HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամեն րոպե աշխարհում մեկ կին մահանում է հղիության ընթացքում կամ ծննդաբերելիս

Վաղը` ապրիլի 23-ին, Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի «Երեխայի առողջությունն առաջնային է» համաշխարհային արշավը, որը կտեւի հինգ տարի: Արշավը նախաձեռնել է World Vision կազմակերպությունը. այն այս պահին իրականացվում է աշխարհի մի շարք երկրներում եւ նպատակ ունի վեր հանել եւ լուծել մոր եւ մանկան ոլորտում առկա խնդիրները: Աշխարհում մեծացել են մանկական մահացության դեպքերը: Թեեւ Հայաստանում իրավիճակը շատ տագնապալի չէ, սակայն պետք է ամեն ինչ անել` հնարավոր մահացությունները կանխարգելելու համար: World Vision միջազգային կազմակերպության գլխավոր խմբագիր, լրագրող Նայջլ Մարշը նշում է, որ ամեն օր աշխարհում մահացող երեխաներից 24000-ն անհարկի է մահանում, նրանց մահը կարելի էր կանխարգելել: «Ու հիմա արշավ ենք սկսել աշխարհի տարբեր երկրներում, որպեսզի կարողանանք կանխարգելել երեխաների մահը»,- ասում է նա: Ն. Մարշի խոսքով`  իրենց հիմնական ուշադրությունը սեւեռված է երեխաների վրա: «Երբ տեսանք, որ երեխաների առողջական վիճակը վատ է, սկսեցինք նման ծրագրեր մշակել: Հասկացանք, որ անելիքների ունենք, քանի որ շատ մահեր կարելի էր կանխարգելել: Մենք պետք է կարողանանք բոլոր երեխաների հետ հավասարապես աշխատել, ու բոլորը պետք է աջակցեն դրան: Միայն մի թեւը չի կարող միայնակ աշխատել: Բոլորս որոշակի պատասխանատվություն ունենք այս հարցում»,- ասում է նա: Հնգամյա այս արշավի շրջանակներում Հայաստանը կհայտնվի աշխարհի ուշադրության կենտրոնում: Ն. Մարշի վստահեցմամբ` հնարավոր կլինի դրական տեղաշարժ ապահովել: «Երեխայի առողջությունն առաջնային է» ծրագրի ղեկավար Նարինե Ղարախանյանն էլ ասում է, որ իրենց հիմնական նպատակներն են երեխաների մահացության նվազումը եւ մայրական առողջության բարելավումը: Իսկ ծրագրի թիրախային խումբը Կառավարությունն է, Ազգային ժողովը, Առողջապահության նախարարությունը եւ բոլոր այն կառույցները, որոնք պատասխանատու են առողջապահական ոլորտի համար: Ն. Ղարախանյանի խոսքով` իրենք հետազոտություններ են անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ պետական կառավարման մարմինները պետք է մտածեն, թե որքան գումար են տրամադրում այս ոլորտին, եւ արդյո՞ք այդ գումարը բավական է: «Կարեւոր է մոնիտորինգը, քանի որ այս ոլորտը հստակեցման կարիք ունի: Շատ կարեւոր է նաեւ կադրերի հարցը. պետք է շրջաններում էլ լինեն այն նեղ մասնագետ-բժիշկները, որոնք կան Երեւանում»,- ասաց նա` նշելով, որ կարեւոր է նաեւ մարդկանց իրազեկվածությունը: Ծրագրի ղեկավարի խոսքով` հիվանդության կարեւորագույն գործոններից է ժառանգականությունը` 10 տոկոս, առողջապահությունը` 20 տոկոս, իսկ մնացած 70 տոկոսը բաժին է ընկնում միջավայրին եւ կենսակերպին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աղքատ ընտանիքներում երեխաների մահացությունը 3 անգամ ավելի շատ է, քան բարեկեցիկ ընտանիքներում: Սա, Ն. Ղարախանյանի խոսքերով, պետք է լուրջ մտահոգության տեղիք տա: Աշխարհում յուրաքանչյուր րոպե կյանքի առաջին վայրկյաններին մահանում է 5 երեխա, ամեն րոպե 8 երեխա մահանում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, 8 երեխա մեռած է ծնվում, եւ մեկ կին հղիության ընթացքում կամ ծննդաբերելիս մահանում է: Հայաստանում 2008 թ. գրանցվել է երեխաների մահացության 442 դեպք, ինչը նշանակում է, որ ամեն օր մեկ կամ ավելի երեխա է մահանում: Մինչեւ մեկ տարեկան մահացած ամեն վեցերորդ երեխան տանն է մահանում: 0-5 տարեկան մահացած երեխաների 80 տոկոսից ավելին մինչեւ մեկ տարեկան է: Գնալով ավելի շատանում են երեխաների` դժբախտ պատահարների հետեւանքով մահերը: Հայաստանում այսօր երեխաների մահացության ամենամեծ տոկոսը կազմում է 22 շաբաթականից մինչեւ մեկ ամսական հասակին մոտ: Հայաստանում մանկական մահացության պատճառներից առաջինը պերինատալ (հղիության) շրջանում առաջացած հիվանդություններն են, ապա` բնածին արատները, այնուհետեւ` շնչառական վարակներն ու փորլուծային հիվանդությունները: Մանկական մահացության շատ դեպքեր կարելի է կանխել` հիվանդության վաղաժամ բացահայտման ու բուժման միջոցով: Թոքաբորբ հիվանդությունը մանկական մահացության առաջնային պատճառներից մեկն է: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թոքաբորբի հետեւանքով մահացության 85 տոկոսը կարելի է կանխարգելել` հիվանդության վաղաժամ հայտնաբերման ու բուժման միջոցով: Կարեւոր է նաեւ երեխաների թերսնուցման խնդիրը, այն լուրջ  պատճառ կարող է դառնալ, որպեսզի երեխայի մահանալու հավանականությունը մեծանա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրծքով սնուցվող երեխաները վեց անգամ ավելի քիչ հավանականություն ունեն մահանալու մինչեւ երկու ամսական տարիքը: Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, մեծ է նաեւ մայրական մահացությունը: Տարեկան տվյալներով` 100 000-ից 25 կին ծննդաբերության ժամանակ մահանում է: 2003-2009 թթ. ընթացքում Հայաստանում 78 կին մահացել է հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան բարդություններից, որոնցից 7-ըª արտահիվանդանոցային պայմաններում: Սակայն, ինչպես նշում է Ն. Մարշը, 78 մահերից 60-ը կարելի էր կանխարգելել, եթե ծննդօգնության հիմնարկներն ունենային բարձր պատրաստվածություն` ցուցաբերելու անհրաժեշտ որակյալ բուժօգնություն: Մայրական մահացության պատճառների մեջ գերակշռում են մանկաբարձական արյունահոսությունները: Շատացել է նաեւ այն մայրերի մահացությունը, ովքեր ունեն արյան բարձր ճնշում: Թե մայրական, թե երեխաների մահացության առումով համայնքներում իրավիճակն ավելի ծանր է: Ծառայությունների մատչելիությունը մարզերում ապրողների համար շատ լուրջ խնդիր է: «Երեխայի առողջությունն առաջնային է» ծրագրի նպատակներից մեկն էլ մարզերում այդ ծառայություններն ավելի մատչելի դարձնելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter