HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Վաշինգտոնյան ջրբաժան. կողմնորոշման պահը

Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ մոտ 1.5 ժամ տեւած բանակցություններից հետո կողմերը որեւէ հայտարարությամբ հանդես չեկան: Չնայած հանդիպումն անցել էր փակ դռների ետեւում, նույն օրը թուրքական լրատվամիջոցներն արդեն այնպիսի մանրամասներ էին հաղորդում, որ թվում է` նրանց լրագրողները ոչ միայն ներկա են եղել բանակցությանը, այլեւ անմիջականորեն մասնակցել են ղեկավարների երկխոսությանը: Ընդ որում` թուրքական լրատվամիջոցների պահվածքում ուշագրավ էին երկու ակնհայտ միտումներ: Առաջին` բանակցություններից որքան հնարավոր է շատ մանրամասներ ներկայացնելու մրցավազք, երկրորդ` այդ մրցավազքի արդյունքում հաղորդվող տեղեկությունների հակասականություն: Առաջինը միանշանակ վկայում էր պաշտոնական Անկարայի ձգտումը` լինելու առաջին տեղեկատվության հեղինակը, ըստ այդմ` նաեւ կառավարելու, վերահսկելու տեղեկատվական հոսքերը: Սակայն փաստը, որ թուրքական աղբյուրները հակասական տեղեկություններ էին հաղորդում բանակցությունների վերաբերյալ, պարզորոշ ուրվագծում է ամենակարեւորը. Էրդողան-Սարգսյան հանդիպումը մեծ հաշվով որեւէ էական արդյունք չի տվել: Թուրքական տեղեկատվական արտահոսքերի ֆոնին, սակայն, ընդգծվեց հատկապես հայկական կողմի միտումնավոր պասիվությունը, ցուցաբերվող հետեւողական լռությունը: Ինչով է այն բացատրվում` առայժմ դժվար է ասել: Սակայն Վաշինգտոնից ելնող տեղեկությունների համադրումը ցույց է տալիս, որ Էրդողանի հետ հանդիպումից հայկական կողմը չի ստացել իր ակնկալած արդյունքները: Դեռ մինչեւ Վաշինգտոն մեկնելը Տավուշի մարզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ մի շատ հետաքրքրական հայտարարություն արեց: «...Ինչպես Դուք ասացիք, կա կարեւոր այց, կան կարեւոր հանդիպումներ եւ ամենակարեւորը` մենք արդեն մեր որոշումը գրեթե ունենք: Բայց հիմա ճիշտ չէ մեր որոշման մասին խոսել: Մենք այն կներկայացնենք մեր հանրության դատին որոշ ժամանակ հետո, երբ ամբողջովին համոզվենք դրա ճշմարտացիության մեջ: Այսպիսի պարագաներում ամենակարեւորը ճիշտ որոշում կայացնելն է»,- ասաց նա: Ուշադրություն դարձնենք` նախագահ Սարգսյանը խոսում է ոչ թե մոտեցումների կամ դիրքորոշումների, այլ արդեն իսկ ընդունած որոշումների մասին: Դա նշանակում է, որ հայկական պատվիրակությունը Վաշինգտոն է մեկնել` հստակ ունենալով գործընթացի շարունակականության հետ կապված որոշում: Եվ, ըստ էության, Էրդողանի հետ վաշինգտոնյան հանդիպումը Երեւանին անհրաժեշտ էր առաջին հերթին հասկանալու` արդյո՞ք կայացվել է ճիշտ որոշում կամ արդյո՞ք հնարավոր է ինչ-որ բան փոխել ստեղծված իրավիճակում: ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արտասանած Սարգսյանի ճառը հստակ ցույց է տալիս, որ այս պահին պաշտոնական Երեւանը հակված է փակելու հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» էջը: Այդ ելույթում նախագահը երեք շատ կոնկրետ ուղերձ հղեց Թուրքիային եւ ԱՄՆ-ին: Առաջին` «Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա»: Երկրորդ` «Մենք չենք պատրաստվում որեւէ ձեւաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը...»: Եվ երրորդ` «...կամ ձեւացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որեւէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»: Այսպիսով, պաշտոնական Երեւանն ընդունեց, որ մինչեւ հիմա Անկարան առնվազն փորձում էր Հայաստանի հետ շփվել նախապայմանների լեզվով, մի բան, որ անցած մոտ մեկ տարվա ընթացքում իշխանությունները համառորեն ժխտում էին: Եթե սրանք սկզբունքային պայմաններ են Հայաստանի համար, ապա առնվազն նշանակում է, որ Երեւանը սկսում է հրաժարվել մանեւրելու` մինչ այժմ կիրառած մարտավարությունից եւ որոշում է հարցը շատ ուղիղ դնել. պատրա՞ստ է, արդյոք, Թուրքիան հենց հիմա վավերացնել արձանագրությունը` անկախ Ղարաբաղյան գործընթացից, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված տարբեր երկրներում սկսված գործընթացներից, թե՞ ոչ: Մինչդեռ Անկարայի համար մեծ հաշվով որեւէ նշանակություն չունի` Հայաստանը փորձու՞մ է հստակություն մտցնել խնդրում, թե՞ ոչ եւ ինչպե՞ս է դա փորձում անել: Վաշինգտոնյան այցից հետո ամենաբարձր մակարդակով Անկարան կրկին վերահաստատեց իր նախկին բոլոր սպասելիքներն ու պահանջները: «Մենք պահպանում ենք խաղաղության հեռանկարը, սակայն ոչ-ոքի թույլ չենք տա Թուրքիայի վրա ճնշումներ գործադրել այն հարցերում, որոնցում զիջումների չենք կարող գնալ: Կարծում ենք, որ մեր գործընկերները ստացել են այս հարցի շուրջ մեր մեսիջը»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նույն կերպ Անկարան շարունակում է խաղարկել արձանագրությունները վավերացնելու համար հասարակական-քաղաքական աննպաստ մթնոլորտի ՙխաղաթուղթը՚` որպես մանեւրելու արդյունավետ միջոց: Մինչ, ըստ թուրքական թերթերի, Էրդողանը Սերժ Սարգսյանին փորձում է բացատրել, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները, ՀՀ ՍԴ կողմից արձանագրությունների վավերացման կապակցությամբ ընդունված որոշումը, միջազգային պայմանագրերի ընդունման մասին օրենքում կատարված փոփոխությունները թույլ չեն տալիս Կառավարությանը վստահ լինել Մեջլիսում արձանագրությունների վավերացման հարցում, արտգործնախարար Դավութօղլուն ԱՊԱ-ի միջոցով փոխանցում է. «Եթե բոլոր կողմերը, իրենց վրա պատասխանատվություն վերցնելով, ջանքեր գործադրեն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ, Թուրքիայի խորհրդարանը արձանագրությունները կվավերացնի մոտ ապագայում»: «Մեր վարչապետը շատ է հետաքրքրված ԼՂ-ի հակամարտության նրբերանգները Հայաստանի ղեկավարին ներկայացնելու հարցում: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը Կովկասի խնդիրների լուծման անբաժանելի մասն է, եւ գործընթացից նրան դուրս մղելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ավելացնում է Թուրքիայի արտգործնախարարը եւ վերջնականապես համոզում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը շարունակում է Անկարայի կողմից համարվել արձանագրությունների վավերացման նախապայման: Այսինքն` Էրդողանը Վաշինգտոն չէր եկել` զիջումների գնալու պատրաստակամությամբ: Նրան անհրաժեշտ էր ընդամենը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման փաստը` ցույց տալու համար Անկարայի նվիրվածությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Ընդ որում` Անկարան սա փորձելու է օգտագործել նաեւ որպես ճնշման միջոց Վաշինգտոնի նկատմամբ` կանխելու համար ապրիլի 24-ին նախագահ Օբամայի կողմից «Ցեղասպանություն» եզրն օգտագործելու թեկուզ տեսական հնարավորությունը: Այժմ ոչինչ չի խանգարելու ԱՄՆ նախագահին` խուսանավելու իր խոստումից. ի վերջո, հենց Վաշինգտոնի նախաձեռնությունն էր Սերժ Սարգսյանի եւ Ռեջեփ Էրդողանի այնքան սպասված հանդիպման կազմակերպումը: Եվ Սերժ Սարգսյանը, ընդունելով Էրդողանի նամակի շուրջ Վաշինգտոնում բանակցելու առաջարկը, ըստ էության Օբամային տվեց այդ հնարավորությունը: Այլեւս կարելի է չկասկածել, որ եթե գաղտնի ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել կողմերի միջեւ, ապա ոչ միայն մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան արձանագրությունների վավերացմանը չի գնա, այլեւ Օբաման չի արտասանի «Ցեղասպանություն» եզրը: Եվ Վաշինգտոնն ու Անկարան կկարողանան հաղթահարել երկկողմ հարաբերություններում առաջացած լարվածության հերթական փուլը: Ստեղծված իրավիճակում հայկական կողմին այլ բան չի մնում, քան վերջակետ դնել «ողջամիտ ժամկետների» իրեն ակնհայտորեն սպառող քաղաքականությանը: Ապրիլի 24-ն այն ջրբաժանն է, որը պետք է ազատի Երեւանին կապանքներից ու բարոյական իրավունք վերապահի միակողամանիորեն դուրս գալու գործընթացից: Սերժ Սարգսյանի կոշտ ուղերձները թույլ են տալիս ենթադրելու, որ Երեւանը փորձում է որդեգրել այս կուրսը: Ողջ խնդիրն այն է` կունենա՞ իշխանությունն այդ քաղաքական կամքը, եւ արդյո՞ք միջազգային հանրությունը կհասկանա նման կեցվածքի որդեգրման իրական դրդապատճառները: Սարգսյանի հետ Օբամայի հանդիպումից հետո Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը, թե «Օբաման ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ, որ դա բխում է հայ ժողովրդի շահերից» հստակ ցույց է տալիս, որ Վաշինգտոնը փորձում է փակել Հայաստանի ետդարձի ճանապարհը: Չի բացառվում, որ Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի չնախատեսված հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ նման շրջադարձ կատարելու հարցում Մոսկվայի զորակցությունը ստանալու կամ առնվազն վերջինիս տրամադրությունները շոշափելու նպատակ էր հետապնդում: Սակայն թե կոնկրետ ինչի? կհանգեցնի այս պրոցեսը` պարզ կդառնա եթե ոչ ապրիլի 24-ի նախօրեին, ապա դրանից անմիջապես հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter