HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երեւանի օդը զարմացրել է հոլանդացի ուսանողներին

«Երեւանում այդքան շատ թանկարժեք մեքենաներ քշելը պարզապես ցուցամոլություն է» Հոլանդացի ուսանող Յոխըն Հալբոմին տարօրինակ է թվում, որ Երեւանում այդքան շատ վերամբարձ կռունկներ եւ կիսակառույց կամ դատարկ շենքեր կան: «Քաղաքը տեսնելիս առաջին բանը, որ աչքովդ է ընկնում, բոլոր այս վերամբարձ կռունկները, շենքերը, հսկայական բնակարաններն են, բայց դրանք մինչեւ վերջ կառուցված չեն, եւ Երեւան գալու ճանապարհին էլ դու տեսնում ես, որ այս ամենը նման չէ Հոլանդիային, որովհետեւ Հոլանդիայում կան մայրուղիներ, որոնք շատ լավ են կառուցված, եւ դրանց շուրջը ամեն տեսակի ֆերմաներ կան. բոլոր վայրերում էլ ինչ-որ բան կա, իսկ այստեղ դու պարզապես ոչինչ չես տեսնում: Առաջին հայացքից դա շատ տարօրինակ է: Քաղաքից դուրս եւս շատ տարածքներ կան, որտեղ ոչ ոք չկա»,- ասաց Յոխընը: Ապրիլին նա երկու շաբաթ է անցկացրել Երեւանում իր ընկերներ Սիցկա Բրուքհաուզընի, Յելսկա Սթղաուկի, Քլարինդա Յոնգխիրիըսի եւ Դերկ դե Վոսի հետ: Նրանք բոլորը Հոլանդիայի Christian College Ede-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ են: Քոլեջի ուսումնական ծրագրի համաձայն` 3-րդ կուրսի բոլոր ուսանողները պետք է 2 շաբաթով արտասահման գնան` որպես հանձնարարություն: Սկզբից նրանք ցանկանում էին Դաղստան, Չեչնիա կամ Վրաստան գնալ եւ ուսումնասիրել տեղի հակամարտությունները, բայց քանի որ սրանք վտանգավոր վայրեր են, նրանք որոշեցին Հայաստան գալ` հետեւելով իրենց քոլեջի աշխատակիցներից մեկի խորհրդին, ով 3 տարի առաջ եղել էր Հայաստանում եւ այստեղ ծանոթ ուներ: Յելսկայի խոսքերով` ինքը չէր սպասում, որ Երեւանն այսպիսին կլինի: «Երբ մտածում ես Կենտրոնական Ասիայի մասին, թվում է, թե ավելի շատ կլինեն նեղ փողոցներ, բազմաթիվ քայլող մարդիկ, ոչ այնքան շատ մեքենաներ, ոչ մեծ խանութներ: Երբ մտա քաղաք, այն շատ մեծ էր եւ փոքր-ինչ եվրոպական` իր բոլոր այս տեռասներով, որտեղ հանգիստ մթնոլորտ է, եւ բարձր շենքերով: Այս 2 շաբաթվա ընթացքում ինձ հատկապես դուր է եկել, որ տեռասներում ամենուրեք մարդիկ կային. այսքան շատ մարդիկ այդպիսի փոքր վայրում: Մարդիկ շատ ընկերական են. այնպիսին չեն, ինչպես Հոլանդիայում»,- ասաց նա: Հոլանդացի ուսանողները բնակարան են վարձել Մաշտոցի պողոտայում եւ ուշադրություն դարձրել նրան, որ քաղաքի կենտրոնի եւ արվարձանների միջեւ տարբերությունը զգալի է: «100 մղոնի վրա միայն այս մեկ Երեւանը կա: Հոլանդիայում մեծ քաղաքների շուրջը փոքր գյուղեր կան: Այստեղի փողոցներում արեւմտյան շատ մեքենաներ կան, բազմաթիվ թանկ խանութներ, շատ բարեր, ռեստորաններ, ակումբներ: Բայց եթե 2 կմ այն կողմ քշես, կտեսնես ավելի աղքատ շենքեր, իսկապես փոքր խանութներ ու փոքր բնակարաններ, եւ կարծում եմ, որ մեծ տարբերություն կա քաղաքի ներքին մասի եւ դրանից դուրս եղած հատվածի միջեւ: Մենք գնացինք Նորքի համայնք: Այստեղ կան մեծ սուպերմարկետներ, ինչպես «Սասը», «Սթարը», բայց Նորքում նպարեղենի խանութը 1-2 քառ. մետր տարածք էր զբաղեցնում: Այնտեղ նաեւ փոքր տներ տեսանք»,- ասաց Դերկը: «Իմ կարիքով` եթե գնաս այնտեղ, կտեսնես, թե որն է իրական Հայաստանը: Կարծում եմ` դա ավելի իրական է, քան Երեւանի այս փոքրիկ հատվածը»,- ավելացրեց Քլարինդան: Հոլանդացի ուսանողների վրա ամենից վատ տպավորություն է թողել Երեւանի աղտոտված օդը: «Երբ Հոլանդիայում գարունը գալիս է, դու ուղղղակի կարող ես շնչել դրա հոտը, եւ շատ գեղեցիկ է: Իսկ այստեղ կարծես շնչում ես Երեւանի մեքենաների արտանետած ամբողջ գազը: Այստեղ գարնան հոտը չես շնչում»,- ասացին Դերկն ու Յոխընը: Օտարերկրացի ուսանողներին շատ է զարմացրել, որ Երեւանում այդքան շատ թանկարժեք ու մեծ ավտոմեքենաներ կան, քանի որ իրենց երկրում թանկարժեք մեքենաներն այդքան շատ չեն, իսկ մարդիկ նախընտրում են փող ծախսել հարմարավետ, մեծ տուն գնելու եւ «միջին» մեքենա քշելու վրա, ոչ թե հակառակը: «Բոլոր տղաները, «իսկական» տղամարդիկ մեծ մեքենաներ են քշում: Գիտեք, այս ամենը շոուի համար է: Նրանք համերներ ու ջիփեր են քշում, բայց քաղաքում այդպիսի մեծ մեքենաների կարիք չունեն: Մեկ կամ երկու թանկարժեք մեքենայի մասին չէ խոսքը: Կարծում եմ` հենց այս պահին Երեւանով առնվազն 100-200 իսկապես թանկարժեք մեքենա է երթեւեկում: Հոլանդիայում մենք ունենք համերներ, բայց դա արդեն անցած էտապ է: Հոլանդիայում դու կարող ես հաշվել բոլոր մեքենաները, «Ահա եւս մեկ Ջիփ», «Ահա եւս մեկ 200 հազ. եվրո արժողությամբ մեքենա»: Հոլանդիայում եթե որեւէ մեկը նման մեքենա վարի, նրան կասեն. «Ինչպիսի ցուցամոլություն: Արա այնպես, ինչպես մյուսները»»,- ասացին հոլանդացի ուսանողները: Նրանք Երեւանում տեսել են 4 տղայի, ովքեր, մեքենայի մեջ նստած, բարձր երաժշտություն էին միացրել, եւ ասացին, որ այդ տղաներն իրենց այնպես էին պահում, կարծես Հայաստանի թագավորները լինեին: «Այդպիսի տղաներ շատ կան»: Քլարինդայի խոսքերով` իր ապրած քաղաքում հեծանվով ավելի արագ կարելի է հանրախանութ գնալ, քան ավտոմեքենայով, եւ շատ հոլանդացիներ հեծանիվ են քշում: «Երբեմն գնացքում նախարարին եմ տեսնում»,- ասաց Յելսկան: Օտարերկրացի ուսանողներ. Երեւանում մի շարք տարբեր պատմություններ են պատմում Ղարաբաղի մասին Հոլանդացի ուսանողներն իրենք են վճարել իրենց ճամփորդության համար: Նրանցից յուրաքանչյուրի համար ողջ ճամփորդությունը 800-900 եվրո է արժեցել. 450 եվրո` ինքնաթիռի տոմսերի, 200 եվրո` բնակարան վարձելու եւ մոտ 300 եվրո` ամենօրյա ծախսերը հոգալու համար: Նրանց քոլեջը վճարել է ճամփորդության միայն մի մասը` 150 եվրո: Տուն վերադառնալուց հետո նրանք փորձելու են հոդվածներ տպագրել Հայաստանի մասին, որպեսզի գոնե մասամբ վերադարձնեն ճամփորդության վրա ծախսված գումարը, թեեւ նշում են, որ հոլանդական լրատվամիջոցներում Հայաստանի մասին հոդվածներ տպագրելը բավական դժվար կլինի, քանի որ Հայաստանը մոտ չէ Հոլանդիային, ակտիվ հարաբերություններ չկան, այնպես որ հոլանդական ԶԼՄ-ները հետաքրքրված չեն Հայաստանին առնչվող թեմաներով: Բացի դրանից, նրանք ունեն իրենց թղթակիցները, որոնք այցելում են Հայաստան: «Կարծում եմ, որ պետք չէ մտահոգվել: Մենք այստեղ շատ բան սովորեցինք, եւ սա գեղեցիկ տեղ է: Արձակուրդդ անցկացնելու համար հաստատ Հայաստան չես գնա, եւ սա լավ հնարավորություն էր` տեսնելու ձեր երկիրը, որը երբեք չէիր ծրագրի այցելել»,- ասաց Քլարինդան: Այնուամենայնիվ, նրանք պատրաստվում են Հայաստանի մասին հոդվածներ գրել: Անդրադառնալու են տարբեր թեմաների` Հայաստանի հրեական համայնքին, Հայաստանում լեռնային հեծանվասպորտի համար անհրաժեշտ պայմանների առկայությանը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական գործընթացին եւ Ղարաբաղյան հակամարտությանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրենց հոդվածներում ԼՂ-ն ներկայացնելու են որպես անկա՞խ պետություն, թե՞ Հայաստանի մի մասը` Դերկը պատասխանեց, որ ԼՂ-ի մասին «մի շարք տարբեր պատմություններ» կան. մեկը մի բան է ասում, մյուսը` մեկ այլ բան: Ուստի, օտարերկրացի ուսանողները չեն կարողացել հասկանալ հակամարտության էությունը` անգամ լինելով Երեւանում: «Կարծում եմ` այն սկզբնապես եղել է Հայաստանի մասը եւ պատկանել է Հայաստանին, բայց որքանով հիմա եմ տեսնում, այն ցանկանում է անկախ լինել»,- ասաց Դերկը: Հոլանդացի ուսանողներին ասել են, որ Արցախում ապրող հայերը նախ եւ առաջ ուզում են անկախ լինել եւ ոչ թե Հայաստանի մի մասը: Այսպիսով, Դերկի խոսքերով, իրենք փորձում են հնարավորինս շատ մարդկանց հետ խոսել, «որպեսզի իմանան թեմայի վերաբերյալ հիմնական տեսակետները»: «Հետաքրքիր է` ինչպես էին շատ վաղ քրիստոնյաները մտածում Աստծու մասին» Հոլանդացի ուսանողների կարծիքով` Արարատը Երեւանում հիշատակված է ամենուրեք: «Գիտեի, որ այն չի պատկանում Հայաստանին, բայց հայերը դեռեւս այն տեսնում են որպես Հայաստանի մի մասը, եւ երբ եկանք Երեւան, այն տեսանք ամենուրեք, օրինակ` մենք այստեղ տեսանք «Արարատ» կոնյակ, ռեստորաններ եւ Արարատի տեսարանը: Ուստի, մեզ համար հետաքրքիր էր, թե ինչ պատմություն կա դրա ետեւում: Կասկադի վերեւի մասում մենք նկարահանում էինք եւ Արարատի իսկապես շատ լավ պատկեր ստացանք»,- ասաց Դերկը: Հայաստանում եղած ժամանակ ուսանողներն այցելել են Սեւանի թերակղզու եկեղեցիները եւ Էջմիածնի Մայր տաճար: Ասացին, որ ծրագրում են այցելել Գառնիի հեթանոսական տաճար, ինչպես նաեւ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ապրիլի 24-ին: «Մայր տաճարը շատ գեղեցիկ էր, շրջակայքը` նույնպես: Այնտեղ շատ խաղաղ էր: Կարծում եմ` ինձ համար խնդիր էր հասկանալ, թե ինչն է հին եւ ինչն է նոր, որովհետեւ այնտեղ կային եւ նոր, եւ շատ հին շինություններ»,- ասաց Յելսկան: Ինչ վերաբերում է Սեւանի եկեղեցիներին, Յելսկան դրանք շատ խորհրդավոր է համարում: «Շատ միստիկ էր: Այն շատ հին է, եւ ես ճշգրիտ պատմությունը չգիտեմ, բայց ինձ հետաքրքրիր էր, թե ինչպես էին այս մարդիկ` շատ վաղ քրիստոնյաները, մտածում Աստծու մասին»,- ասաց նա: Յոխընի բառերով` Սեւանում իրենք տիպիկ հայկական ճաշ են կերել` ձուկ, լավաշ, պանիր: Նրանք բավարար ժամանակ չեն ունեցել հայկական խոհանոցին ծանոթանալու համար, բայց փորձել են քյաբաբ, տոլմա, լավաշ եւ հավանել են: «Շատ լավ էր: Դրանից առաջ մենք իսկական հայկական ճաշատեսակներ չէինք փորձել»,- նշեց Քլարինդան: «Կարծում եմ` մի օր տանը կպատրաստեմ այնպես, ինչպես դուք` սեղան, որի վրա շատ բան կա, եւ դու կարող ես ամեն ինչից մի քիչ վերցնել»,- ավելացրեց Յելսկան: Մյուս կողմից` հոլանդացի ուսանողները անհարմարավետ են համարում, որ Երեւանում իրենց այցելած ռեստորանում բոլոր ճաշատեսակները գրեթե միանգամից են մատուցվել: «Հոլանդիայում մատուցվում է նախուտեստը, որից հետո դու հանգստանում ես 20 րոպեից կես ժամ: Հետո մատուցվում է հիմնական ճաշատեսակը, որից հետո եւս մոտ 15 րոպե ժամանակ ունես: Այնուհետեւ սուրճն ես խմում: Իսկ այստեղ ես դեռ չէի վերջացրել իմ նախուտեստը, երբ հիմնական ճաշատեսակը բերեցին»,- ասաց Դերկը: Երբեմն մարդիկ Երեւանում ակնդետ նայում են օտարերկրացի ուսանողներին: Սակայն հոլանդացի ուսանողների խոսքերով` Հոլանդիայում իրենք եւս ուշադրություն կդարձնեին, եթե որեւէ մեկը իսկապես շատ տարբերվող արտաքին ունենար, եւ իրենք միշտ իրենց ապահով են զգացել Երեւանում: «Երբ խոսում ես մարդկանց հետ, տեսնում ես, որ այնպես չէ, թե նրանք կարծում են, որ դու օտարական ես կամ նման բան, այլ պատճառն այն է, որ ամեն օր նրանք տեսնում են հայերի, բայց երբեք չեն տեսնում շիկահեր ու կապուտաչյա մարդկանց: Երեւանում երթեւեկությունը խելագար է, բայց մարդիկ քաղաքավարի են»,- ասաց Յոխընը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter