HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչպես դիրքավորվել արձանագրությունների «փլատակների» վրա

Ի պատասխան այն հարցի, թե կա՞ն, արդյոք, հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ, Հանրային հեռուստաընկերության եթերից ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Եթե նախապայմաններ կային, ինչո՞ւ Թուրքիան չվավերացրեց: Կարծում եմ` աշխարհում ոչ մեկը չկա, որ այս Արձանագրություններում նախապայման տեսնի, բացի Հայաստանում որոշ ընդդիմախոսներից: Անգամ Թուրքիայի վարչապետն էր ասում, որ նախապայման չկա այս արձանագրությունների մեջ»: Արտգործնախարարի արտահայտած այս միտքը թվում է խիստ տրամաբանական. եթե արձանագրություններում նախապայմաններ լինեին, ապա Թուրքիան, ըստ պարզ տրամաբանության, պետք է շտապեր օր առաջ վավերացնել դրանք: Սակայն այս «կուռ» տրամաբանությունը հաշվարկված է ընդամենը հանրության լայն շերտերի պարզունակ ընկալումների վրա: Եվ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, ինչպես փորձում է մատուցել Է. Նալբանդյանը: Նախ` նույն տրամաբանությամբ պարոն Նալբանդյանին կարելի է հարց ուղղել. եթե արձանագրություններում նախապայմաններ չկան, եւ դրանցում Հայաստանը որեւէ խնդիր չի տեսնում, ապա ինչո՞ւ Էր Սահմանադրական դատարանն անհրաժեշտ համարում դրանց վերաբերյալ տալ հավելյալ «իրավական հիմնավորումներ», կամ ինչու՞ ԱԺ-ն միակողմանիորեն չի վավերացնում դրանք: Թուրքիան ունի առնվազն երկու պատճառ արձանագրությունների վավերացումը շարունակաբար հետաձգելու համար: Առաջին` 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Թուրքիան ձեռք բերեց չափազանց կարեւոր քաղաքական երկու դիվիդենտ. հայկական կողմի պատրաստակամությունը Հայոց Ցեղասպանության հանգամանքների հարցը քննության առարկա դարձնել պատմական հարթության վրա եւ բանակցել Կարսի պայմանագրի հիման վրա կառուցված Հայաստան-Թուրքիա փաստացի սահմանները ճանաչելու հարցի շուրջ: Հայաստանը առնվազն ստորագրել է այդ պատրաստակամությունն ամրագրող փաստաթղթերի` արձանագրությունների տակ: Հետեւաբար, անգամ եթե հայ-թուրքական հաշտեցման այս գործընթացը վերջնականապես ձախողվի, Թուրքիան Հայաստանի հետ հետագայում ցանկացած երկխոսություն, բանակցություն սկսելու է հենց այս կետից: Իսկ ներկա փուլի համար Անկարային միանգամայն բավարարում է այս նվազագույն արդյունքը: Երկրորդ` Թուրքիան արձանագրությունները ստորագրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավվելու եւ միջնորդի դեր ստանձնելու նկատառումներով: Անցած ողջ տարվա ընթացքում Անկարային հաջողվեց ամենագլխավորը` հայ-թուրքական եւ Ղարաբաղյան կարգավորման խնդիրներն առնվազն դնել զուգահեռ ռելսերի վրա, այսինքն` տարածաշրջանային այս երկու հարցերը փաթեթային եղանակով լուծելու նախադրյալներ ստեղծել: Արդյունքում միջազգային հանրության համար այլեւս գոյություն չունեն առանձին վերցրած հայ-թուրքական եւ Ղարաբաղյան կարգավորման խնդիրներ: Դրանք շատ հանգիստ տեղավորվել են Թուրքիայի կողմից առաջ քաշված «տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ապահովման» հայեցակարգի շրջանակներում: Եվ երբ ղարաբաղյան բանակցային գործընթացում հանկարծ մի օր սեղանին դրվեց դեռ 2007-ին մշակված Մադրիդյան սկզբունքների` միանշանակ Ադրբեջանի շահերին ծառայող նորացված տարբերակը, Երեւանում միանգամից հասկացան, որ դա արձանագրությունների միջոցով Թուրքիային անուղղակի միջնորդի մանդատ շնորհելու հետեւանքն էր: Պատահական չէ, որ նախքան այդ փաստաթղթերի վավերացման կասեցման մասին որոշում ընդունելը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր իսկ նախաձեռնությամբ Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկում է ոչ թե հայ-թուրքական, այլ հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Միայն դրանից հետո նախագահ Սարգսյանը ստիպված եղավ հրապարակավ ընդունել, որ անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիայից նախապայմանների լեզվով խոսելու պակաս չի զգացվել: Այս իմաստով Հայաստանի կողմից արձանագրությունների կասեցման որոշման ընդունումը իրավիճակն ինչ-որ չափով շտկելու նպատակ էր հետապնդում: Սակայն արդյո՞ք Երեւանին հաջողվեց դա: Նախագահի ուղերձին Թուրքիայի արձագանքը սպասվածից ավելի սառն էր: Վարչապետ Էրդողանը հայտարարեց, թե դա հայկական կողմի դիրքորոշումն է, սակայն կարեւորն այն է, որ Երեւանը գործընթացից դուրս գալու որոշում չի կայացրել: Նույն շեշտադրումներն արեցին նաեւ հայ-թուրքական երկխոսության միջնորդ երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Շվեյցարիան: Ըստ էության, Երեւանի այս որոշումը բխում էր նրանցից յուրաքանչյուրի շահերից, այդ թվում` Թուրքիայի: Երեւանի այս քայլը միջնորդներին ազատեց դեռ ստորագրման պահին արդեն ձախողված գործընթացի համար ուղղակի որեւէ պատասխանատվությունից: Բանն այն է, որ մինչեւ ապրիլի 22-ը, այսինքն` Սերժ Սարգսյանի ուղերձի հրապարակումը, գործում էր այսպես կոչված «ողջամիտ ժամկետների» ռեժիմը: Եվ միջնորդներն այս կամ այն կողմի վրա ճնշումներ գործադրելով` անհույս փորձեր էին անում արագացնելու վավերացման գործընթացը: Սակայն արձանագրությունների վավերացումն առժամանակ կասեցնելու որոշումը, որը քաղաքական առումով բացարձակապես որեւէ խնդիր չէր լուծում, օրակարգից հանեց անգամ այդ «ողջամիտ ժամկետները»: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին ապրիլի 23-ին Երեւանի որոշմանն ի պատասխան հայտարարեց. «...Կարծում եմ` մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մեզ պարզապես որոշակի ժամանակ է հարկավոր գործընթացը կրկին շարունակելու համար նոր հնարավորություն ստեղծելու»: Եվ Թուրքիան հնարավորություն ստացավ մի կողմից խուսափելու արձանագրությունները արագ վավերացնելուց, մյուս կողմից` օգտագործելու գործընթացից դուրս չգալու Հայաստանի որոշումը: Սա, ինքնըստինքյան, օրակարգից հանում է նաեւ երկու գործընթացների զուգահեռականության ապահովման անհրաժեշտության հարցը. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու խնդիրը, այսպիսով, սկսում է ձեռք բերել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը «կրկին շարունակելու համար նոր հնարավորություն ստեղծելու» գործիքը: Հենց այս կետում էլ որոշվում է` որքանո±վ էր ճիշտ արձանագրությունների վավերացման կասեցման հենց այս սցենարը կիրառելու Երեւանի քայլը: Թուրքիան առանց այլեւայլությունների շարունակում է երկու հիմնական պնդում կատարել: Նախ` որ այսուհետ Անկարան եւ Բաքուն միայն փոխհամաձայնեցված գործողություններ են ձեռնարկելու, երկրորդ` Թուրքիան ջանք չի խնայելու` արագացնելու Ղարաբաղյան կարգավորման պրոցեսը: Թուրքական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 25-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Անգամ պաշտոնական սուղ տեղեկատվությունն է արձանագրում, որ «հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցեր»: Մայիսին նախատեսվում է Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցը Թուրքիա: Արդեն հիմա Ա. Դավութօղլուն հայտարարում է, թե իրենք մտադիր են Ղարաբաղյան հարցը դարձնել այդ այցի ընթացքում շոշափվելիք ամենակարեւոր խնդիրներից մեկը: «Մենք այդ խնդիրը դիտարկում ենք որպես սեփական խնդիր եւ շարունակելու ենք յուրաքանչյուր հարթությունում պահել օրակարգում»,- ասում է Դավութօղլուն: Այսինքն` ակնհայտ է, որ Անկարան ոչ միայն չի դադարեցնելու կամ նվազեցնելու իր անուղղակի միջնորդական ջանքերը ԼՂ կարգավորման հարցում, այլեւ անմիջականորեն բանակցություններում ստանձնում է Ադրբեջանի շահերի ներկայացուցչի գործառույթները: Ի±նչ է հակադրելու սրան Հայաստանը: Թուրքիայի վզից հանելով անգամ «ողջամիտ ժամկետների» թույլ պարանը` Երեւանը կորցրեց «աղվեսին թակարդը» գցելու հնարավորությունները: Պարզ է, որ միջնորդ գերտերությունների ճնշման ներքո լեգիտիմության դեֆիցիտ ունեցող ՀՀ նախագահը չէր կարող միանգամից դուրս գալ «ֆուտբոլային դիվանագիտության» ճիրաններից եւ ետ վերցնել ստորագրություններն արձանագրություններից: Սակայն դա չէր ենթադրում, թե Հայաստանը պետք է հայտարարեր, որ պատրաստ է սպասել այնքան, մինչեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Թուրքիայում անկեղծորեն շահագրգռված ուժեր ի հայտ գան, որ նույնն է, թե Հայաստանը պատրաստ է սպասել այնքան, ինչքան կձգի Անկարան: Իսկ Անկարան, բնականաբար, կձգի այնքան, ինչքան անհրաժեշտ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Դա թույլ չտալու համար Թուրքիայի առջեւ հստակ ժամկետներ պետք է դրվեին այն պայմանով, որ եթե այդ ընթացքում Մեջլիսը չվավերացնի արձանագրությունները, Հայաստանն իրեն իրավունք կվերապահի ետ վերցնել ստորագրությունները: Այս մոտեցման պարագայում որեւէ միջնորդ երբեք չէր կարողանալու Հայաստանին մեղադրել ապակառուցողականության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter