HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ կամ երկու երեխա ունենալը` կանացի էգոյի դրսևորո՞ւմ

2008-2009թթ-ին իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում առաջնային անպտղությունը կանանց մոտ կազմում է 5,3 տոկոս, երկրորդայինը` 11,5 տոկոս: Տղամարդկանց մոտ` առաջնայինը 2,7 տոկոս է, երկորդայինը` 2.6 տոկոս: «Դե ֆակտո» ակումբն այսօր հյուրընկալել էր Մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանին և ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանին: Գ. Ավագյանը նշեց, որ անպտղության տարածվածության ուսումնասիրությունը կատարվում է բոլոր երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում, ներկայացուցչական հետազոտությունների միջոցով: 1990-ականերից մինչև 2010 թվականը Հայաստանում իրականացվել է 3 նմանատիպ հետազոտություն: 1997-98թթ հետազոտությունը ցույց էր տվել, որ իրավիճակը բավական բարդ է: Առաջնային անպտղությունը կազմում էր 3,4 տոկոս` կանանց մոտ, երկրորդայինը` 28,5 տոկոս: «Հետազոտության մեջ ներգրավվեցին նաև տղամարդիկ, և նրանց մոտ առաջնային անպտղությունը 3,3 տոկոս էր, երկրորդայինը` 15,2 տոկոս: Եվ մենք ունենք դրա բացատրությունը` անցումային շրջան էր, սոցիալական ծանր վիճակ, ու այդ ամենը չէր կարող չանդրադառնալ կանանց և տղամարդկանց վերարտադրության վրա: Սա շատ մտահոգիչ էր, ու բավականին լուրջ միջոցառումներ իրականացվեցին` ուղղված վերարտադրողական  առողջության բաերլավմանը: Ադյունքում արդեն 2008-2009թթ-ին իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ ցուցանիշները կրճատվում են»,- ասաց նա: Առաջնային է կոչվում այն անպտղությունը, երբ ամուսնական զույգը  չի օգտագործում որևէ բեղմնականխիչ միջոց, ունենում է կանոնավոր սեռական հարաբերություն (շաբաթը գոնե մեկ անգամ), և ամուսնական երկու տարիների ընթացքում չի արձանագրվում հղիություն: Երկորդային է այն անպտղությունը, երբ  ամուսնական զույգն ունեցել է հղիություն` անկախ ելքից: Այն կարող է վերջացած լինել ծննդաբերությամբ, հղիության արհեստական ընդհատումով և այլն: «Կենսաբանական տեսակետից հղիության փաստն արձանագրվել է, և դրանից հետո երկու տարվա ընթացքում չի արձանագրվում նոր հղիություն: Սա երկորդային անպտղություն է»,- ասում է Գ. Ավագյանը: Ըստ տարիքային խմբերի` անպտղության գերակշռող խումբը 25-ից բարձր տարիքային խմբի կանայք են, և ավելի հաճախ 25-32 տարեկանների մոտ է արձանագրվում անպտղություն: Սակայն եթե աղջիկն ամուսնացել է 15-16 տարեկանում և մեկ երկու տարի հղիություն չունի, դա դեռ անպտղություն չէ: Անպտղությունը սեռահասուն մարդուն է վերաբերվում` 18 և ավելի տարիքային խմբի կանանց և տղամարդկանց: Է. Համբարձումյանն էլ նշեց, որ շատ կարևոր է սոցիալական անպտղությունը, որը նշանակում է, որ կինն ուշ է ամուսնանում, քանի որ պետք է սովորի, կարիերա ստեղծի և այլն: «Ֆրանսիայում այսօր առաջին ծննդաբերությունը միջինը 31 տարեկան կանանց մոտ է լինում: Պտղաբերության կարևորագույն  տարիները այնտեղ կանայք կորցնում են սոցիալական պատճառներով: Հայաստանում այդ տենդենցը նույնպես նկատվում է»,- ասաց նա: Է. Համբարձումյանի համոզմամբ` եթե բնակչության աճը մնա այն տեմպերով, ինչ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում, 40-45 տարի հետո ուղիղ երկու անգամ մեր բնակչության թիվը կնվազի: Գ. Ավագյանն էլ նշեց, որ ցանկացած ամուսնական զույգ պետք է գիտակցի, որ բնության առջև պարտավոր է իրենից հետո թողնել իրեն շարունակողներին: Նվազագույնը պետք է ունենալ երեք երեխա, որպեսզի լինի վերարդադրություն` ինչ թիվ ունենք` շարունակվի ու ավելանա: Սա պետք է ցանկացած մարդ գիտակցի: «Սակայն վերջին տարիներին չգիտես ինչու նախընտրում են մեկ կամ երկու երեխա ունենալ: Սա ինչ որ տեղ նաև էգոյի դրսևորումներից մեկն է, որովհետև մտածում են սեփական անձի, բարեկեցության մասին: Բայց չեն մտածում ընտանիքում ծնված երեխայի մասին, որը պետք է ունենա քույր և եղբայր»: Էդուրարդ Համբարձումյանը կարծում է, որ պետք է մտածել, թե ինչպես կանխարգելել այն հիվանդությունները, որոնք բերում են անպտղության: «Ինֆեկցիաներն առաջինն են, որոնք բերում են այնպիսի անպտղության, որի դեպքում հետո արհեստական բեղմնավորման կարիք է զգացվում»,- ասում է նա: Գայանե Ավագյանի կարծիքով` այսօր մեր երիտասարդներն ավելի գրագետ են ու ավելի անվտանգ սեռական վարքագիծ են դրսևորում, ինչը նպաստել է նրան, որ սեռավարակների տոկոսը նվազել է: Գ. Ավագյանը անդրադարձավ նաև արգանդի միոմաներին` նշելով, որ դա ավելի բարձր տարիքի հիվանդություն է, առավել հաճախ հանդիպում է 35-ից բարձր կանանց մոտ: Սակայն այսօր այն նկատվում է նաև շատ ավելի երիտասարդների մոտ: Անպտղության կառուցվածքում միոման 8 տոկոս է գրավում: Անպտղության պատճառ ավելի հաճախ դառնում է բորբոքային հիվանդությունների հետևանքով զարգացած փողերի անանցանելիությունը, շատ են նաև էնդոկրին հիվանդությունների հետևանքով առաջացած անպտղությունները: Դարի հիվանդություններից մեկն էլ, ըստ Գ. Ավագյանի, դարձել է էնդոմետրիոզը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter