HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Հավասա՞ր են, արդյոք, ԵԽ անդամ երկրները կամ Չավուշօղլուի երևանյան տավտոլոգիան

Ավելի անհեթեթ միտք, քան արտահայտեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեվլութ Չավուշօղլուն` Ծիծեռնակաբերդ չայցելելու իր որոշումը պատճառաբանելիս, դժվար է գտնել: Պարզվում է, փաստորեն, որ ԵԽԽՎ սույն նախագահը տարբեր երկրներ իր այցելություններից առաջ մանրամասն ուսումնասիրում է Վեհաժողովի կանոնակարգը` փորձելով հասկանալ`տվյալ երկրում «այս կամ այն վայրն» այցելելու մասին դրույթ կա՞, թե՞ ոչ: Եվ քանի որ ԵԽԽՎ կանոնակարգում նման անհեթեթություն չի կարող լինել, Չավուշօղլուն ոչ մի տեղ չի կարող կամ պարտավոր չէ այցելել: Դժվար է ասել` այսպիսի տավտոլոգիաներ հեղինակելն ընդհանրապես հատու՞կ է Չավուշօղլուին, թե՞ ոչ, սակայն նման պահվածքը մեզ համար, որպես Եվրոպայի խորհրդին անդամակցող երկրի քաղաքացիներ, վիրավորական է: Նախ`«այս կամ այն վայր» այցելելու հետ կապված հարցերը կարգավորվում են ոչ թե որևէ կառույցի գործողությունն ապահովող կանոնակարգերով, այլ ընդամենը դիվանագիտական խողովակներով` պայմանավորված ընդունող երկրի կողմից առաջադրվող արարողակարգային պարտադիր ատրիբուտներն ընդունելու կամ չընդունելու իրողությամբ: Իսկ այդ ատրիբուտները սահմանվում են ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքով, այլ նաև երկրի ու պետականության արժանապատվությունը, տվյալ ժողովրդի նկատմամբ հարգանքն ընդգծելու համար: Մոտ մեկ ամիս առաջ Չավուշօղլուն գտնվում էր Ադրբեջանում: Բաքու ոտք դնելուց անմիջապես հետո նա, ըստ արարողակարգի, այցելեց Շեհիդների ծառուղի: Հավանաբար ԵԽԽՎ կանոնակարգում գտել էր այդ վայրն այցելելու թույլտվություն տվող դրույթը, դրա համար էլ ԵԽԽՎ նախագահը Երևանում դեմքի ամենայն լրջությամբ հայտարարեց. «Որպես Խորհրդարանական վեհաժողովի նախագահ պետք է ասեմ, որ բոլոր 47 երկրները հավասար են Վեհաժողովում և պետք է  հավասար վերաբերմունքի արժանանան»: Եթե խոսքը վերաբերեր Թուրքիայի Մեջլիսի պատվիրակության ղեկավարի կամ պատգամավորի թեկուզ պաշտոնական այցին, Չավուշօղլուին, որպես Թուրքիայի պաշտոնական ներկայացուցչի, էթնիկական խտրականության հենքի վրա երկակի ստանդարտնելով առաջնորդվելու մեջ մեղադրելու խնդիր ընդհանրապես չէր առաջանա: Այստեղ ազգայնականությունը բացարձակապես որևէ կապ չունի: Խոսքն ընդամենը մեկ բանի մասին է. միջազգային կազմակերպության ղեկավարի կողմից այդ կազմակերպության անդամ երկրի և նրա ժողովրդի նկատմամբ տարրական հարգանքի դրսևորման: Իրողությունն այսքան վիրավորական գուցե չլիներ, եթե խոսքը չվերաբերեր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին: Մի կառույցի, որը երկու անգամ ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը: 1998 թ. ԵԽԽՎ-ն ընդունել է No. 275 հռչակագիրը «1915 թ. Հայոց Ցեղասպանությունը հիշատակելու» մասին: Իսկ դրանից երեք տարի անց, այսինքն` 2001 թ., այն նույն թվականին, երբ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին, այս կառույցի Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց նաև No.320 բանաձևը, որն ուղղակի կոչվում էր «Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին»: Հետևաբար, Չավուշօղլուն Հայաստանում «այդ վայրն» այցելելու համար պետք է քրքրեր ոչ թե ԵԽԽՎ կանոնակարգը, այլ ընդունված հռչակագրերն ու բանաձևերը: Այս փաստը հուշում է, որ կամ ԵԽԽՎ նախագահը տեղյակ չէ իր ղեկավարած կառույցի ընդունած որոշումներից, կամ ձև է անում, թե տեղյակ չէ: Սակայն սա հարցի միայն մեկ կողմն է: Միայն Ցեղասպանության հուշահամալիր չայցելելու համար Հայաստան կատարելիք այցի մակարդակը պաշտոնականից իջեցնելով աշխատանքայինի` Չավուշօղլուն, որպես ԵԽԽՎ նախագահ, սոսկ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ իր արհամարհանքը չէ, որ ցուցադրեց: Դրանով նա առաջին հերթին արհամարհեց իր իսկ գլխավորած կառույցի` Խորհրդարանական վեհաժողովի ընդունած փաստաթղթերը, որոնք նրան բացարձակապես ազատում էին իբրև թուրք պաշտոնյա հանդես գալու որևէ կապանքից: Եվ հիմա Վեհաժողովի պատվիրակություններն իրենց լրջորեն հարց պիտի տան` այդ անձն ընտրվել է Վեհաժողովը ներկայացնելու՞, նրա անունից հանդես գալու՞, թե՞ այն իր երկրի քարոզչական ու դիվանագիտական նախապատվություններին ծառայեցնելու համար: Հասկանալի է, իհարկե, որ մեծ հաշվով այդ պատվիրակություններին բացարձակապես չի հետաքրքրելու` Չավուշօղլուն ինչով կամ ինչպես է հիմնավորում իր այս կամ այն  որոշումը: Տվյալ դեպքում դա հետաքրքրում է մեզ` սեփական դիրքերը պաշտպանելու տեսանկյունից: Եվ այստեղ հարց է առաջանում` ինչու՞ է Հայաստանը գնում Չավուշօղլուի փաստացի նախապայմանի բավարարմանը, եթե վերջինս, իբրև Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, արարողակարգը խախտելու որևէ տրամաբանական բացատրություն չէր կարող ունենալ, եթե առկա էին Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին երկու հռչակագրերը: Նման պայմանի առաջադրման պարագայում պաշտոնական Երևանը բոլոր հիմքերն ուներ կամ ընդհանրապես չեղյալ հայտարարելու Չավուշօղլուի այցը, կամ բոյկոտելու նախատեսված բոլոր աշխատանքային հանդիպումները: Ի վերջո, այս այցը որևէ էական նշանակություն չուներ ո'չ Չավուշօղլուի և ո'չ էլ Հայաստանի համար: Եթե հայկական կողմը նման փոփոխություն կատարում է, որպեսզի առիթ ստեղծի Չավուշօղլուին բողոքելու ԼՂ հարցով հանձնաժողովի վերագործարկման փորձերի համար, ապա դա շատ հանգիստ կարող էր անել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ այս այցի արդյունքում ԵԽԽՎ գործող նախագահը չի հրաժարվելու ԼՂ հարցով ԵԽԽՎ հանձնաժողովի վերակենդանացման և այն ղեկավարելու մտադրությունից, իսկ Հայաստանը չի կարողանալու խոչընդոտել, որովհետև, միևնույն է, 2005 թ. ընդունված 1416 բանաձևից փախչել չի կարողանալու: Այսինքն` ստացվեց այնպես, որ Չավուշօղլուն Հայաստան ժամանեց, որպեսզի տպավորություն ստեղծի, թե նաև հաշվի է առնում Հայաստանի մոտեցումն այդ հանձնաժողովի ստեղծման հարցում, որպեսզի լինելով ժողովրդավարական արժեքների տեսանկյունից գուցե ավելի վատթար վիճակում գտնվող երկիր` բոլորիս «լուսավորի», թե տարածաշրջանում ամենախնդրահարույց երկիրը Հայաստանն է: Իսկ Հայաստանը նրան ընդունեց, որովհետև չէր կարող չընդունել: Եվ հարց է առաջանում` ումի՞ց ավելի շատ վիրավորվել` Չավուշօղլուի՞ց, թե՞ նրան ընդունող սեփական երկրի իշխանությունից…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter