HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ ազատազրկում` ամերիկահայ գործարարին սպանելու համար

 Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամերիկահայ գործարար Նազարեթ Հագոփ-Բերբերյանին սպանելու համար Պետրոս Թեմիրյանին և Կարեն Դալլաքյանին դատապարտեց ցմահ ազատազրկման:

Սպանության մեջ մեղադրվող երրորդ անձը դեռևս չի հայտնաբերվել, թեև վերջինս, ինչպես ամիսներ առաջ «Հետքին» վստահեցնում էր ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը, չի կարողացել հատել հանրապետության սահմանները: Երրորդ մեղադրյալի` հետախուզման մեջ գտնվողի մասով քրեական գործից անջատվել է առանձին վարույթ: Իսկ դատարան մտած գործի վարույթով ամբաստանյալներից Պետրոս Թեմիրյանն ամերիկահայ գործարարի ընկերն էր: Թեմիրյանը ձերբակալվել էր սպանությունից օրեր անց և հենց նա էլ իրավապահներին հայտնել էր դիակի տեղը: Մյուս մեղադրյալը` Կարեն Դալլաքյանը, ամիսներ անց հայտնաբերվեց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Վերջինս բարերար Բերբերյանի հետ ուղիղ կապ չի ունեցել և եղել է Պետրոս Թեմիրյանի ընկերը: Հիշեցնենք, որ «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ Բերբերյանը 2009 թ. ապրիլի 25-ի երեկոյան դուրս էր եկել իր բնակարանից և այլևս չէր վերադարձել: Նրա «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Ավելի ուշ, մոտ 20 օր անց, Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերել էին գործարարի դին: Սպանությունը կատարվել էր խեղդամահ անելու եւ «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով:

Այնուհետեւ հանցագործները հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխել էին Երեւան-Սեւան ճամփեզրի ձորակ, իսկ մեքենան տարել օդանավակայան` տպավորություն ստեղծելով, իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր: Ավտոմեքենան եղել էր լիովին սարքին, չթալանված, նույնիսկ գործի է դրված եղել անվտանգության ձայնաազդանշային համակարգը:

Դատավոր Մարտիրոսյանն ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել նրանում, որ վերջիններս, իբրև կազմակերպված խումբ, Բերբերյանին սպանել են շահադիտական դրդումներով` ավազակությամբ նրա առանձնապես խոշոր չափերով ունեցվածքը հափշտակելու նպատակով (ՀՀ Քր. օր.-ի 104 հոդվապի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետեր, ինչպես նաև` 175 հոդվածի 3-րդ մասին 1-ին և 3-րդ կետեր): Նազարեթ Բերբերյանն ընտանիքով Երեւանից Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1970-ականների սկզբին: Նրա ընտանիքը` կինը, զավակները եւ քույրը, ապրում են ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում Ն. Բերբերյանն ունի խանութների ցանց: 1990-ականների կեսերին նա տեղափոխվել էր Երեւան, ձեռք բերել Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող գորգագործական ֆաբրիկան: Նա բարեգործություններ էր անում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, իսկ վերջին շրջանում որոշել էր Հայաստանում իրականացնել մի մեծ բիզնես պրոեկտ: Նազարեթ Բարբերյանը Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակից մոտ 200 մետր վերեւ` Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում կառուցվող այս հյուրանոցի սեփականատերն էր:

Այն կառուցելով` նա ծրագրել էր ձեւավորել «զբոսաշրջության շրջան». շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում պետք է տեղակայվեին հուշանվերների խանութներ: Բացի այդ` հյուրանոցում ապաստանած զբոսաշրջիկներին պետք է հնարավորություն տրվեր այցելել Դալարի գորգագործության ֆաբրիկա, ծանոթանալ գորգերի ձեռագործ արտադրությանը, իսկ ցանկության դեպքում գնել ոչ միայն դուր եկած սովորական գորգը, այլեւ շատ մատչելի եւ փոքրիկ «հուշանվեր-գորգեր»: Կյանքի շրջանում Բերբերյանը Հայաստանի տարբեր բնակավայրերում փնտրել է հնաոճ իրեր` հյուրանոցը եւ գորգի ֆաբրիկան ուրույն ձեւով կահավորելու եւ ձեւավորելու համար: «Հետքի» տեղեկություններով` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Բերբերյանի մոտ սկսվել են որոշակի դժվարություններ: Նա բանակցություններ է վարել միջազգային հյուրանոցային ցանց ունեցող երկու ընկերությունների հետ` ակնկալելով ներդրումներ նրանց կողմից: Թե ի՞նչ ընթացք են ունեցել բանակցությունները, դժվար է ասել, քանի որ Նազարեթը բնավորությամբ «փակ» էր և իր ծրագրերի մասին շատ քիչ էր խոսում: Այսօր անհայտ է նաև հյուրանոցի ճակատագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter