HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Ազնիվ, ազնիվ պինգվինի խոսք. որտե՞ղ է հայկական անիմացիան

70-ականներին ստեղծված Ստեփան Անդրանիկյանի «Պինգվինաշենը» եւ Հովհաննես Դիլաքյանի «Գտնված երազը», թերեւս, հայ մանուկների ամենասիրած հայկական մուլտֆիլմերն են: Դրանցում հնչող մի շարք արտահայտություններ եւ երգեր դուրս չեն գալիս մեր առօրյա կյանքից, իսկ համացանցում այս մուլտֆիլմերի դիտումների քանակը վկայում է, որ դրանք դիտում են նաեւ այսօր: «Հայֆիլմ» կինոստուդիայի ստեղծած մուլտերը մարդկանց սրտերը գրավեցին իրենց անսահման բարությամբ ու պարզությամբ:

Դրանց ստեղծումից արդեն շատ տարիներ են անցել, անիմացիայի արտադրության տեխնոլոգիաները սրընթաց զարգացել են, նոր տեխնոլոգիաներն, իհարկե, ամբողջովին փոխել են անիմացիան, հայտնվել են միանգամայն նոր համակարգչային ծրագրեր, բայց այսօր էլ այս մուլտֆիլմերը բոլորի մոտ լուսավոր ժպիտ են առաջացնում եւ չեն անհետանում  մանկական հիշողությունից:

Ցավոք, նույնը չենք կարող ասել հայկական ժամանակակից մուլտերի մասին: Այսօր, գուցե քիչ քանակով, ծնվում են նոր մուլտեր, որոնք մասնակցում են Հայաստանից դուրս տեղի ունեցող փառատոներին եւ արժանանում բազմաթիվ մրցանակների: Բայց հայկական մուլտիպլիկացիան հասանելի չէ հանրությանը, հայ մանուկներին:

«Շունն ու կատվից» մինչեւ անկախություն

Հայաստանը անիմացիոն ֆիլմերի վաղեմի ավանդույթ ունի: Առաջին անիմացիոն ֆիլմը նկարահանվել է 1930-ականներին:

Հայկական անիմացիայի խորդուբորդ ճանապարհը սկսվում է 1937 թվականով: Առաջին կինոնկարը «Շունն ու կատուն» էր` Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիման վրա: Այս ֆիլմը ստեղծողն էլ` Լեւ Ատամանովը (Ատամանյան), համարվում է մեր մուլտիպլիկացիայի հիմնադիրը: Այնուհետեւ եւս երկու ֆիլմ` «Տերտերն ու այծը», «Կախարդական գորգ», եւ գրեթե 20 տարով ընդհատվում է հայկական մուլտիպլիկացիայի պատմությունը:

60-ականների կեսից սկսվում է նոր ֆիլմերի ստեղծումը. 1967-ին` «Մի կաթիլ մեղրը», 1970-ին` «Փարվանան», 1971-ին` «Արեւի հարսնացուն»: 70-ական թվականները դառնում են հայկական մուլտիպլիկացիայի ոսկե տարիները, այս տարիներին են ստեղծվել Ռաֆայել Բաբայանի «Պույ-պույ մկնիկը», «Աբու Հասանի մաշիկները», «Երաժշտությունը», Ռոբերտ Սահակյանցի «Լիլիթը», «Անբան աղվեսը», «Կիկոսը», Լեւոն Խաչատրյանի «Ծույլը», Լյուդմիլա Սահակյանցի «Մկների ժողովը», Արմեն Միրաքյանի եւ Է. Վարդանյանի «Սխալ արտահայտությունը», Ռոբերտ Սահակյանցի «Աղվեսագիրք» մուլտիպլիկացիոն մինի-օպերան: Այս մուլտիպլիկացիոն զարթոնքը չի նվազում նաեւ 80-ականներին:

Անիմացիան վերջին 20 տարիներին

90-ականներին մուլտիպլիկացիան դադար չի առնում, պարզվում է` 20 անիմացիոն ֆիլմ նկարահանվել է Հայաստանում հենց այս ժամանակաշրջանում` Գայանե Մարտիրոսյանի «Քամու թեւերին»-ը, «Տարաշխարհիկները», «Հին ջրաղացի բարի ոգիներ»-ը, «Բարի ոգիների նոր արկածներ»-ը, Ստեփան Գալստյանի «Միջանցքը», «Այլընտրանքը», Յուբիկ Մուրադյանի «Տան խաղաղ հովտում»-ը, «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին»-ը, «Բիթլիսը», «Հայոց գրեր»-ը, Նաիրա Մուրադյանի «Երեք պոետ եւ Չարենց»-ը, Արման Մանարյանի «Տգետը»: 90-ականները չկարողացան մուլտիպլիկացիոն կինոյի արտադրությունը կաթվածահար անել, դա տեղի ունեցավ հաջորդ տասնամյակում: Վերջին տարիներին ստեղծված նոր աշխատանքներից հիշարժան են Միքայել Վաթինյանի «Բոժոնը» եւ Դավիթ Սահակյանցի «Օրորը»:

Ոչ ավել ոչ պակաս` 10 տարի պահանջվեց հայկական անիմացիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը ստեղծելու համար: Ֆինանսավորման հետ առնչվող դժվարություններն ու ձգձգումներն իրենց հետքը թողեցին ֆիլմի վրա. «Սասնա ծռեր» մուլտֆիլմի լույս աշխարհ գալը համընդհանուր ոգեւորության առիթ չդարձավ, եւ հայկական  էպոսի էկրանավորումն առանձնակի ջերմ ընդունելության չարժանացավ. թերությունները շատ ակներեւ էին: 350 մլն դրամ արժեցած այս գործը 10 տարիների միջով էր անցկացրել վարպետ Արման Մանարյանը:

2009-2010 թվականներին պետությունը 5-ական մուլտֆիլմ է պատվիրել: Դրանց թվում է նաեւ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա ստեղծվող ֆիլմը: Անկախությունից հետո անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ է զբաղվում «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» անկախ ստուդիան, որը ղեկավարում է հայրենական անիմացիայի կենտրոնում գտնվող Ռոբերտ Սահակյանցի որդին` Դավիթը: Ստուդիան աշխատում է «Անահիտ» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի վրա, որի գաղափարն էլ խթանեց ստուդիայի ստեղծումը:  Հեղինակները խոստանում են, որ «Անահիտը» լինելու է մեր սիրելի հին ու բարի մուլտֆիլմերի ոճով: Մուլտֆիլմի նկարահանումները կավարտվեն 2012 թվականին:

Մուլտիպլիկացիայի «ռեանիմացիան»

Վերջին 20 տարիներին այս ինդուստրիան վերակենդանացնելը հեշտ գործ չի եղել, այս արվեստը վերակենդանացնելու` «ռեանիմացնելու» նպատակն է իր առջեւ դրել 3 տարվա պատմություն ունեցող «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Այն մեկնարկեց 2009-ին եւ հենց առաջին փառատոնի հաջողություններով ոգեւորված` 2010 թ. փառատոնը բազմաթիվ նոր նախաձեռնություններ իրականացրեց` «ՄարԱնի» անիմացիայի շուկա, «Տաղանդների որս» մրցույթ, «Հայկական ներկապնակ» ծրագիր, բացօթյա ցուցադրություններ: Այս տարի, մրցութային ծրագրերից բացի, փառատոնը կազմակերպել է նաեւ մասնագիտական դասընթացներ հայ երիտասարդ անիմատորների համար: Stop-motion-ի համաշխարհային ճանաչում ունեցող «Աարդման Ստուդիոն» երկրորդ անգամ Հայաստանում 6-օրյա մասնագիտական դասընթաց կկազմակերպի: Բացի այդ, առաջին անգամ Հայաստան այցելող «First Squad» (2010) ֆիլմի հեղինակ Յոշիհարու Աշինոն կանցկացնի անիմեի մասնագիտական դասընթացներ եւ դասախոսություն կկարդա ճապոնական անիմացիայի պատմության վերաբերյալ:

«Երբ տարիներ առաջ ինձ հարցնում էին հայկական անիմացիայի մասին, ես ասում էի` համարյա չկա: Խորհրդային Միության փլուզումից հետո ամեն ինչ կարծես անցյալում մնաց, եւ մենք պետք է այն վերակենդանացնեինք եւ նոր կյանք տայինք ոլորտին»,- ասել է փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին Euronews-ին տված հարցազրույցում: Փառատոնը փորձ է անում որոշ քայլեր ձեռնարկել առկա խնդիրները լուծելու ուղղությամբ. ինչպես հաստատել արդյունավետ համագործակցություն, ինչպես ստեղծված ֆիլմերը դուրս բերել միջազգային ասպարեզ, ինչպես դրանք հասանելի դարձնել մեր հանդիսատեսին, ինչպես նոր երիտասարդների բերել այս ոլորտ: 

Հայկական մուլտիպլիկացիան հետագա զարգացման համար աջակցության կարիք ունի` փաստում են մասնագետները: Եթե փոքր խմբերը նախնական շրջանում անհրաժեշտ գումար ունենան, այնուհետեւ ինքնուրույն կարող են աշխատել եւ պատվերներ ստանալ: Նկարիչների, ռեժիսորների, անիմատորների հին սերունդը, որի տաղանդավոր ներկայացուցիչները հաճույքով զբաղվում են իրենց գործով եւ վստահ են, որ իրենց աշխատանքը մարդկանց ուրախություն է պատճառում, մի օր հեռանալու է գործից, եւ պետք է, որ երիտասարդ սերունդը փոխարինի հեռացողներին:

«Դուք չե՞ք ասի` 3000 կիլոմետրը շա՞տ հեռու է, տուն եմ գնում, Պինգվինաշեն»,- գուցե ասեր մեր սիրելի պինգվինը հայկական անիմացիայի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter