HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Խիստ պատիժ ենք պահանջում մանկապիղծ ուսուցչի համար»

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը, ըստ մեղադրանքի, 1985-2008 թթ. ընթացքում բռնությամբ ուղեկցվող անառակաբարո գործողություններ է կատարել նույն դպրոցի անչափահաս ու անպաշտպան բազմաթիվ աշակերտուհիների նկատմամբ: Քրեական գործով, սակայն, որպես տուժող ներգրավվել են աղջիկներից 5-ը: Մեղադրող դատախազը դատարանին խնդրում է Ավագյանին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, իսկ դատապաշտպանն ակնկալում է այնպիսի պատիժ, որն ազատազրկում չի նախատեսում: Մեղադրյալ Ավագյանի դատապաշտպանի ճառը վրդովեցրեց այսօրվա նիստին ներկա անձանց, քանի որ փաստաբանը մեջբերում արեց Աստվածաշնչից եւ ասաց, թե ով անմեղ է, թող առաջին քարը նա նետի Ավագյանի վրա: «Ուզո՞ւմ եք ասել, թե բոլորս մանկապիղծ ենք, հա՞»,- արձագանքեցին կանայք: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող այսօրվա նիստին ներկա էր նաեւ Լեւոն Ավագյանի նախկին «զոհերից» մեկը` Գայանեն, ով զայրացավ, երբ լսեց, թե Ավագյանի համար որպես պատիժ դատախազը պահանջում է 1,5 տարի ազատազրկում: «Դուք էնտեղ չեք եղել, էդ ծեծ ու ջարդը չեք տեսել, հենց ցեղասպանություն են ասում, ես իմ մանկությունն եմ հիշում»,- դատարանի դահլիճում բղավեց 90-ականների վերջին դպրոցն ավարտած Գայանեն: Գործով տուժող ճանաչված աղջիկների ներկայացուցիչներ Տիգրան Հայրապետյանն ու Ավագ Լալայանն իրենց ճառերում նշեցին, որ գործով ապացուցված է Լեւոն Ավագյանի ոչ միայն անառակաբարո գործողություններ կատարելը, այլեւ նրա կողմից երեխաներին ծեծի եւ խոշտանգումնհերի ենթարկելը, ուստի նրա մեղադրանքին պետք է ավելացվի Քրեական օրենսգրքի եւս երկու հոդվածներ: Ավագ Լալայանը մեջբերեց դպրոցի նախկին սաներից մեկի ցուցմունքից մի հատված. «Ավագյանը մեզ կռվացնում էր, ասում էր` մինչեւ արյուն չհանեք, չեք նստելու, եթե մենք չէինք կռվում, ինքն էր մեզ ծեծում: Եթե մի օր էրեխա չէր ծեծում, ձեռները դողում էին...»: Տուժողները ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, որ նույն դպրոցի տնօրենի կողմից տրված եզրակացությունը, համաձայն որի, Ավագյանը բնութագրվում է որպես դրական հատկանիշներ ունեցող մանկավարժ, չի կարող մեղմացնել ուսուցչի պատիժը, քանի որ տնօրենը, ըստ գործի նյութերի, Ավագյանից ոչ պակաս դաժանությամբ ծեծի է ենթարկել երեխաներին: «...հրեշ Ենգիբարյանը մեզ կանգնացնում էր պատի տակ եւ ինչքան ուժ ուներ, հարվածում էր մեր փորին, մենք ընկնում էինք...»,- քննիչներին պատմել է դպրոցի նախկին սան Մարթա Ժակեիչը: Եվս մեկ փաստ առ այն, որ դպրոցի անձնակազմը տեղյակ է եղել ուսուցչի անառակաբարո վարքին. «Ես Աշոտ Ղադյանին ասեցի, որ Ավագյանը աղջիկներին ձեռ ա գցել, ինքը ասեց` Ավագյանը եքա մարդ ա, տենց բան հնարավոր չի, հետո էլ ասեց, որ եթե շուխուր անեմ, գլուխս կջարդի»,- իր ցուցմունքներում գրել է Մարիամ Գեւորգյանը, ով փախել է դպրոցից, որպեսզի իր «գլուխը չջարդեն»: Մեղադրյալ Լեւոն Ավագյանը դատարանում եւս մեկ անգամ հայտարարեց, թե ինքը զղջում է եւ խնդրում է մեղմ պատիժ սահմանել իր համար: Իսկ տուժողի ներկայացուցիչները համոզված են, որ Ավագյանն իրականում չի զղջացել, քանի որ իրական զղջումը պետք է երեւա փաստերից, այլ ոչ թե «մերկապարանոց հայտարարություններով»: Փաստաբանները հիշեցրին դատարանին, որ ուսուցիչը դեռեւս 2009 թվականի փետրվարին հաղորդում էր տվել ոստիկանությանը, թե իբր դպրոցի նախկին սաները զրպարտել են իրեն, արատավորել են իր բարի համբավը: Այնուհետեւ հարուցված քրեական գործի ընթացքում նախ հերքել է իրեն մեղսագրվող արարքները, իսկ 2010 թվականին հարուցված երկրորդ քրեական գործի ընթացքում խոստովանել է, որ բռնությամբ անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս երեխաների հետ: Դատարանը Լեւոն Ավագյանի դատավճիռը կհրապարակի մայիսի 24-ին, ժամը 16:00-ին: Դատական նիստից առաջ եւ հետո երկու տասնյակ քաղաքացիներ պաստառները ձեռքներին կանգնած էին դատարանի շենքի առաջ` դատավորից պահանջելով ավելի խիստ պատիժ «մանկապիղծ ուսուցչի համար»: Քաղաքացիները նույնիսկ առաջարկում են Ավագյանին դատապարտել ցմահ բանտարկության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter