HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանկային համակարգը լա՞վ է տրամադրված գյուղացիների հանդեպ

Գյուղացիներից շատերը, վարկեր վերցնելով առևտրային բանկերից դոլարի ցածր փոխարժեքով, այժմ հայտնվել են բավական ծանր իրավիճակում, քանի որ դոլարի փոխարժեքը բարձրացել է, և իրենք ստիպված են վարկերի տոկոսները վերադարձնել ներկայիս` բարձր փոխարժեքով: Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչո՞ւ են վարկերը դոլարով տրամադրվում և ի՞նչ է պետք անել` այս խնդրի լուծման համար, ՀՀ բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն ասաց, որ գյուղացու նկատմամբ միշտ եղել է ավելի լավ տրամադրվածություն բանկային համակարգի կողմից: «Այո, միգուցե այսօր ավելի դժվար է գյուղացու համար այդ վարկերը սպասարկելը, բայց բանկային համակարգի մասնակիցները , բանկերը, բոլորը պատրաստակամորեն համագործակցում են գյուղացիների հետ: Այդ համագործակցության արդյունքում վերամշակվում է նոր քաղաքականություն վարկի մարման ուղղությամբ` ինչպես պետք է վերանայել մարման գրաֆիկը, կամ պայմանները փոխել կամ քայլեր ձեռնարկել, ինչ օժանդակություն է պետք ցուցաբերել գյուղացուն, որպեսզի նա ավելի հեշտ կարողանա այդ վարկը սպասարկել»: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են վարկերը դոլարով տրամադրվում, Ա. Ղուկասյանն ասաց, որ դա արտացոլումն է այն բանի, որ այսօր մեր երկրի պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արտարժույթային է: «Հետևաբար խնդիր է դրված` տա՞լ, թե չտա՞լ վարկ: Եվ երևի թե կհամաձայնեք, որ ավելի լավ էր տալ վարկերը, որպեսզի գյուղացու մոտ աշխուժություն լիներ, քան ընդհանրապես փակեին նաև այս վարկավորումը»: Իսկ այն, որ գյուղացիները ծանր կացության մեջ են, և ստիպված են տներ վաճառել,  հողեր և այլն, Ա. Ղուկասյանը նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` վտարումների թիվը չի գերազանցել 10-ը: «Եթե մենք խոսում ենք 150 000 վարկի և 10 վտարումների մասին, պատկերը պարզ է»,- ասաց նա: Անդրադառնալով դատական ատյաններում բանկ-հաճախորդ դատական գործերին` Ա. Ղուկասյանը նշեց, որ դատական ատյաններում առկա գործերի թիվը միջինը չի գերազանցում մեկ տոկոսը: «Շատ բանկերի  դեպքում դա անգամ 0.5 տոկոս չի կազմում, և կա լուրջ միտում` այդ դատական գործերի թվի նվազեցման: Վարույթ ընդունված գործերի մեծ մասը կասեցվում են կողմերի փոխադարձ համաձայնության արդյունքում: Կա բանկ-հաճախորդ փոխըմբռնում, որի արդյունքում այլևս իրենք գերադասում են համագործակցել, քան գնալ դատական ճանապարհով: Չեմ կարծում, թե իրականում վիճակն այդքան վատ է, ինչպես ներկայացվում է»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter