HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ադրբեջանական արթմնի երազնե՞ր, թե՞ տեղեկատվական դիվերսիա

Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հայտնի հարցազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը գրեթե բառացիորեն կրկնել է կարգավորման այն սխեման, ինչ մոտավորապես երկու ամիս առաջ ներկայացրել էր արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Սակայն Ազիմովի վերջին «պարզաբանումներում» առկա էին երկու նոր լրացումներ, որոնք բոլորովին նոր լույսի ներքո են ներկայացնում հակամարտության կարգավորման ընթացող բանակցային գործընթացը: Առաջին լրացումն այն է, որ ներկայումս քննարկվում է Լաչինի եւ Քելբաջարի շրջաններն «ազատելու» ժամկետների հարցը, որի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն կոնկրետ առաջարկություններ է ներկայացրել: Այլ կերպ ասած` 5 շրջանները եւ Լաչինի հյուսիսային մասը (Մամեդյարովը երկու ամիս առաջ կոնկրետ նշում էր Լաչինի 13 գյուղերի մասին) վերադարձնելու հարցերն արդեն համաձայնեցված են: Երկրորդ, որ շատ ավելի հետաքրքրական է, ԼՂ կարգավիճակը որոշվելու է «գրավյալ» տարածքներում Ադրբեջանի սահմանադրության գործելուց հետո. «Գրավյալ տարածքներում պետք է վերականգնվի Ադրբեջանի սահմանադրության գործողությունը, եւ դրա շրջանակներում տեղի բնակչության համաձայնության հիման վրա պետք է որոշվի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակը»,- ասում է նա: Ուշադրություն դարձնենք` խոսքը ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ «գրավյալ» տարածքների մասին է, ինչից կարելի է եզրակացնել, թե ազիմովյան տարբերակով ԼՂ կարգավիճակը պետք է որոշեն նաեւ Ադրբեջանին անցնելիք նախ հինգ, ապա եւ մյուս երկու շրջանների բնակիչները: Ադրբեջանի փոխարտգործնախարարի այս հայտարարություններին, իհարկե, չափազանց լուրջ վերապահումներով պետք է մոտենալ: Առանձին դրվագներում դրանք ընդհանրապես դուրս են գալիս տարրական տրամաբանության շրջանակներից: Մասնավորապես` ստանձնելով Անկարայի «համհարզի» դերը` Ազիմովը ոչ ավել ոչ պակաս Երեւանի նկատմամբ Ադրբեջանի «բարի մտադրությունն» է համարում 5+0.5 շրջանները վերադարձնելու դիմաց Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը: Բացի դրանից, առնվազն տարօրինակ է, որ Ադրբեջանի փոխարտգործնախարարը ԼՂ-ի կարգավիճակի որոշումը թողնում է ԼՂՀ-ին հարակից, ներկայումս վերջինիս անվտանգության գոտին կազմող շրջանների հետագայում ադրբեջանիցներով համալրվելիք բնակչությանը Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, այդ երկրի հիմնական օրենքը բացառում է ինքնորոշման խնդրի հետ կապված երկրի առանձին վերցրած որեւէ տարածքում հանրաքվե անցկացնելու որեւէ հնարավորություն: Եվ այս երկու դրվագները պարզորոշ հուշում են, որ Ազիմովի հայտարարությունների հիմնական շեշտադրումները ներքին սպառման նշանակություն ունեն: Սակայն մյուս կողմից այս հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական Երեւանի շտապողական արձագանքը ցույց է տալիս, որ բանակցային մադիրիդյան գործընթացի տրամաբանությունն այնքան էլ հեռու չէ Էլմար Մամեդյարովի, ապա նաեւ հիմա նրա տեղակալի ներկայացրած կարգավորման սցենարից: «Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից եւ գործելաոճից, այդ ժամանակ, Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», -ի պատասխան Ազիմովի մեկնաբանությունների` հայտարարեց  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Եթե ուշադրություն դարձնենք` պաշտոնական Երեւանն այսպիսով չի հերքում, Ադրբեջանի փոխարտգործնախարարի ներկայացրած եւ ոչ մի պնդում: Շավարշ Քոչարյանն, ըստ էության, ընդամենը նախապայմաններ է ներկայացնում. վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված` Արցախի շրջանները եւ ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Իսկ մնացած, ենթադրաբար հենց ԼՂՀ-ի հարակից շրջանները վերադարձնելու հարցը, ներկայացվում է որպես Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ քննարկման ենթակա «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող» խնդիր: Ի տարբերություն Բաքվի` Երեւանի դիրքորոշումները վերջին շրջանում աչքի են ընկնում նկատելի անորոշությամբ: Դրանք հստակ չեն տալիս եւ ոչ մի հարցի պատասխան: Հենց այս իրողությունն է պատճառը, որ Երեւանի փաստարկներն ավելի անհամոզիչ են թվում, քան նույնիսկ ակնհայտորեն մանիպույլացիոն նշանակություն ունեցող Բաքվի սուբյեկտիվ ու միակողմանի մեկնաբանությունները: Եվ մինչ պաշտոնական Երեւանը որդեգրել է Բաքվից արվող հերթական հայտարարություններին որքան հնարավոր է զգացմունքային պատասխանելու մարտավարությունը, Բաքուն, Թուրքիայի անմիջական մասնակցությամբ ուղղակի տեղեկատվական դիվերսիա է իրականացնում Հայաստանի նկատմամբ: Օրերս Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, թե Թուրքիան սկսել է ուսումնասիրել այն տարածքները, որոնցով անցնելու է Կարս-Իքդիր-Նախիջեւան երկաթգիծը: Երկրաբանական հետազոություններ անցկացնելու համար արդեն մրցույթ է հայտարարվել: «Սա լինելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շարունակությունը, որն ապահովելու է Ադրբեջանի եւ շրջափակման մեջ հայտնված Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը: Հետագայում, ադրբեջանական տարածքներն օկուպացիայից ազատելուց հետո, կվերականգնվի Բաքու-Նախիջեւան երկաթգիծը, որի շնորհիվ Նախիջեւանը կդառնա տարածաշրջանի ամենախոշոր տրանսպորտային հանգույցներից մեկը»,-նշել է Ադրբեջանի տրանսպրոտի նախարարության ներկայացուցիչը: Նախիջեւանում կոմունիկացիոն ենթակառուցվածքները վերականգնելու եւ դրանք Ադրբեջանի ու Թուրքիայի տրանսպորտային ենթակառուցվածքներին ինտեգրելու մասին այս հայտարարություններն ինքնանպատակ չեն: Դրանք միտված են ավելի առարկայական ներկայացնելու ԼՂՀ հարակից հինգ շրջանները  վերադարձնելու եւ հատկապես Լաչինի ճանապարհը նաեւ Ադրբեջանի համար բացելու վերաբերյալ Բաքվից հնչող պնդումները: Հիմնական տեղեկատվական խայծն այն է, որ եթե Նախիջեւանում նման նախագծեր իրականացնելու ուղղությամբ արդեն աշխատանքներ են սկսվում, ապա տարածքները վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունների հնարավոր առկայությունը բավականաչափ համոզիչ է թվում: Թերեւս նույն նպատակին են ծառայում նաեւ Անկարայից հնչող որոշակի ազդակները: Օրերս Թուրքական «Milliyet» պարբերականը որոշ մանրամասներ ներկայացրեց արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Անգլիա կատարած այցի ընթացքում թուրք մտավորականների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունների մասին, որոնցից ուշագրավ է հատկապես հետեւյալը. «Այժմ մենք գտնվում ենք լռության շրջանում: Շուտով մեր առաջարկությունները` առանց արձանագրություններին վնաս տալու, համաձայնության կհասցնեն: Ոչ շատ ուշ…: Ամիսների, կամ նույնիսկ շաբաթների ընթացքում…»: Թե կոնկրետ ինչ առաջարկությունների մասին է խոսում Դավութօղլուն, դժվար է ասել: Չի կարելի բացառել, որ խոսքը վերաբերում է հենց Լաչինի միջանցքը համատեղ օգտագործելու եւ հայկական երկաթուղային կոմունիկացիաները Բաքու-Նախիջեւան երկաթգծին միացնելու մասին: Այս առումով խիստ ուշագրավ է Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ազիմովի արած հետեւյալ հայտարարությունը: Նշելով, թե հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ այդ հարցի նկատմամբ Ադրբեջանի փոխզիջումային մոտեցման արդյունքում`Ադրբեջանի փոխարտգործնախարարն ավելացրել է. «Սահմանների բացումը կարող էր դառնալ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ առեւտրային համագործակցության հիմնական խթանը: Հայաստանը, մերժելով դա, կորցրեց բոլոր հնարավորությունները: Հանուն ինչ-որ քաղաքական պատրանքների` Սերժ Սարգսյանը կամ նրա ետեւում կանգնած ինչ-որ մեկը կարող են կորցնել ունեցած լավ հեռանկարներն ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ ժողովրդի համար»: Դավութօղլուի եւ Ազիմովի այս հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանին եռակող կոմունիկացիոն, առեւտրային համագործակցության հնարավորության իմիտացիա է ստեղծում` օգտագործելով Հայաստանի սոցիալ-տնտեսական դժվարին վիճակը, այս հարթությունում հանրության սպասելիքներն իշխանություններից: Իսկ դա այլ կերպ, քան տեղեկատվական մանիպուլյացիա, չի կարելի անվանել: Այս ֆոնին ՀՀ արտգործնախարարության նմանատիպ արձագանքը ոչ թե չեզոքացնում է այս դիվերսիան, այլ ավելի է խորացնում առկա անորոշությունը: Բայց գուցե սա ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանի որդեգրած լուռ դիվանագիտության հերթական դրսեւորումն է: «Իրականում, հենց փորձից ելնելով, երբեմն պետք է լռել: Հատկապես երբ որ զրուցակիցդ, որը փորձում է քեզ դժվար կացության մեջ դնել, այնպիսի բաներ է ասում, որ այդ կարգի հայտարարությունները իր դեմ կարող են շրջվել»,-Հ1-ի եթերից ասում էր նա: Սակայն, մեղմ ասած, այնքան էլ պարզ չէ, թե ինչով կարող է այս հայտարարությունները շրջվել Բաքվի դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter