HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թե ինչպես և ինչու կարելի է …կիսահղի լինել

«Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը վերջնականապես թաղեց մոտ երկու տարի առաջ սկսված «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Իր հեռուստաելույթում ՀՀ նախագահն այդ փաստն ընդգծում է ուղղակիորեն` առանց տողատակերի. «Ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների 2008 թվականի սեպտեմբերյան հանդիպումից սկսված գործընթացի այս փուլը մեզ համար այլևս ավարտված է…»,- ասաց նախագահը` դա պատճառաբանելով այն փաստով, որ «Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների` արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել»: Բացի դրանից, ըստ նախագահի`«Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար»: Ի դեպ, իշխող կոալիցիայի համատեղ հայտարարության մեջ արձանագրություններն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգերից հանելու և վավերացման գործընթացն առկախելու մասին հայտարարության մեջ ևս, որպես պատճառաբանություն, նշվում է անցած երկու տարվա ընթացքում Թուրքիայի` Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելու հանգամանքը: «Հայկական կողմի կառուցողական ջանքերը եւ միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետեւողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը»,- նշվում է այդ հայտարարության մեջ: Այսպիսով, Հայաստանը երկու տարի շարունակ Թուրքիայի կողմից նախապայմանների թելադրման իրողությունն անտեսելուց հետո ոչ միայն պաշտոնապես ընդունեց դրանց առկայությունը, այլև հենց նախապայմանների արկայությամբ պայմանավորեց ֆուտբոլային դիվանագիտության «փուլը սպառված համարելու» իր որոշումը: Սա ոչ թե հայ-թուրքական սկսված «արձանագրային հաշտեցման» գործընթացի կասեցում էր, կամ դրանից Հայաստանի միակողանի հրաժարում, այլ բացառապես «ֆուտբոլային դիվանագիտության դադարեցում» կամ, ավելի ճիշտ` այդ դիվանագիտության անարդյունավետության բացահայտ խոստովանություն: Նախագահ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ Հայաստանը ետ չի կանչում արձանագրություններից իր ստորագրությունը. « ..Մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: …Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն»: Այսինքն` փակելով «ֆուտբոլային դիվանագիտության» էջը` Հայաստանն սկսում և Թուրքիային ու միջնորդ երկրներին տեղափոխում է բոլորովին այլ, նոր դիվանագիտության հարթություն: Եվ ստեղծված իրավիճակը հենց այս տեսանկյունից վերլուծելու անհրաժեշտություն է առաջանում` ելնելով հետևյալ երեք հարցադրումներց: 1.    Ինչու՞ հենց հիմա` ապրիլի 24-ի նախօրեին, Երևանը որոշեց դիմել այս քայլին, ինչ մարտավարական ու ստրատեգիական խնդիր է փորձում լուծել Սերժ Սարգսյանը սրանով: 2.    Ինչու՞, այնուամենայնիվ, Հայաստանը գնաց ոչ թե արձանագրություններն առաջինը վավերացնելու կամ միակողմանիորեն ստորագրությունները ետ կանչելու քայլին, այլ` զուտ վավերացման պրոցեսն առժամանակ կասեցնելու: 3.    Ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի, Թուրքիայի, ԼՂ հակամարտության կարգավորման և վերջապես հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վրա: Ապրիլի 24-ի մոգական ուժը Մեկ տարի առաջ ապրիլի 22-ին, սակայն ուշ երեկոյան, հրապարակվեց հայ-թուրքական հաշտեցման գործընթաց սկսելու մասին Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի համատեղ հայտարարությունը: Դրանից պարզ դարձավ, որ սեղանին է հարաբերություննեի կարգավորման որոշակի «ճանապարհային քարտեզ»: Դա հնարավորություն տվեց ԱՄՆ նախագահին` սկսված հաշտեցման գործընթացին չխոչընդոտելու պատճառաբանությամբ ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում չկիրառել «ցեղասպանություն» եզրաբառը և չսկսել խոստացված` ցեղասպանության ճանաչման պրոցեսը: Բնականաբար, Անկարային դա ազատեց լուրջ գլխացավանքից: Մեկ տարի անց, հայտարարելով արձանագրությունների վավերացման գործընթացն առկախելու մասին, ՀՀ նախագահը փորձում է հետ շրջել անիվը և վերադարձնել նախորդ տարվա մինչապրիլքսաներկուսյան իրավիճակը: Ե րևանը փորձեց փաստի առաջ կանգնեցնել առաջին հերթին Վաշինգտոնին: Այսինքն` թույլ չտալ, որ հերթական անգամ, օգտագործելով իրականում իմիտացիոն բնույթ ունեցող հաշտեցման «արձանագրային» գործընթացը, Օբաման շրջանցի «Հայոց ցեղասպանություն» եզրաբառը: Խնդիրը, սակայն, միայն այդ բառակապակցությունն Օբամայի բերանից դուրս քաշելը չէր: Այլ` դրա միջոցով Անկարայի վրա Վաշինգտոնի ճնշումների մեծացման հնարավորության ստեղծումը: Երևանը փորձեց, այդպիսով, իրար դեմ հանդիման թողնել Վաշինգտոնին և Անկարային: Ըստ երևույթին, ՀՀ իշխանությունները ելան այն մոտեցումից, թե Օբաման այլևս կռվան չի ունենալու Թուրքիայի հետ մեկ տարի ընթացող մուկնուկատուն շարունակելու համար: Եվ որպեսզի չկորցնի վերահսկողությունը թե’ Անկարայի և թե’ հայ-թուրքական գործընթացի վրա, Վաշինգտոնն ստիպված կլինի ավելի մեծացնել ճնշումները կոնկրետ Թուրքիայի նկատմամբ: Եթե այդպես է, ապա հաշվարկն այն էր, որ կտրուկ պետք է մեծանար նաև Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրաբառն օգտագործելու հնարավորությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է նոր որակ ձեռք բերեր: Այս խնդիրների համատեքստում միանգամայն ճիշտ էր ընտրված հետքայլ կատարելու պահը: Նախ` որովհետև դա նշանակում է, որ Հայաստանը չի հենվում բուն Ցեղասպանությունը քաղաքական նպատակներով շահարկելու անբարոյական կեցվածքի վրա, երկրորդ` սա միջոց էր խուսափելու այդ օրվանից հետո Թուրքիայի կողմից գործընթացը սառեցված վիճակում պահելու զոհի կարգավիճակում մնալուց: Այդ ժամանակ Հայաստանը միանշանակ լինելու էր խաղից դուրս վիճակում` հետապնդողի դերում` առանց Թուրքիայի կամ միջնորդ երկրների վրա ազդելու որևէ լծակի: Այժմ, եթե իհարկե, հետագայում գործողությունների ճիշտ մարտավարություն որդեգրվի, գոնե հնարավորություն կա պրոցեսին կողքից հետևելու: Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter