HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյուղացիները դժգոհում են կարճաժամկետ եւ բարձր տոկոսներով վարկային քաղաքականությունից

Շիրակի մարզի Բայանդուր համայնքի 168 ընտանիքներից 74-ը վարկառուներ են, այսինքն` գյուղի 70-80 տոկոսն օգտվում է որեւէ բանկի կամ հիմնադրամի ծառայություններից: Բայանդուրցիները հիմնականում գյուղատնտեսական վարկեր վերցնում են «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկից», «Կամուրջ» եւ «Ֆինքա» հիմնադրամներից: Վարկերից օգտվում է նաեւ համայնքի ղեկավար Հովակիմ Սարգսյանը: «Առանց վարկի հնարավոր չէ, հավատացեք,- ասում է պրն Սարգսյանը,- բայց էն պայմանները, որ դնում են մեր բանկերը, էն քաղաքականությունը, որ վարում է մեր Կառավարությունը, 1-2 տարի հետո գյուղերը դատարկելու է, մարդիկ չեն կարողանում հող մշակել ու եկամուտ ստանալ: Հազիվ կարողանում են պարտքերը փակել: Ես ինքս մտածում եմ գյուղից հեռանալու մասին»: Բայանդուրի համայնքապետն անցած տարի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկից» 1300 դոլար վարկ է վերցրել 8 ամիս մարման ժամկետով, տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով: Բացի մայր գումարից ու տոկոսներից, հավելյալ 300 ԱՄՆ դոլար է վճարել` կապված արտարժույթի կուրսի փոփոխության հետ: «Առաջին անգամ բանկից գումար վերցնողի վրա տոկոսը 24-ի տեղը 36 է նստում,- իր հաշվարկներն է ներկայացնում Հովակիմ Սարգսյանը,-18000 դրամ բանկի միջնորդավճարն եմ տվել, 30 հազար դրամ անպայման վերցնում են, որ հաշվիդ վրա գումար ունենաս, 5000 դրամ էլ բանկի անդամ դառնալու համար եմ տվել: Այսինքն` դեռ բանկում 53 հազար դրամ թողնում ես իրենց»: Այս տարվա հունվարին Հովակիմ Սարգսյանը վարկավորման համար դիմել է նույն բանկին: «Այս անգամ 2100 դոլար եմ վերցրել, 1,5 տարի մարման ժամկետով, 24 տոկոս տոկոսադրույքով, էլի դնելու եմ գյուղատնտեսության մեջ, բայց վստահ չեմ, թե շահելու եմ, ուղղակի ուրիշ տարբերակ չունեմ: Անցած տարի կարտոֆիլի մշակության համար էի վերցրել, տուժեցի, այս տարի էլ նույն գործն եմ անելու, բնությունն ինչ-որ կամեցավ: Էսօրվա դրությամբ միայն բանկն է, որ հստակ գիտի իր անելիքը»,-ասում է Հ. Սարգսյանը: Համայնքապետը պատմեց, որ գյուղում բնակիչ ունեն, ով «ԱԿԲԱ»-ից 3 մլն դրամ վարկ է վերցրել գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Տարին անհաջող է եղել, եւ որպեսզի կարողանա գումարն ամբողջությամբ մարել, մեկ այլ` «ՎՏԲ-Հայաստան» բանկում գյուղտեխնիկա է գրավադրել, վերցրած գումարով փակել է ԱԿԲԱ-ից վերցրած վարկը: Հիմա էլ մեկնել է արտագնա աշխատանքի, որպեսզի գումար աշխատի «ՎՏԲ-Հայաստան» բանկից վերցրած վարկի գումարը մարի: Բայանդուրցի Սմբատյանների ընտանիքում «բանկ» եւ «տոկոս» բառերը հավասարազոր են սառը ցնցուղի, հատկապես տանտիկնոջ համար, ով խոստովանեց, որ ճիշտ է, երբեք չի հետաքրքրվել, թե ամուսինն ու որդին ինչքան գումար են վերցնում կամ ինչքան տոկոս են տալիս, բայց անգիր գիտի «բանկի օրերը»: «Հըլը ամիսըմ առաջ արդեն սաղ կխառնվին իրար, թե էսինչ օրը պիտի բանկին փող տանք ու միշտ կզգուշացնեն, թե ավելորդ ծախսեր չէնեք, որ փողը հերիքի»,- պատմում է Արմենուհի Սմբատյանը: Արմենուհու ամուսինը` Արշակ Սմբատյանը, երդվում է, որ այլեւս բանկերի հետ գործ չի ունենալու: «Երկու բանկերից ենք օգտվել հիմնականում` «ՎՏԲ-Հայասատան» եւ «ԱԿԲԱ», էն առաջինից գոհ էինք, որովհետեւ դրամով կուտար վարկը ու փակվելուց վրեդ չէր թվացնե, բայց դոլարով փող փակվելն որ չիդես, թե քնիս-զարթնիս` էդ օրն ինչ կուրս կեղնի, շատ դժվար է: «ՎՏԲ-Հայաստան»-ից վերցրած 1,5 մլն դրամ փակվելը վրեքս էդքան չթվացրեց, ինչքան ԱԿԲԱ-ից վերցրած 840 հազար դրամը, ԱԳԲԱ-ի դոլարով տալը լրիվ գյուղացու տունը քանդել է»,- ասում է Արշակ Սմբատյանը: Կարտոֆիլի մշակության նպատակով Սմբատյանները 2008 թ. «ՎՏԲ-Հայաստան» բանկից վերցրել են 1մլն 500 հազար դրամ, 2 տարի մարման ժամկետով, 20 տոկոս տոկոսադրույքով: Գրավադրել էին կոմբայնը, որը բանկը գնահատել էր 2մլն 500 հազար դրամ: 2009 թ. ապրիլին, դեռ նախորդ վարկը չմարած, հարկ է եղել կրկին դիմել բանկերի օգնությանը, ու այս անգամ Արշակ Սմբատյանը վարկ է վերցրել ԱԿԲԱ-ից` 1800 դոլար, 1 տարի մարման ժամկետով, տարեկան 20 տոկոս տոկոսադույքով: Այս բանկում Արշակը գրավադրել է խոտհնձիչ մեքենան, որը բանկը գնահատել է 1մլն 200 հազար դրամ` վերջինիս շուկայական արժեքից 3-4 անգամ պակաս: «ԱԿԲԱ»-ում առաջարկել են վերցնել կամ 1800 դոլարը կամ նույն գումարին համարժեք դրամ: Սմբատյանները նախընտրել են դրամ վերցնել` հաշվարկած օրվա կուրսով, սակայն բոլոր մարումները կատարել են դոլարով: 2010 թ. մարտին փակել են «ՎՏԲ-Հայաստան» բանկից դրամով վերցրած վարկը, իսկ ապրիլի 6-ին` ԱԿԲԱ-ի նկատմամբ ունեցած պարտավորությունը: «Բայց հըլը հարցրու ի՞նչ գնով,- դժգոհում է տանտիկինը,- ապրիլին ինչքան խոզ ունեինք, մորթեցինք, գոմում երկու կով է մնացել, երկու հատ էլ էրինջ: Բայց ճար չունեինք, հո չէինք թողնի, որ վրեքս դատական գործ էղներ, կամ էլ տեխնիկան ծախեին: Էդ օրը որ պիտի բանկի փողը փակվեին, ստիպված էղանք գյուղից տոկոսով փող տվող մեկիցմ փող վերցնելու, որ բանկի գումարը տանք, հետո էլ խոզերը մորթեցինք-ծախինք, որ էն մարդու փողը տանք, էս էլ քեզի փողի կարուսել: Էս ինչ որ կպատմեմ, քանիմ օր առաջ է եղել»: Արշակը պատմում է, որ հատկապես անցած տարի կարտոֆիլի մշակության նպատակով վերցրած գումարը «անխիղճ» սերմ վաճառողների պատճառով, կարելի է ասել, փոշիացրին: «Սերմացուն առել էի 300 դրամով, 10 տոննա սերմ էի առել, 1 պարկ պարարտանյութն անցած տարի 9000 դրամով կծախեին, 30 պարկ առել եմ,- պատմում է Արշակ Սմբատյանը,- դե վար է, ցանք է, թունաքիմիկատ է, բանվորի փող է, հաշվեք, էլի, վերջում էլ կարտոշկեն թողի դաշտի երեսը, տուն եկա, սաղ հոտած էր, սերմն էն գլխից վնասված էին ծախել վրեքս: Ընդամենը 20 տոննա բերք հավաքեցի: Իմ հաշվարկով` պիտի 2000 դոլար եկամուտ ունենայի, մի բան էլ անասունից զրկվեցի, որ բանկին հանկարծ պարտք չմնամ: Ահա էս էլ գյուղացու կյանք: Եթե պիտի պետությունն էս ձեւով գյուղատնտեսություն պահի, չեմ էլ ասում` զարգացնի, ուրեմն շատ շուտով կմնա մենակ էդ սարերի ու հանքերի հույսին»: Արշակ Սմբատյանն, ինչպես բոլոր վարկառու գյուղացիները, պնդում է նույն բանը` ցածր տոկոսադրույքներով, երկարաժամկետ վարկեր, բանկային մեղմ քաղաքականություն, պետական հոգածություն: «Անցած տարի էր, հեռուստատեսությամբ հայտարարեցին, թե Վանաձորի թունաքիմիկատների գործարանը պիտի աշխատի, մենք պիտի մերը ունենանք, գյուղացի ջան, էլ մտածելու բան չունես, որակով ապրանք կառնիս, բայց էլի ներկրածը ծախեցին վրեքս: Պարսկաստանից, Վրաստանից կբերեն, պարկի վրա գրած է` ամիակը 37 տոկոս, բայց սուտ է, էդքան չկա: Էս տարի 1 պարկ թունաքիմիկատի գինը դրել են 7900 դրամ, գինը գյուղացու համար բարձր է, էլ ի՞նչ սեւ հող տա իրա գլխին գյուղացին, որ վարկ չվերցնի: Եթե մեր պետության նպատակն է, որ մի երկուսը գերշահույթ ստանան, ուրեմն էս երկրի գյուղատնտեսությունը վարի կուտան»,- ասում է Ա.Սմբատյանը: Սմբատյանները որոշել են այս տարի հողը չմշակել: Տղայի` 2009 թ. դեկտեմբերին նույն ԱԿԲԱ-ից վերցրած 5800 դոլարը օգտագործել ունեցած գյուղտեխնիկան թարմացնելու նպատակով: Այս տարի տեխնիկայից ստացվող եկամտով են ապրելու: Բայանդուրի համայնքապետ Հովակիմ Սարգսյանի կարծիքով` եթե բանկերն այնքան հակված են արտարժույթով իրենց գործունեությունը կազմակերպել, պետությունն էլ որեւէ ձեւով չի միջամտում դրան, ապա գոնե փորձեին կիրառել նույն այդ արժույթը թողարկող երկրի փորձը: «Ամերիկյան պետության ձեւավորման սկզբում ամեն մի բնակավայրում ստեղծել էին տեղական բանկեր, կոչվում էին «կրեդիտնի կանտորաներ», որոնք պետությունից վերցրած գումարներով վարկավորում էին մարդկանց ու դրա համար որեւէ մեկից գրավ չէին էլ ուզում, դրա դիմաց պարտաթղթեր էին տալիս: Կարծում եմ` նման բան մեզ մոտ էլ կարելի էր անել: Եթե պետությունն ուզում է, որ գյուղատնտեսությունը չեմ ասում` զարգանա, բայց գոնե չմեռնի, պետք է գյուղացուն աջակցի, գոնե սուբսիդավորում հատկացնի, եթե չի կարողանում կարգավորել բանկերի գործելակերպը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter