HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Մենք չենք պարտվի երբեք

«Ամենահուզիչն ինձ համար այն էր, որ Շուշիի ազատագրումից հետո առաջին անգամ Ստեփանակերտի բնակչությունը դուրս եկավ նկուղներից, եւ ես հիշում եմ, որ երբ ազատամարտիկները իջնում էին Ստեփանակերտ, բնակիչները ծաղիկներ էին դնում նրանց ոտքերի առջեւ, դա մեծ ուրախություն էր»,- հիշում է Արցախի ազատագրական պատերազմի մասնակից Աիդա Սերոբյանը: Տիկին Աիդան պատմում է, որ պատերազմի ընթացքում իրենք նույնիսկ չեն նկատել, ինչպես են օրերն ու տարիներն անցնում. «Մեզ հետաքրքրում էր միայն մի բան. առաջ գնանք, ազատագրենք, ավելի առաջ գնանք»: Ազատամարտիկը «Հենարան» ակումբում պատմեց, թե ինքն ինչպես է միացել ազատագրական շարժմանը: «Ես հենց լսեցի, որ Արցախին բուժաշխատողներ են պետք, հաջորդ օրը պոլիկլինիկա գնալու փոխարեն եկա Առողջապահության նախարարություն եւ ասացի` գործուղեք ինձ, ես կգնամ Արցախ եւ այնտեղ մնացի մինչեւ պատերազմի ավարտը»,- ասում է Աիդա Սերոբյանը: Նա այսօր հիշեց մի 12-ամյա արցախցի տղայի, որը հոր մահից հետո եկել էր կռվի դաշտ, պահանջել հոր զենքը եւ մասնակցել իր հայրենիքի ազատագրմանը: Ազատամարտիկ Իգոր Սարգսյանն էլ ասաց, որ Ղարաբաղի ժողովուրդն իր վրա վերցրեց պատերազմը. «Ժողովուրդը հաղթեց իր ոգով, զոհեր տալով եւ իր տնից դուրս չգալով»: Աիդա Սերոբյանը ցավով նշեց, որ իննսունականների ոգին այսօր չկա, Իգոր Սարգսյանն էլ դա բացատրում է արժեքային համակարգի փոփոխությամբ: «Բայց չեմ կարծում, թե այդ փոփոխությունը կխեղդի այն համակարգին, որը դարերով եկել է: Պետք չէ խոսել հողեր տալուց, եթե մարդ պատրաստ է մի թիզ զիջելու, նա կզիջի ամբողջությամբ: Իմացեք, որ մենք չենք պարտվի երբեք, պատերազմը վերջացած չէ, այն կարող է սկսվել ցանկացած պահի: Մենք ոչ մի կտոր հող թշնամուն չենք տալու, դեռ պատմական հողեր ունենք հետ բերելու»,- վստահ է ազատամարտիկ Իգոր Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter