HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Վաշինգտոնյան որոգայթներ

Ապրիլի 14-ին կայացած Ահմեդ Դավութօղլուի և Հիլարի Քլինթոնի հանդիպումից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել էր, թե Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացում գտնվում են կրիտիկական փուլում: Սակայն Թուրքիայի վարչապետի և ԱՄն նախագահի հետ հանդիպումներից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե Հայաստանի նախագահը կարճատև արձակուրդ է գնալու: Կարճատև արձակուրդ` կրիտիկական փուլում: Նախագահի արձակուրդ գնալու մասին հայտարարությունն ինքնանպատակ չէր: Այն ամբողջությամբ արտահայտում էր վաշինգտոնյան այցի հիմնական արդյունքները: Այն միանգամից հասկանալի դարձրեց Երևանի երկու հստակ ուղերձները: Առաջին`մենք ամեն ինչ արել ենք, այլևս նահանջի, զիջման տեղ չունենք և պրոցեսի շարունակականությունը մեզնից չէ, որ կախված է: Այլ կերպ ասած` Վաշինգտոնին և Անկարային հասկացվեց` եթե խնդիրներ կան, լուծեք իրար հետ: Երկրորդ`առաջիկա օրերին, ավելի կոնկրետ` մինչև ապրիլի 24-ը, բեկումնային որևէ բան տեղի չի ունենալու, Հայաստանը որդեգրում է սպասողական կեցվածք: Պարտավորությունների ուժը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Վաշինգտոնից տուն վերադառնալիս, օդանավում լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ուղղակորեն նշեց, որ մինչ ապրիլի 24-ը որևէ գործընթաց չի լինելու: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի վերադարձը Վաշինգտոն հուշում էր, որ Անկարան Սպիտակ տնից երաշխիքներ է ստացել, որ «Ցեղասպանություն» բառը Օբաման ապրիլի 24-ին չի օգտագործելու: Եվ չնայած դրան` Թուրքիան որոշակի սպասողական վիճակի մեջ է: Դրա պատճառը կարող է լինել այն, որ Թուրքիայի և ԱՄն-ի միջև կարող էր տեղի ունենալ հերթական, քաղաքական գործարքը, սակայն կողմերը նախկինի պես շարունակում են չվստահել միմյանց: Ինչու՞: Որքան էլ տարօրինակ է`միջուկային անվտանգության հարցով գագաթաժողովին մասնակցելու համար Վաշինգտոնից Ադրբեջանի նախագահին հրավեր չուղարկվեց: Այդպիսով Վաշինգտոնը հասկացրեց. իր ներկայիս նպատակը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է և որպես դրա առարկայական դրսևորում` երկու կողմերին ցյուրիխյան արձանագրությունների շուտափույթ վավերացմանը մղելը: Սա ոչ այնքան ուղղված էր Ադրբեջանի դեմ, որքան` Թուրքիայի: Վաշինգտոնն Անկարային հասկացրեց, թե չի փոխել սկզբունքային կեցվածքն այն հարցում, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացն այս փուլում չի շաղկապվում ղարաբաղյան կարգավորման պրոցեսի հետ: «Գործընթացն արգելակվեց անցյալ տարվա աշնանը, երբ Հայաստանը և Թուրքիան ստորագրեցին հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը և Թուրքիան վավերացնեն Արձանագրությունները, որոնք շահավետ են երկու երկրների համար»,-օրերս հայտարարեց ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին: Նա ուղղակի հայտարարել է նաև, թե Թուրքիան և Հայաստանը ստանձնել են հստակ պարտավորություններ և պետք է կատարեն դրանք: Վաշինգտոնն, ըստ էության, դեռ ամիսներ առաջ ողջունել էր անգամ Սահմանադրական Դատարանի կայացրած ոչ միանշանակ որոշումից հետո արձանագրությունները խորհրդարան ներկայացնելու Երևանի քայլը: Ավելին պաշտոնապես ԱՄՆ-ն որևէ առարկություն չներկայացրեց Հայաստանի որդեգրած այն կեցվածքի կապակցությամբ, թե արձանագրությունները Ազգային ժողովը կվավերացնի միայն այն բանից հետո, երբ նույնը կանի Անկարան: Այսինքն`Վաշինգտոնն այդպիսով ցույց տվեց, որ Հայաստանն իր մասով ստանձնած պարտավորությունների առաջին մասը կատարել է: Առավելևս, որ ՀՀ նախագահը Լոնդոնում հստակ հայտարարեց, թե ինքն անձամբ երաշխավորում է, որ թուրքական Մեջլիսի արձանագրություններն առանց վերապահումների վավերացվելու պարագայում դրանք անպայման կվավերացվեն նաև ՀՀ Ազգային ժողովում: Որոգայթ Թուրքիայի համար Այսպիսով Ալիևին Վաշինգտոն չհրավիրելով` Սպիտակ տունը կաշկանդեց Անկարայի ձեռքերը և հստակ հասկացրեց, որ հերթական քայլն անելու ժամանակը Թուրքիայինն է և վերջինս չի կարող կրկին դրանք ղարաբաղյան կարգավորման գործընթացով պայմանավերելու միջոցով մանևրել իր իսկ ստանձնած պարտավորությունի ու պահանջների արանքում: Սակայն հարց է առաջանում` ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու խնդրում այսպիսի հետևողականության ցուցաբերումը: Դրա համար ԱՄՆ-ն երեք փոխշաղկապված հիմք կարող է ունենալ: Առաջին`արձանագրություններն ստորագրելուց առաջ կամ այդ ընթացքում Թուրքիան, գրավոր կամ բանավոր տվել է հստակ խոստում, որ արագ վավերացնելու է արձանագրությունները, այսինքն դրանք որևէ այլ պրոցեսի կամ իրողությունների հետ չի կապելու: Դրա համար էլ, թերևս, արձանագրություններում ԼՂ մասին ուղղակի ակնարկ գոյություն չունի: Երկրորդ` Հայաստանը տվել է հստակ խոստում կամ երաշխիք, որ եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները և բացի Հայաստանի հետ սահմանները, ապա ընդունելու է ԼՂ հակամարտության կարգավորման` սեղանին դրված մադրիդյան սկզբունքները և հակամարտության կարգավորման հաշտության մեծ պայմանագրի մշակման համար դրանք ընդունելու է որպես հիմք: Եվ երրորդ, ԱՄՆ-ն շահագրգռված է և ակնհայտորեն շտապում է հնարավորինս արագ լուծելու Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության խնդիրը` դրանից բխող, իր շահերին համապատասխանող բոլոր հետևանքներով, հատկապես որովհետև ուզում է օգտագերծել նաև այս հարցում Ռուսաստանի լոյալ դիրքորոշումը: Վաշինգտոնում տեղի ունեցածը պետք է ընկալել այս խիստ իրատեսական պայմանավորվածությունների համատեքստում: ԱՄՆ-ն, ստանձնելով հայ-թուրքական հաշտեցման գործընթացի «կնքահոր» դերը, չէր կարող չնկատել և հանդուրժել Ադրբեջանին հսկայական ծառայություններ մատուցելու համար և ԼՂ հարցում առավելագույն դիվիդենտներ շահելու նկատառումով, ստանձնած պարտավորություններից խուսափելու Անկարայի փորձերը, որոնք ձգվում են արդեն 6 ամիս շարունակ: Եթե անգամ Օբաման ապրիլի 24-ին «Ցեղասպանություն» բարը չօգտագործի իր ամենամյա ուղերձում, դա չի նշանակում, թե Անկարան հնարավորություն է ստանում մեկ տարի էլ հետաձգել այդ հարցը: Վաշինգտոնն ունի պահեստային տարբերակ` ի դեմս Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ընդունված 252 բանաձևի ու կարող է ցանկացած պահի այն շրջանառության մեջ դնել արդեն Ներկայացուցիչների պալատում: Եվ Օբամայի վարչակազմը կարող է առնվազն աչք փակել 252-ի վեածննդի նկատմամբ, եթե Թուրքիան փորձի կրկին շեղվել տված խոստումներից: Ավելին. 252-ի վերածնունդը նույնիսկ շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Եթե Օբամայի ուղերձում «Ցեղասպանություն» տերմինի օգտագործման իրավական հետևանքը խիստ մշուշոտ է, ապա 252-ի ընդունումը Կոնգրեսում նշանակելու է, որ այդ հարցը մեխանիկորեն մտնելու է Սենատի քննարկման օրակարգ, այսինքն բոլոր հնարավորություններն ստեղծվելու են, որպեսզի ԱՄՆ-ն արդեն օրենսդրական մակարդակով ընդունի Ցեղասպանության փաստը: Ամենայն հավանականությամբ Օբաման կամ Քլինթոնը Վաշինգտոնում հենց դա են հասկացրել Էրդողանին, իհարկե, եթե այլ «կոմպրոմատներ» ներկայացնելու անհրաժոշտություն չի եղել: Հակառակ դեպքում ոչինչ չէր ստիպի Էրդողանին Վաշինգտոն գալ «խրոխտ», իսկ այնտեղից Անկարա վերադառնալ «հուսահատված» կեցվածքով: Ուշադրություն դարձնենք` նախ Դավութօղլուն Վաշինգտոնում հայտարարեց, թե իրենք շահագրգռված են Հայաստանի հետ ստորագրած արձանագրություններն արագ վավերացնելու հարցում: Իսկ Թուրքիայի վարչապետը, շատ ավելի հեռուն գնալով, իրեն ոչ բնորոշ, պարտվողական շեշտադրումներով հայտարարություն. «Մենք հայ-ադրբեջանական լարվածությունը դիտարկում ենք, որպես վտանգ: Հայերը երկու շրջանից եթե ետ քաշվեն, կարգավորումը կարագանա»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը, ով մինչ այդ պահանջում էր Ադրբեջանին վերադարձնել անխտիր բոլոր գրավված շրջանները յադ թվում նաև` ԼՂ-ն: Ակնհայտ է, որ դա հուսահատ քայլ էր`Հայաստանին ինչ-որ զիջումների դրդելու, շահագրգռելու համար, չնայած նույնիսկ Էրդողանն ինքն էլ չի հավատում, թե Հայաստանը կուլ կտա այդ պարզունակ խայծը: Այս իրողությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը հենց Ցեղասպանության ճանաչման գործընթացի հնարավոր վերսկսման դիմաց Թուրքիայից պահանջում է վավերացնել արձանագրությունները և դրա անհրաժեշտության հետ կապված ազդել Բաքվի կարծր դիրքորոշման վրա: Ուստի պատահական չէ, որ Վաշինգտոնից վերադառնալուց հետո Թուրքիայի արտգործնախարարը շտապում է մեկնել… Բաքու: Որոգայթներ` Ադրբեջանի համար Այս ամենի արդյունքում ամենադժվարին կացության մեջ հայտնվել է Ադրբեջանը: վերջինս ուզում էր Վաշինգտոնում Թուրքիայի ձեռքով իր համար արձանագրությունների «կրակից» շագանակներ հանել և վերջնականապես ամրապնդել մադրիդյան նորացված սկզբունքներն ընդունել տալու հարցում Հայաստանի նկատմամբ թուրք-ամերիկյան ուժեղ ճնշման հնարավորությունը: «Կարծում ենք, որ ամերիկացիները պետք է ոչ միայն օգնեն Հայաստանին՝ հաղթահարել տնտեսական ճգնաժամը, այլև որպես ԼՂ բանակցություններում միջնորդ, առաջին հերթին նպաստեն Ղարաբաղի հակամարտության լուծմանը»,–օրերս հայտարարեց Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական–քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը` ավելացնելով, թե Վաշինգտոնի նման կեցվածքը կարող է ստիպել Բաքվին` վերանայել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները: Ադրբեջանն ակնհայտորեն կրկին դիմում է իր ավանդական նավթային շանտաժին: Որոգայթներ Հայաստանի համար Սակայն նշանակու՞մ է այս ամենն արդյոք, որ Հայաստանն իսկապես պատվով դուրս եկավ ստեղծված իրավիճակից և որ սա հայկական դիվանագիտության հաղթանակն էր: Միացյալ Նահանգներն Անկարային հիշեցնում է ստանձնած պարտավորությունների ու դրանք կատարելու այլընտրանքի բացակայության մասին: Սակայն դրան զուգահեռ ակնարկում է, որ նաև Հայաստանն ունի այդպիսի պարտավորություններ: Դրանք վերաբերում են ոչ միայն արձանագրությունների վավերացմանը, այլ նաև ԼՂ հիմնահարցին: Պատահական չէ Ֆիլիպ Քրոուլի առավել քան խոսուն ակնարկը. «Ղարաբաղյան գործընթացն արգելակվեց անցյալ տարվա աշնանը, երբ Հայաստանը և Թուրքիան ստորագրեցին հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը և Թուրքիան վավերացնեն Արձանագրությունները, որոնք շահավետ են երկու երկրների համար»: Այլ կերպ ասած` ԱՄՆ-ն արձանագրությունների վավերացումը դիտարկում է նաև որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախադրյալ: Այն, որ ԼՂ հիմնախնդրի լուծումն ավելի կարևոր ու առարկայական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, մոտ մեկ ամիս առաջ շատ հստակ հայտարարեց նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այսինքն` այսպես թե այնպես` հայ-թուրքական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները շարունակում են լինել ոչ թե զուգահեռ, այլ փոխշաղկապված: Եվ չի կարելի բացառել, ավելի ճիշտ նույնիսկ շատ հնարավոր է, որ երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացումից հետո ԱՄՆ-ն իր ողջ ճնշամիջոցներով կշրջվի դեպի Հայաստանը` հիշեցնելով հենց արձանագրությունների վավերացումը և դրա հետ կապված Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Այսինքն` այն ուռկանի մեջ, որում այսօր Թուրքիան է, վաղը «մեծ հաջողությամբ» կարող է հայտնվել Հայաստանը: Սակայ այս ամենի մասին` առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter