HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թե ինչպես և ինչու կարելի է …կիսահղի լինել-2

սկիզբը`
Ոսկե միջի՞ն`թե՞ միակ այլընտրանք Իր հեռուստաուղերձում ՀՀ նախագահը հիմնավորում է, թե ինչի համար Հայաստանը չգնաց ստորագրությունները ետ կանչելու ճանապարհով: «Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց` մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության, գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտված ջանքերի համար: Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն»,-ասաց նախագահ Սարգսյանը: Այն փաստը, որ նախագահը հանրությանն ուղղված ուղերձում հարկ է համարում խոսել միջնորդ երկրների կողմից իրեն ուղղված «հորդորների» մասին, պարզորոշ ուրվագծում է, որ Հայաստանի նկատմամբ այնպիսի ուժեղ ճնշումներ են գործադրվում պրոցեսից դուրս չգալու համար, որ ոչ միայն հնարավոր չէ դրանք շրջանցել, այլև այս հարցում իշխանությունը զգում է հանրության օժանդակության կարիքը, ինչն էլ ստիպում է նախագահին անկեղծ խոսել առկա ռիսկերի մասին: Այս իմաստով բնավ պատահական չի կարելի համարել նաեւ ուղերձում տեղ գտած մի շատ տարօրինակ ձեւակերպում. «Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն»: Թե ինչ է ենթադրում`«որովհետև ցանկանում է խաղաղություն» արտահայտությունը եւ կարելի՞ է արդյոք խաղաղության խաթարման հեռակարն ընկալելորպես ստորագրությունները ետ կանչելու իրատեսական այլընտրանք, ինչի համար և իշխանությունը զգուշացնում է հանրությանը, դժվար է ասել: Ուղերձի այս հատվածը միանշանակ պաշտոնական մեկնաբանության կարիք ունի: Ամեն դեպքում այս շտրիխները մատնանշում են, որ ՀՀ իշխանությունն այս փուլում գործընթացից վերջնականապես դուրս գալու հնարավորություն չունի: Եվ չնայած նախագահի ուղերձի տոնից զգացվում է, որ ավելի նախընտրելի կլիներ հենց այդ տարբերակը, սակայն այն ռացիոնալ չի համարվել: Ինչ վերաբերում է մյուս տարբերակին` առաջինը արձանագրությունները վավերացնել ՀՀ ԱԺ-ում և անորոշ ժամանակով սպասել Թուրքիայի քայլերին, ապա այն իշխանության համար քաղաքական իմաստով խիստ աննպատակահարմար է: Բանն այն է, որ այդ դեպքում Հայաստանն ընդհանրապես կորցնելու էր գործընթացների վրա ազդելու բոլոր հնարավորությունները, որովհետև միանգամից վերացրված էին լինելու քաղաքական ու դիվանագիտական բոլոր լծակները: Արձանագրություններում առկա են նաև այլ նախապայմաններ: Եվ եթե այս տեսքով դրանք վավերացվեին, ապա ստացվելու էր, որ Հայաստանը բացարձակապես անտեղի, սկուտեղի վրա, Թուրքիային էր տալու նրա պահանջած զիջումները: Ինքնին այն հանգամանքը, որ այս տարբերակը չի քննարկվում իշխանության ներսում, ցույց է տալիս, որ իշխանությունը ևս տեսնում է արձանագրություններից դուրս ցցված նախապայմանների «ականջները»` անկախ նրանից` ընդունում է դրանց առկայությունը պաշտոնապես, թե՞ ոչ: Մյուս կողմից նման քայլին գնալը հղի է գործող իշխանության համար անկանխատեսելի, նույնիսկ ողբերգական հետևանքներով, որովհետև անմիջապես դրանից հետո երկրում սկսվելու էր իշխանափոխության անկասելի գործընթաց: Այնպես որ այս տարբերակը լիովին բացառվում էր: Եվ իշխանությունն իր համար ընտրեց «ոսկե միջինը», այսինքն կատարել կես քայլ դեպի արձանագրություններից հրաժարումը: Ողջ խնդիրն այն է, սակայն` արդյոք սա մարտավարակա՞ն, թե՞ ստրատեգիական նշանակություն ունի իշխանության համար: Այսինքն թե ո՞րն է մոտիվացիան. Իշխանությունը գնում է այս քայլին` ճանապարհ ու հնարավորություն բացելու համար արձանագրություններից վերջնականապես հրաժարվելու՞ համար, թե՞ ընդհակառակը` որպեսզի միջազգային հանրության ճնշումներն ուղղվեն Անկարայի դեմ և ստիպեն վերջինիս արագացնել Մեջլիսում արձանագրությունների վավերացումը, ինչին արագ կհաջորդի արձանագրությունների վերադարձը ԱԺ օրակարգ և ապա դրանց վավերացումը: ՀՀ նախագահի ուղերձը «կառուցողականության» տրամաբանություն ունի: Նախագահը նշում է. «…մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից…»: Եվ սա կարող է նշանակել, որ Երևանն իր առաջ զուտ մարտավարական խնդիր է դրել. մեծացնել միջազգային հանրության ճնշումները Թուրքիայի նկատմամբ: Եթե նման խնդիր դրված չլիներ, ապա ՀՀ նախագահն իր ելույթում ոչ միայն կնշեր, թե «ողջամիտ ժամկետներն ավարտվել են», այլ նաև հստակ պայման կառաջադրեր Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ժամկետների հետ կապված: Այսինքն կհայտարարեր, որ եթե մինչև կոնկրետ որևէ ամսաթիվ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանը նաև ետ կկանչի ստորագրությունները: Եթե հիմա դա տեղի չունեցավ, ապա դժվար է հավատալ, թե հետագայում երբևէ միջազգային հանրությունը թույլ կտա Երևանին անել այսպիսի սկզբունքային հայտարարություն:
Հնարավոր հետևանքները
Ակնհայտ է, որ նման ձևակերպումներով, հիմնավորումներով ու մոտիվացիայով աձանագրությունների վավերացման առկախման Երևանի որոշումը որևէ էական խնդիր չի լուծում Հայաստանի համար: Որովհետև ամենագլխավոր ուղերձն այն էր, թե Հայաստանը մնում է գործընթացի մեջ: Այսպես թե այնպես, անկախ նրանից` նախագահն արձանագրությունները վավերացնելու ընթացակարգը դադարեցնելու հրամանագիր կստորագրեր, թե ոչ, դրանց վավերացումն առկախված էր: Որովհետև Երևանը հենց սկզբից ընտրել էր այնպիսի քաղաքական ուղեգիծ, ըստ որի ԱԺ-ում արձանագրությունները պետք է վավերացվեին միայն այն դեպքում, եթե առաջինը դա աներ Թուրքիայի Մեջլիսը: Իսկ վերջինս, ի հեճուկս բոլորի, չէր շտապում գնալ այդ քայլին: Այսինքն Երևանն ընդամենը դե յուրե ամրագրեց այն, ինչ կար դե ֆակտո: Եվ ընդամենը: Դրանով որևէ այլ խնդիր այս որոշումը չի լուծում գոնե Հայաստանի համար: Անգամ Օբամայի «բերանը բացելու» մակերեսային նպատակը շարունակում է խիստ անիրատեսական լինել, որովհետև անկախ ամեն ինչից, Հայաստանը «շարունակում է մնալ գործընթացում»: Միջնորդ երկրների արագ արձագանքը և գրեթե նույնական մեկնաբանությունները ՀՀ նախագահի որոշման վերաբերյալ, ցույց են տալիս, որ ամեն ինչ արվելու է Երևանին պրոցեսի մեջ պահելու համար` թեկուզ այն ժամանակավորապես սառեցված մնա: «Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակեցնում է, որ Հայաստանը չի դադարեցրել գործընթացը, այլ առկախել է այն մինչեւ որ թուրքական կողմը պատրաստ լինի առաջ շարժվելու»,-այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Իսկ նախագահ Օբաման ընդգծել է «նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ…»: Գրեթե նույն միտքն է արտահայտում նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի տարածած հաղորդագրությունը. «Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ողջունում է հայկական պետության ղեկավարի կողմից` ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր հանձնառության վերահաստատումը` հակառակ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացում մեկ եւ մյուս կողմի հանդիպած դժվարություններին»: Ակնհայտ է, որ միջնորդ երկրները առաջնահերթորեն ձգտում են կրկին կապականքների մեջ պահել Հայաստանին: Ահա թե ինչու, ողջունելով գործընթացի մեջ մնալու Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե’ ԱՄՆ-ն, թե’ Ֆրանսիան հարկ են համարում նաև հիշեցնելու Երևանին իր ստանձնած «հանձնառությունը»: Այս մոտեցումը նույնիսկ ստիպում է մտածել, որ միջնորդ երկրներին նույնիսկ ձեռնտու էր Հայաստանի կողմից նման որոշման ընդունումը: Վերջապես կոնկրետություն մտավ ստեղծված անորոշ իրավիճակում: Այսինքն` կոնկրետացավ, որ արձանագրությունների վավերացումն անորոշ ժամանակով հետաձգվում է: Ավելին. պաշտոնական Վաշինգտոնի վերջին հայտարարություններից նույնիսկ այն տպավորությունն է ստեղծվում, թե այսպիսի սցենարը համաձայնեցվել է Հայաստանի և միջնորդ երկրների միջև Վաշինգտոնում և Մոսկվայում: Այսպես կարծելու համար հիմք չէ միայն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլիի այն հայտարարությունը, թե Հայաստանի նախագահի հայտարարությունն իրենց չզարմացրեց: «Մենք ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել հայկական և թուրքական կողմերի հետ այստեղ՝ Վաշինգտոնում։ Մենք նաև շարունակական կապ ենք պահում Ադրբեջանի հետ։ Եվ մենք հասկանում ենք, որ երկու կողմերը հասել են, չէի ասի, փակուղու, բայց մի տեսակ պատնեշի Արձանագրությունների վավերացման հարցում։ Մեզ լավատեսություն է ներշնչում այն, որ կողմերից ոչ մեկը դուրս չի եկել գործընթացից, բայց կարծում եմ՝ մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մեզ պարզապես որոշակի ժամանակ է հարկավոր գործընթացը կրկին շարունակելու համար նոր հնարավորություն ստեղծելու համար։ Կարծում եմ՝ սա այն է, ինչ հայերն ակնարկում էին»,-հայտարարել է Քրոուլին: Վերջինս նույնիսկ ավելի հեռուն է գնացել և փաստացի բացահայտել ԱՄՆ-ի պլանները անորոշության մատնված արձանագրությունների հարցում. «Սա էր մեր մեսիջը՝ ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ Թուրքիային Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպումներում. ընթացքի մեջ պահեք գործընթացը, եթե ձեր կարծիքով՝ սա ճիշտ ժամանակը չէ, լավ, մենք հետ քայլ կկատարենք և կվերագնահատենք, թե ինչպես կարելի է առաջ շարժվել»: Հետաքրքրական է, սակայն, որ Քրոուլին այս ամենում հիշատակում էԱդրբեջանին: Եվ դա այն դեպքում երբ, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, հայ-թուրքական գործընթացը չի կարող պայմանավորված լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այս ակնարկը խիստ ուշագրավ է և կարող է որոշակի լույս սփռել տեղի ունեցող գործընթացի վրա: Չի կարելի բացառել, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ժամանակավոր սառեցումը տեղի է ունենում հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անարգել արագ կարգավորելու համար: Արդյո՞ք պատահական զուդադիպության արդյունք է, որ նույն օրը, երբ ՀՀ նախագահը ստորագրեց վավերացման պրոցեսը կանգնեցնելու մասին հրամանագիրը, Մոսկվայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ համանախագահների` Հայաստանում, ԼՂՀ-ում և Ադրբեջանում կայացած հանդիպումները նոր լիցք են հաղորդում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացին` Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Ուշադրություն դարձնենք` խոսքը գնում է ոչ թե նորացված սկզբունքների, այլ Մադրիդյան սկզբունքների մասին: Իսկ ԱՄՆ համանախագահող Բրադկեն հենց Բաքվում հայտարարեց, թե խնդիր է դրվել վերադարձնել անցած ամիսներին կորսված հնարավորությունները: Եթե «հայ-թուրքական»-ը ժամանակավորապես կանգնեցվում է այս նպատակով, ապա դա բխում է Հայաստանի շահերից: Սակայն այստեղ մի նրբություն կա. դրանում Թուրքիայի հետագա դերակատարությունը: Այն հանգամանքը, որ Հայաստանը դուրս չի գալիս պրոցեսից, Անկարային դեռևս հնարավորություն է տալիս ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերել ԼՂ հարցում: Ողջ խնդիրն այն է` կհանդուրժի՞ արդյոք այս պահվածքի շարունակականությունը միջազգային հանրությունը, թե՞ արձանագրությունների վավերացման կասեցման Հայաստանի որոշումը գործիք կդարձնի` Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորման պրոցեսում նվազեցնելու համար: Այս հարցի հետ կապված ամեն ինչ պարզ կդառնա առաջիկայում: Սակայն Ռուսաստանի արտգործնախարարության վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ այս հարցում ամեն ինչ միանշանակ չէ: ՌԴ փոխարտգործնախարար Նեստերենկոն, անդրադառնալով Թուրքիային ՄԽ կազմում ընդգրկելու հնարավորությանը, հայտարարել է. «Համապատասխան գնահատականներ տալու համար մենք պետք է կապվենք բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն այս հարցերում։ Հենց դրանով էլ մենք զբաղվում ենք։ Մեր գործընկերների հետ տվյալ հարցերը քննարկելուց որոշ ժամանակ անց մենք կարող ենք արդեն որոշակի պարզաբանումներ տալ»,-նշել է Նեստերենկոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter