HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչ եկամուտ ունեք, մի բան էլ ավելի պետք է պարտք վերցնեք, տաք պետությանը եւ Կենտրոնական բանկին»

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհուրդ է տալիս Կառավարությանը եւ Կենտրոնական բանկին` չթաքցնել իրական վիճակը «Հետքն» իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է գյուղատնտեսական վարկերին: Առեւտրային բանկերի` դոլարով վարկ տրամադրելու արդյունքում շատ գյուղացիներ այսօր հայտնվել են դժվար կացության մեջ: Նրանցից շատերը ստիպված են վաճառել իրենց գույքը` տունը, հողատարածքները` վարկի տոկոսները դոլարի ներկայիս բարձր կուրսով մարելու համար: Այս հարցով դիմեցինք Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին: Պրն Արամյանը նշեց, որ սա կարեւոր հարց է, եւ հասարակության մեջ մի արատ գոյություն ունի, որ «մենք մշտապես կպնում ենք դոլարից ու մեզ ենթարկում փոխարժեքի ռիսկին»: «2006-ից այս կողմ ընդունվեց արժութային օրենքը, որը հիմնականում պաշտպանում էր սպառողական բնույթի վարկավորումը դրամով վերցնելը: Այն ժամանակ քննարկվում էր նաեւ, որ այլ վարկավորումները եւս դրամով վերցվեն: Բայց վարկավորումը պրոդուկտ է, որը բանկերը տալիս են: Ինչ-որ մեկը պետք է այդ ռիսկն իր վրա վերցնի: Բանկերին ասենքª չէ, ամբողջությամբ դու այդ ռիսկը քեզ վրա վերցրու, ապա դրա արդյունքը լինելու է այն, որ տոկոսադրույքներն են լավ բարձրացնելու»,- ասաց Վարդան Արամյանը: Փոխնախարարի խոսքերով` կոշտ սահմանափակումները կարող են ֆինանսական համակարգը դեպի ճգնաժամ տանել, որովհետեւ ֆինանսական համակարգն էլ, ըստ էության, ունենում է արժութային անհամապատասխանություն: Այդ դեպքում այն ամբողջությամբ կընկնի ֆինանսական ռիկսի տակ: Հակադարձելով նրան` Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ սա Կենտրոնական բանկի եւ Կառավարության վարած ոչ նպատակային քաղաքականության հետեւանք է: Ըստ նրա` եթե մենք խոսում ենք արտարժութային շուկայում ռիսկերի ապահովագրման համակարգի մասին, ապա կարեւոր դրույթներից մեկն էլ սա է, որը, Ա. Մինասյանի կարծիքով, մեր երկրում բացակայում է: Պատգամավորի վստահեցմամբ` ինչքան էլ Կառավարությունը հայտարարի, որ մենք ֆինանսական կենտրոն ենք դառնալու, տարրական կանոններն ու մոտեցումները չպահելովª հնարավոր չէ դառնալ այդպիսի կենտրոն: «Առավել եւսª Հայաստանի տնտեսության մեջ արժութային այնպիսի շրջանառություն ապահովել, որպեսզի մարդիկ չենթարկվեն այսպիսի կոպիտ ռիսկերի»,- ասում է նա: «Ես մի խորհուրդ ունեմ տալու Կառավարությանը եւ Կենտրոնական բանկին` բավական է թաքցնեք մեր իրական վիճակը: Կամ էլ գյուղացիական տնտեսություններին ասեք` հարգելիներս, դուք ինչ եկամուտ ունեք, մի բան էլ ավելի պետք է պարտք վերցնեք, տաք պետությանը եւ Կենտրոնական բանկին: Ես քաջ գիտակցում եմ, որ հիմնական խժռող օղակը առեւտրային բանկերն են, սակայն դա իրենք իրականացնում են այս երկու խոշոր կառույցների աջակցության միջոցով»,- ասաց նա: Վ. Արամյանը, ի պատասխան պատգամավորի, նշեց, որ ինքը խիստ դեմ է, որ ամեն ինչ, մանավանդ` փոխարժեքի շարժերը, վերագրվում են Կառավարությանը կամ Կենտրոնական բանկին: «Տնտեսագիտական գրականության մեջ կամ միջազգային փորձում նմանատիպ բան չկա»,- ասաց նա: Ա. Մինասյանն էլ փոխնախարարին խորհուրդ տվեց կարդալ Ամերիկայի Սահմանադրությունը եւ օրենքները եւ Միացյալ Նահանգների մակարդակով տեսնել, թե ինչ պատասխանատվություններ կան: «Մի շարք միջազգային փորձեր կան, եւ  նույնիսկ սահմանադրական նորմ է` եթե արժույթի կամ գնաճի նկատմամբ տարեկան ցուցանիշը խախտվում է, դա բերում է թե Կառավարության, թե Կենտրոնական բանկի հրաժարականին: Մենք օրենսդրական փոփոխությունների մակարդակով այդ հարցը պետք է լուծենք»,- ասաց նա: Վ. Արամյանն էլ նշեց, որ այն ժամանակ, երբ գյուղացիները վարկեր էին վերցնում, նրանց ձեռնտու էր տվյալ փոխարժեքով դոլարով վերցնելը: «Բայց մշտապես ռիսկ կա: Եթե վերցնում եմ, ես ինքս եմ դրա համար պատասխանատու»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ ամեն ինչ կանխատեսելի պետք է լինի մարդու համար: Այս խնդրով «Հետքը» դիմեց  նաեւ Կենտրոնական բանկին, որտեղից մեր հարցմանն ի պատասխան` ասացին, որ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 8.1 մասի համաձայն` բանկերը եւ վարկային կազմակերպությունները uպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն Հայաuտանի Հանրապետության դրամով, իսկ ձեռնարկատիրական փոխառություններն ու վարկերը կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով: Սպառողական փոխառության եւ վարկի կամ ձեռնարկատիրական փոխառության եւ վարկի սահմանումը տրված է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով: Այսինքն` ձեռնարկատիրական վարկերը կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով: Բանկերի կողմից նշված օրենքների պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական բանկը: Նշված հարցերի հետ կապված` առկա է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թ. փետրվարի 7-ի թիվ 1 պաշտոնական պարզաբանումը «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5.1 եւ 8.1 մասերի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter