HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-թուրքական հարաբերությունները` հայ քաղաքական մտքի ռոմանտիկ հատվածի ձախողո՞ւմ

Կիպրոսի նախագահը, Հայաստան կատարած այցելության ժամանակ, Թուրքիային բնորոշել է իբրև անկարելի բանակցող: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով, սակայն, քանի Թուրքիայի պաշտոնական ղեկավարությունը` երկրի նախագահը կամ վարչապետը, պաշտոնապես չեն հրաժարվում բանակցային գործընթացից, հնարավոր է Թուրքիային որպես կարելի բանակցող ընդունել: «Սակայն երբ կգա այն ժամանակը, երբ իրենք պաշտոնապես կհայտարարեն, որ դուրս են գալիս բանակցային գործընթացից, այդ ժամանակ կարելի է նրանց բնորոշել իբրև անկարելի բանակցող»,- ասում է նա: ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանն էլ գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները հայ քաղաքական մտքի իդեալիստական և ռոմանտիկ հատվածի ձախողումն է:Եվ նույնիսկ ոչ միայն Հայաստանի, այլև Արևմտյան քաղաքակրթության: «Մինչ օրս մեզ ասվում էր, որ կարևոր չեն սահմանների գտնվելու վայրը, տարածքային գործոնը, կարևորը` սահմանները կբացվեն, կլինեն քաղաքացիների, ապրանքների, ծառայությունների տեղաշարժ, և այդ ինտեգրացիայի շրջանակներում կարելի է բոլոր խնդիրները լուծել: Մեզ փորձում էին մատուցել այն, որ այսօրվա Թուրքիան բոլորովին էլ նախկին Թուրքիան չէ, արդեն շատ բան փոխվել է, և կարելի է գնալ որոշակի զիջումների` հանուն ինչ որ բարեկեցության ու բանակցության»,- ասաց նա: Խնդրի հետագա զարգացումներին անդրադառնալով` Ս. Ավետիսյանը նշեց, որ քանի նախագահն իր հրամանով գործընթացը կասեցրել է, խորհրդարանը չի կարող հետագա քննարկումներ անել ինքնուրույն: «Իսկ թե ինչ շարունակություն կունանա, այսօր շատ դժվար է կանխատեսել, քանի որ մենք հիմա սպասում ենք, թե իրենք ինչ դրսևորումներ կունենան: Հայկական կողմը որոշ ժամանակ կսպասի, թե իրենք ինչ արձանգանք կունենան»: Ա. Նռանյանն էլ գտնում է, որ մենք չպետք է բավարարվենք այս իրավիճակով, քանի որ արձանագրությունների մեջ առկա վտանգները բոլորովին էլ չեն չեզոքացվել: «Արձանագրություններում կոնկրետ պայմաններ կան, և դրանք վտանգում են մեր ազգային անվտանգությունը: Թեև իշխանությունները սկզբից մերժում էին, բայց հիմա իրենք էլ համոզվեցին, որ այդ վտանգներն առկա են: Հակառակ դեպքում, եթե դրանք այդքան լավն էին, ինչո՞ւ չենք վավերացնում դրանք խորհրդարանում»: Ա. Նռանյանը գտնում է, որ արձանագրություններն այս տեսքով թողնել և գործընթացները սառեցնել չի կարելի: «Որովհետև չեմ ուզում, որ մեր սերունդների վրա լինի այն բիծը, որը կա արձանագրությունների տեսքով, որոնք նշանակում են, որ հայ ժողովուրդը կողմ է արձանագրություններին և չի վավերացրել ոչ թե այն պատճառով, որ դրանք վատն են, այլ այն պատճառով, որ դրանք չի վավերացրել Թուրքիան: Իրականում այդ արձանագրությունները պետք է մերժել կամ հետ վերցնել այն ստորագրությունները կամ խորհրդարանում մերժել»,- ասում է նա: Ս. Ավետիսյանը չհամաձայնվեց նրա հետ` նշելով, որ արդեն մեկ տարի այս թեմայի շուրջ խոսվում է, և ինքը չէր ցանկանա, որ նորից վերադառնանք դրան ու արձանագրություններում խնդիրներ ու նախապայմաններ փնտրենք: Իսկ թե ինչու չեն վավերացնում դրանք, նա պատասխանեց. «Չենք վավերացնում, որովհետև ի սկզբանե մենք բոլորս միասին հայտարարել ենք, որ կվավերացնենք այն դեպքում, երբ Թուրքիայի կողմից որոշակի գործընթացներ սկսվեն` վավերացնելու հետ կապված»: Քաղաքական գործիչները սխալվում էին իրենց կանխատեսումներում, քանի որ հայտարարվում էր, թե մինչև ապրիլի 24-ը Թուրքիայի հետ սահմանները բաց կլինեն, սակայն այդպես չեղավ: Ի պատասխան` Ս. Ավետիսյանը նշեց, որ քաղաքական կանխատեսում հասկացությունը կարող էինք վերագրել սխալի կամ ճշտի, եթե դա միակողմանի լիներ: «Բայց երբ դա երկկողմ գործընթաց է, և միջազգային հանրությունը այս գործընթացի մեջ ներգրավված է, սխալ է ասել, թե քաղաքական կանխատեսումները սխալ էին կամ ճիշտ: Այն բանակցությունները, որի արդյունքում երկրի նախագահը տարբեր քաղաքական ուժերի ու պետությունների ղեկավարների հետ, այդ թվում նաև Թուրքիայի` ունեցավ է, դա իրեն վստահություն էր ներշնչել, որ մինչ ապրիլի 24-ը այդ խնդրի լուծումը թուրքական կողմը կտա: Բայց կամաց-կամաց թուրքական կողմը իր հայտարություններով սկսեց խուսանավել այդ խնդրից»,- ասաց նա: Ա. Նռանյանն էլ գտնում է, որ մեր քաղաքական մտքի հիմնական խնդիրը նրանում է կայանում, որ իրենք սցենարը դասավորում են այնպես, ինչպես իրենք ցանկանոմ են տեսնել: «Եթե իրենք տեսնեին «ռեալ պոլիտիկ» կոչվածը, կհասկանային, որ պետք է ելնել այն կետից, թե վատատեսական սցենարների դեպքում արդյունք ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ: Պետք է միշտ հաշվի առնել վատատեսական սցենարը: Ու եթե դրա դեպքում դու ունենում ես արդյունքը, որն ուզում ես ստանալ, կարելի է գնալ այդ գործընթացին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter