HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ս. Սաֆարյան. «Ապշում ես` ինչպես կարող են չհասկանալ Թուրքիայի արտաքին քաղաքականության ներկայիս կոնցեպցիան»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի կանխատեսմամբ` մինչ ապրիլի 24-ը Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: «Այլևս ժամանակ չի մնացել, Թուրքիան չի անի այդ քայլը: Թուրքիայի իշխանությունները չեն ստեղծել այն բարենպաստ մթնոլորտը, որ դրանք վավերացնեն: Հայաստանն էլ հայտարարել է, որ ինքը կվավերացնի, երբ Թուրքիան դա անի»,- «Հետքին» ասաց Ստեփան Սաֆարյանը: Նա համամիտ չէ այն տեսակետին, որ Հայաստանն առնվազն ոչինչ չկորցրեց նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումներից: «Հայաստանը առնվազն կորցրեց լավ հնավարություն` ճիշտ մեթոդաբանությամբ գործընթաց սկսելու և Թուրքիայի վարքագծի վրա ազդելու: Պետք է խոստովանել, որ այսօր Հայաստանը չի ազդում Թուրքիայի վարքագծի վրա: Մեր ամբողջ նպատակներից մեկն այն է եղել, որ Հայաստանը հասնի իր և հայկական խնդիրների նկատմամբ թուրքական քաղաքականության վերանայմանը: Հայաստանը չի հասել դրան: Թուրքիան շարունակում է նույն ժխտողական, մերժողական քաղաքականությանը Ցեղասպանության հարցում, Թուրքիան շարունակում է շատ ավելի ցինիկ և լպիրշ, լկտի վարքագիծ Ղարաբաղյան խնդիր նկատմամբ, և Թուրքիան անգամ աշխարհին է սկսել պարտադրել, թե նա երբ և ինչ ինտենսիվության քննարկի Ղարաբաղյան խնդիրը: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է ասել, թե մենք հասել ենք արդյունքի»,- ասաց պատգամավորը: Նա հավելեց, որ դեռ չի էլ խոսում գործընթացի ունեցած բացասական հետևանքների մասին: Անդրադառնալով այն պնդումներին, թե վաշինգտոնյան այցերը արդյունավետ էին` պատգամավորը նշեց, որ «արդյունավետ» բառում «արդյունք» արմատը կա, և թող իշխանական քարոզիչները ցույց տան այդ այցերի 1-2 դրական արդյունք: Պատգամավորի համոզմամբ` Թուրքիան հերթական անգամ փորձում է և իր շահերը առաջ մղել և իմիտացիա անել, թե գործընթացը շարունակվում է: Սա էր պատճառը, որ Վաշինգտոնում Թուրքիան առաջադրեց խնդիրներ, որոնք իր նույն հակահայկական, հակահայաստանյան քաղաքականության նպատակների դաշտում են, մասնավորապես փորձ արեց Վաշինգտոնում քննարկել Արցախի խնդիրը, Սերժ Սարգսյանին ներկայացնել պահանջներ, թե սփյուռքը չպետք է հետամուտ լինի Ցեղասպանության միջազգային ճանաչմանը աշխարհի տարբեր խորհրդարաններում: «Սրանք թուրքական կողմի այն պահանջներն էին, որոնք նա առաջադրել էր դեռևս մինչև վաշինգտոնյան հանդիպումը, և որոնց պատասխանը պետք է Հայաստանը շատ կտրուկ դներ` Թուրքիային զրկելով Վաշինգտոնում այդ հարցերը քննարկելու անգամ հեռանկարից: Պաշտոնական Երևանը, Հայաստանի Հանրապետության նախագահը կամ արտգործնախարարը պետք է այդ հարցերին շատ կտրուկ, կատեգորիկ «ոչ» պատասխանները տային դեռևս Վաշինգտոն մեկնելուց առաջ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Եթե Հայաստանն այդ ամենն աներ, ապա, պատգամավորի համոզմամբ, չէր լինի նաև Էրդողան-Սարգսյան առանձին հանդիպման կարիքը: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Արցախի խնդիրը չէ, որ խոչընդոտում է Թուրքիային վավերացնել արձանագրությունները, այլ այն, որ Թուրքիան այլ նպատակներ ունի` շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և ընդամենը ժամանակ է շահում ու հայկական գործոնն է մանիպուլյացիաների ենթարկում` Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակով: Թուրքերն իրենք են պաշտոնապես հայտարարում, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը իրենց արտաքին քաղաքականության մեջ ամենևին առաջնահերթություն չէ և ուղղակի բխում է տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականության նպատակներից: «Հետևաբար, Հայաստանը պետք է, առաջինը, պարտադրեր Թուրքիային կամ հրապարակավ խոստովանելու դա, կամ փոխելու առաջնայնությունները և հայ-թուրքական հարաբերություններին մոտենալ որպես հայ-թուրքական հարաբերություններ և ոչ ավելին: Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը պետք է ժամանակին շատ ավելի կոշտ արձագանքեր Էրդողանի այդ կոչերին, պաշտոնական Երևանը պետք է շատ ավելի վաղ արձագանքեր Ղարաբաղի վերաբերյալ նրանց բարբաջանքներին, Հայոց ցեղասպանության նկատմամբ նրանց մերժողական դիրքորոշմանը: Դա չարվեց»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Անդրադառնալով «Հետքի» այն հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանություններն իր նշած քաղաքականությունը չեն իրականացնում լեգիտիմության բացակայությա՞ն պատճառով, ինչպես ընդդիմությունն է պնդում, թե՞ ուրիշ խնդիրներ ևս կան` Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ իհարկե, իշխանությունը փորձում է իր լեգիտիմության դեֆիցիտը փոխլրացնել արտաքին աջակցությունների դաշտում. միջազգային հանրությունը սպասումներ ունի Հայաստանի և Թուրքիայի իշխանություններից: Սակայն տվյալ պարագայում շատ ավելի խորքային խնդիրներ կան: Նախ, պատգամավորի խոսքերով, Հայաստանի և արտաքին, և ներքին քաղաքականությունը խմբաշահ է և ոչ թե ազգային շահերից բխող: Հակառակ դեպքում հայ-թուրքական ներկա գործընթացն այլ կերպ կլիներ: Երկորդ` երկիրը ղեկավարում և խորհրդատվություն են իրականացնում ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: «Երբեմն-երբեմն ապշում ես` ինչպես կարող են չհասկանալ Թուրքիայի արտաքին քաղաքականության ներկայիս կոնցեպցիան, և ինչպես կարող են թույլ տրվել այսպիսի կոպտագույն սխալներ: Եվ վերջապես 3-րդը` հայկական հարցերի լուծման կապացությամբ այս իշխանությունները չունեն որևէ ստրատեգիա, և որևէ տակտիկա, որպեսզի իմանան, թե որ նպատակին են գնում, ինչ քայլերով են գնում, և այդ քայլերից որ մեկը որին է հաջորդում»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը: Նրա համոզմամբ` Հայաստանում «ճկունություն» և «նախաձեռնողականություն» անունն են տվել ընդամենը բոլորին «այո» ասելու քաղաքականությանը: Պատգամավորը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը պետք է լինի պատմական արդարության ճանաչման, հայերի խաթարված, կողոպտված իրավունքների վերականգնման համատեսքստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter