HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թուրք-ադրբեջանական նոր մարտավարությունը եւ հայկական անորոշ որոշումը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվա մեկնեց հենց այն օրը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահները ժամանեցին Բաքու: Անցած շաբաթ միջուկային անվտանգության հարցով վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում կայացած խաչաձեւ հանդիպումնեից ու բանակցություններից հետո Հայաստանի նախագահի այս այցը հատուկ նշանակություն ունի: Դեռ Վաշինգտոնում, Թուրքիայի վարչապետի եւ ԱՄՆ նախագահ Օբամայի հետ հանդիպումներից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Եվ եթե Մոսկվա մեկնելու անհրաժեշտություն է ծագել անգամ այդ հանդիպումից հետո, ապա ակնհայտ է, որ Մեդվեդեւի հետ հանդիպումը հայ-թուրքական հաշտեցման ու հատկապես ղարաբաղյան կարգավորման հարցերում Հայաստանի իշխանությունների վերջնական կողմնորոշման համար դառնում է առանցքային: Անցած հինգշաբթի ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ շուտով նախագահը հանրությանը կներկայացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա քայլերի մասին իր որոշումը: Ի՞նչ որոշման մասին է խոսքը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնից վերադառնալուց հետո առաջին աշխատանքային այցը կատարեց Բաքու: Եվ Մինսկի խմբի երկու համանախագահների այցը Ադրբեջան անմիջապես տեղի ունեցավ Դավութօղլուի այդ այցից հետո: Իր ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ հետբանակցային մամլո ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարեց. «Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը եւ ադրբեջանական տարածքների ազատագրումը օկուպացիայից հանդիսանում է մեր առաքելության բաղկացուցիչ մասը»: Նույն ընթացքում Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրվել են այն հույսով, որ «օկուպացված» տարածքների ազատման հարցը լուծվելու է: Մինչդեռ, հիշեցնենք` Վաշինգտոնից Անկարա վերադառնալիս Էրդողանն ուղղակի խնդրում էր Հայաստանին գործընթացն առաջ մղելու համար Ադրբեջանին հանձնել իր վերահսկողության տակ գտնվող գոնե երկու շրջան: Թուրքիայի դիրքորոշումներում ի հայտ եկած այս հակասությունները վկայում են, որ ԱՄՆ-ում անհաջողության մատնվելուց հետո Անկարան փորձում է փոխել իր մարտավարությունը: Իմաստն այն է, որ Թուրքիան որոշակիորեն ձերբազատվում է Ադրբեջանի «խոսնակի» կամ շահերի պաշտպանի դերակատարումից, որը ստանձնել էր վերջին մի քանի ամիսների ընթացքում եւ առաջին պլան է մղում Ադրբեջանին: Այսպիսով, Անկարան Վաշինգտոնին հասկացնում է, որ չի փորձելու ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ` մեղմելու վերջինիս կարծր դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում: Եվ չի հրաժարվելու ԼՂ հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների նախապայման դիտարկելու քաղաքական կուրսից, այլ ճիշտ հակառակը` ակտիվացնելու է Ադրբեջանին եւ բացահայտ կանգնելու է նրա շահերի թիկունքին: Եվ Թուրքիան արդեն սկսում է խոսել առանց ենթատեքստերի: Էրդողանն առանց սեթեւեթանքների օրերս հայտարարեց, թե ԼՂ հիմնահարցը ոչ թե իրենց, այլ Ադրբեջանի նախապայմանն է: Եվ թուրք-ադրբեջանական տանդեմի որդեգրած այս նոր մարտավարության դրսեւորումներն ակնհայտ են: Ա. Անկարան սկսել է անթաքույց քայլեր ձեռնարկել` արձանագրություններում Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման դիտարկելու իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ: «Մենք կանգնած ենք այն նույն դիրքերում, ինչ ստորագրված է Ցյուրիխում: Սակայն արձանագրությունների տեքստում կա այսպիսի արտահայտություն. «տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար...»: Ներկայում խաղաղության ապահովման համար առկա է խնդիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Մենք պետք է ձգտենք ապահովել խաղաղություն, որովհետեւ հենց դա է սահմանները փակելու պատճառը»,- ասում է Էրդողանը: Հիշեցնենք` նախկինում Անկարան ընդունում էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման մասին արձանագրության մեջ ոչինչ չկա: Բ. Առաջին պլան մղելով Բաքվին` Անկարան վերջինիս նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու կամ հակամարտության կարգավորման խնդիրն այլ հարթություններ տեղափոխելու հարց է բարձրացնում` պատճառաբանելով ՄԽ անգործությունը: Հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել հակամարտության կարգավորմանը միջամտելու եւ այդ շրջանակներում կարգավորման առաջարկներ ներկայացնելու Իրանի հավակնություններին Բաքվի հապշտապ դրական արձագանքը: Իսկ վաշինգտոնյան բանակցությունները դեռ չավարտված` Բաքուն ԱՄՆ-ին սկսեց մեղադրել միանշանակ պրոհայկական դիրքորոշում որդեգրելու եւ բանակցություններում, ըստ այդմ, կողմնակալ մոտեցում ցուցաբերելու մեջ: Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Ալի Ահմեդովը օրերս հայտարարեց, թե քանի որ Մինսկի խումբը արդյունավետ չի աշխատում, ապա անհրաժեշտ է փոխել նրա ձեւաչափը, եւ «Թուրքիան այդ ձեւաչափի համար լավագույն թեկնածուն է»: Գ. Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փորձում է տեղափոխել միջնորդ երկրների կողմից Հայաստանի նկատմամբ միակողամի քաղաքական, տնտեսական ճնշումներ բանեցնելու հարթություն, ավելին` կարգավորման գործընթացը սկսել է մատուցել ոչ թե փոխզիջումների սկզբունքի, այլ Հայաստանի եւ հայկական կողմի միանշանակ կապիտուլյացիայի պրիզմայով: Եվ այս գիծը միջազգային հանրությանը պարտադրելու համար Բաքուն կիրառում է շանտաժային ճիշտ այնպիսի մեթոդներ, ինչպիսիք սովորաբար անհրաժեշտ պահին կիրառում է Անկարան: Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահ Վիտալի Բեգլյարբեկովը հայտարարել է, թե Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ-2» հանքավայրի շահագործումը, որի վրա է հիմնվում «ՆԱԲՈՒԿՈ» մեծ նախագիծը, հետաձգվել է մինչեւ 2017 թ.: Գուցե պատահականություն է, սակայն փաստ է, որ այս հայտարարությունը Բաքուն հնչեցրեց Դավութօղլուի` Բաքվից հեռանալուց անմիջապես հետո եւ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի ժամանման նախօրեին: Իսկ Միլի Մեջլիսում իշխող կուսակցության ներկայացուցիչները շրջանառության մեջ դրեցին ԱՄՆ-ին պատժելու մի մեխանիզմ, համաձայն որի` էներգառեսուրսների ոլորտում ամերիկյան ներդրումները պետք է կտրուկ նվազեցնել: Դրան զուգահեռ, Բաքուն հետաձգեց հաջորդ ամիս նախատեսված ադրբեջանա-ամերիկյան համատեղ զորավարժությունները: Այն փաստը, որ ԱՄՆ-ում տապալվելուց հետո Անկարան ավելի կոշտացրեց իր դիրքորոշումը, Հայաստանին ստիպում է հնարավորինս շուտ դուրս գալ արձանագրությունների տեսք ստացած այս մղձավանջից եւ հստակ հայտարարել, թե երբ է ավարտվում «խելամիտ ժամկետների»` բացառապես Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին ծառայող ռեժիմը: Ըստ էության, ՀՀ նախագահը ձգտում է Մոսկվայում աջակցություն ստանալ այս հարցում, որի հետեւանքներն անմիջապես պրոյեկտվելու են ղարաբաղյան կարգավորման պրոցեսի վրա: Հենց այս որոշման մասին էր, թերեւս, խոսում նախագահի մամլո խոսնակը, հակառակ դեպքում ընդհանրապես որեւէ իմաստ չկար հայտարարություն հնչեցնել ինչ-որ որոշում ունենալու մասին: Այս առումով նախագահի մոսկովյան այցը նաեւ խորհրդանշական է. վերջապես որոշակի կդառնա, թե ինչ արժեն Մոսկվայի համար Հայաստանի հետ ռազմավարական հռչակված հարաբերությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter