: Եվ դրա համար կա առնվազն 3 կարեւոր պատճառ: 1. Քաղաքական դաշտում եղանակ ստեղծող այս կուսակցություններից միայն «Ժառանգությունն» է, որ փաստացի չի սպասարկում Հայաստանի նախկին ու ներկա երեք նախագահներից եւ ոչ մեկի հետաքրքրությունները: ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միանշանակորեն գործող նախագահի դիրքերն են ներկայացնում, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն` մեծ հաշվով Ռոբերտ Քոչարյանի, իսկ ՀԱԿ-ը` միանշանակորեն Լեւոն Տեր-Պետրոսյանի: Այս եռանկյունու երեք անկյուններն էլ այնպիսի փոխբացառող հարաբերությունների մեջ են գտնվում, Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի պարագայում` տակտիկական բնույթի, որ անհնար է պատկերացնել նրանց կամ իրենց շահերն սպասարկող ուժերին մեկ սեղանի շուրջ նստած` ընդհանուր քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս: Ներքին քաղաքական հարթության մեջ երեք նախագահներն էլ միեւնույն շտամպների կրողներն են, եւ միեւնույն խնդիրների ծնունդն ու գերին (ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, ընկտական համակարգի չարաշահման նույնական մեթոդներ, քաղաքականցված տնտեսության եւ «տնտեսականացված» քաղաքականության վրա սեփական անվտանգության խարսխում): Եվ եթե կա մի բան, որ միմյանցից տարբերակում է հանրապետության նախագահներին, ապա դա նրանց հայացքներն ու մոտեցումներն են արտաքին քաղաքական հիմնախանիրների եւ մասնավորապես հայ-թուրքական ու ղարաբաղյան հիմնահարցերի վերաբերյալ: Օրինակ կարելի է տեսականորեն պատկեցանել ՀԱԿ-ին ու ՀՀԿ-ին այս հարցերի շուրջ միասնական մոտեցումներ մշակելիս, սակայն նույնը ՀԱԿ-ՀՅԴ կտրվածքով անգամ հնարավոր չէ երեւակայել: Միայն «Ժառանգության» չեզոքությունը, ինչը եւ վերջինիս, առավե քան որեւէ ուժի, տվել է նման կոչով հանդես գալու բարոյական իրավունքը, այս իմաստով, «Կլոր սեղանի» ձեւաչափ նախաձեռնելու համար բավարար չէր կարող լինել: 2. Մոտ 10 ամիս առաջ «ժառանգությունը» եւս նման մի նախաձեռնությամբ հանդես եկավ: Այն ժամանակ նա ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին առաջարկում էր կրկին հավաքվել «Կլոր սեղանի շուրջ» եւ եռակողմ քննարկել ու ընդունել գործողությունների ընդհանուր պլատֆորմ, որպեսզի ստեղծվի իշխանության դեմ ուժեղ ընդդիմադիր բեւեռ: Սակայն ընդհանուր պլատֆորմ ներկայացնելու փոխարեն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունն» ինքը հանդես եկան սեփական, բովանդակային առումով միմյանց փոխբացառող պլատֆորմներով: ՀԱԿ-ն առաջարկում էր որպես ելակետ ընդունել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ պահանջելու դրույթը, որը սկզբունքորեն չնդունեցին ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»: Իր հերթին «Ժառանգությունը» նախատեսում էր պատասխանատվության ֆիքսում 2008թ. մարտի մեկի դեպքերի հետ կապված, որը չէր ընդունում ՀՅԴ-ն: Եվ արդյունքում ոչինչ չփոխվեց: Ներկայում, անգամ մարտավարական իմաստով քաղաքական իրավիճակի կամ իրողությունների այնպիսի փոփոխություն տեղի չի ունեցել, որ ստիպեր այս ուժերին փոխել իրենց մոտեցումները: ՀՅԴ-ն հրաժարվում է իշխանափոխություն պահանջել անգամ հայ-թուրքական երկու արձանագրությունները վավերացնելու մտադրությունից գործող իշխանության չհրաժարվելու պարագայում, իսկ ՀԱԿ-ը շարունակում է արտահերթ ընտրությունների խնդրի առաջքաշումը` չնայած այդ ուղղությամբ ցուցաբերած դանդաղկոտության, սպասողականության պատճառով կորցրեց իր պոտենցիալ ընտրազանգվածի մի մասին: Ավելին. այսօր Սերժ Սարգսյանը փաստացի թե հայ-թուրքական, թե ղարաբաղյան հարցի հետ կապված իրականացնում է այն քաղաքականությունը, որի ջատագովը եւ «հիմնադիրը» Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Եվ հետեւաբար վերջինս որեւէ ցանկություն չունի լրջորեն խանգարելու, խոչընդոտելու գործող նախագահին: Ընդհակառակը Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարությունն ավելի շատ հակված է հաջորդական քայլերն իրականացնելու համար գործող նախագահի նկատմամբ անհրաժեշտ պահին ներքին ճնշումների ուժեղացմանը: Եվ պարզ է, որ ՀԱԿ-ը երբեք չի ցանկանա որեւէ ֆորմատով բանակցություններ սկսել ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի հետ «Արցախի եւ հայ-թուրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թվում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանը» դիմակայելու համար: Իր հերթին այս «տանդեմի» նախապատվությունների ներքո Ռ. Քոչարյանը տեսնում է իր ու իր շրջապատի անվտանգության համար խիստ վտանգավոր հեռանկար: Այսինքն առնվազն մեկ տարի առաջվա փորձը պետք է հուշեր «Ժառանգությանը», որ առկա իրողությունների պայմաններում անհեռանկար է հերթական «Կլոր սեղանի» ցանկացած նախաձեռնում: 3. Մյուս, ոչ պակաս էական պատճառն այն է, որ մեզանում «Կլոր սեղաններ»-ի մշակույթ մեղմ ասած գոյություն չունի: Ցանկացած նման նախաձեռնություն վերածվում է կենցաղային, վուլգար վիճաբանության` դրա հնարավոր ու անհնար բոլոր դրսեւորումներով: Եվ ամենավտանգավորն այն է, ոչ այս ճահիճը չորանալու փոխարեն ավելի է տարածվում ու խորանում` ընդգրկելով ազգային ու պետական այնպիսի արժեքներ, որոնք ոչ վաղ անցյալում անձեռնմխելի էին: Համատարած արժեզրկման այս համախտանիշն արդեն վտանգավոր մասշտաբներ է ձեռք բերում: Ապրիլի 6-ին ՀԱԿ հանրահավաքում ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում այնպիսի բառակապակցություններ ու արտահայտություններ թույլ տվեց, որոնք անհարիր էին նրա հասարակական կերպարին ու կարգավիճակին: Դրանք լայն զանգվածներին, իսկ ավելի ճիշտ լյումպեն մասսաներին գրավելու էժանագին մեթոդներ էին, որոնք ավելի շատ հարվածեցին հենց առաջին նախագահի հեղինակությանը: Այդքանից հետո նույնիսկ շատ բնական, ինչ որ տեղ ուշացած դարձավ հանրապետության երկրորդ նախագահի նույնքան վուլգար, բայց որոշակիորեն սովորական դարձած արձագանքը: Իսկ վերջինիս վերաբերյալ ՀԱԿ-ի մեկնաբանության բովանդակությունը, տոնը եւ ոճը վերջնականապես համոզեցին, որ մեզանում հանրապետության նախագահների միջեւ հասարակական բանավեճերը, երկխոսությունը իջել է այն նույն մակարդակի, ինչ փողոցային, քրեական սովորական «ռազբորկաները»: Եվ եթե պետականության այս սիմվոլ-ինսիտիտուտն է թաթախվում համատարած այս ճղճիմության ցեխում, ապա ի՞նչ կարելի է սպասել հասարակական մյուս շերտերից: Նման մթնոլորտում որեւէ առողջ երկխոսություն անհնար է նախաձեռնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter