HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այսօր մկնդեղի գերեզմանոցն ամենամեծ վտանգի օբյեկտը չէ»,- կարծում է Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի «տերը»

Փետրվարի 25-ից Ալավերդիում մեկնարկել է «Անվտանգ միջավայր» ծրագիրը, որի շրջանակներում պետք է մոնիտորինգ իրականացվի Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհին գտնվող մկնդեղի թափոնների գերեզմանոցի էկոլոգիական վտանգների վերաբերյալ: Ծրագիրն իրականացնում են «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հ/կ-ն եւ Ալավերդու «Օրհուս» կենտրոնը: «Հետքը» բազմիցս անդրադարձել է մկնդեղի գերեզմանոցի խնդրին, որը տարիներ  շարունակ շրջակա միջավայրի համար լուրջ վտանգ է ներկայացնում: Գերեզմանոցի բետոնապատ տարածքը ճաքել է, թույնը դուրս է եկել, թունավոր օքսիդացման պրոցեսներ են ընթանում: Երկար ժամանակ գերեզմանոցի տարածքը լքված էր, շատ ալավերդցիներ նույնիսկ տեղյակ չէին, որ այդ տարածքը «մկնդեղի գերեզմանոց է»: Միայն վերջերս է այն ցանկապատվել` «Հետքի» ահազանգից հետո: Գերեզմանոցի տարածքը պատկանում է «Մանես» ԲԲԸ-ին: Ընկերության տնօրեն Աղվան Հովհաննիսյանն ասում է, որ այսօրվա դրությամբ հանրապետության բոլոր թափոնակուտակիչ վայրերը գտնվում են ռիսկային գոտում, քանի որ առնվազն 20 տարի որեւէ  աշխատանք այդ ուղղությամբ չի կատարվել: «Ես գտնում եմ, որ այս ուսումնասիրությունը տեղին է, եւ արժե պարզել` ինչ իրավիճակ է տիրում»,- ասում է Ա. Հովհաննիսյանը: Իսկ թե ինչու ընկերությունը ժամանակին չի զբաղվել այս խնդրով, Ա. Հովհաննիսյանը բացատրում է ֆինանսական միջոցների բացակայությամբ: «Այնուամենայնիվ, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առայժմ այդ թափոնակուտակիչն այդպիսի մեծ վտանգ չի ներկայացնում շրջապատի համար»,- ասում է Ա. Հովհաննիսյանը: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը, սակայն, գտնում է, որ խնդիրը վերջնականորեն պետք է լուծվի այդ նյութերի ոչնչացմամբ: «Այսօր Հայաստանը չունի այդ տեխնոլոգիաները` անվտանգ ոչնչացման առումով: Կամ մենք պետք է ներմուծենք այդ տեխնոլոգիաները եւ փորձենք դա անել Հայաստանում, կամ պետք է դուրս բերենք այդ նյութերն ու այնտեղ, որտեղ կան այդ տեխնոլոգիաները, ոչնչացնենք: Իսկ ժամանակավոր պահպանման առումով պետք է առավելագույն կերպով մեկուսացվի շրջակա միջավայրից, հատկապես` ջրային ռեսուրսներից: Բնակչությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ է այդտեղ»,- ասում է Կ. Դանիելյանը: Նա  գտնում է, որ նմանատիպ լքված պոչամբարներ, գերեզմանոցներ Հայաստանում շատ կան, որոնք մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար, եւ դրանք «ոչ մեկինն են»: «Տվյալ դեպքում շատ կարեւոր է, թե ինչպես է հատակը մեկուսացվել: Դա թույների արտահոսք է դեպի ստորգետնյա ջրեր: Եթե վերգետնյա ջրերը մենք ինչ-որ կերպով դեռ կարող ենք մաքրել, ստորգետնյա ջրերի հետ շատ ավելի դժվար է, ու կարող ենք շատ անսպասելի թունավորումներ ունենալ»,- ասում է Կ. Դանիելյանը: Նա կարծում է, որ պետությունը պետք է վերահսկի նման խնդիրները, քանի որ «մասնավորեցման շրջանում ստացվել է այնպես, որ անտեր են մնացել նման տիպի օբյեկտները»: Սակայն այստեղ համակարգային խնդիր կա. բնապահպանի կարծիքով` վերահսկողության համակարգը լիարժեք չի գործում: «Մանես» ԲԲԸ-ի տնօրենն էլ հավաստիացնում է, թե իրենք էլ են ընդունում, որ անհրաժեշտ է ուսումնասիրություն իրականացնել` հետագա աշխատանքները ճշգրիտ իմանալու համար: «Ալավերդիում, իրոք, կա բնապահպանական մեծ պրոբլեմ: Բոլորս դրա տերն ենք, գիտենք, չենք հրաժարվում: Այսօրվա դրությամբ մկնդեղի գերեզմանոցն ամենամեծ վտանգի օբյեկտը չէ, ուղղակի ժամանակի ընթացքում պետք է ուսումնասիրություն կատարվի, տեսնենք` ինչքանով է վտանգավոր: Հիմա առանց ուսումնասիրությունը կատարելու կարելի՞ է ենթադրություն անել»,- ասում է ընկերության տնօրենը: Հիմնական ուսումնասիրությունները կսկսվեն մեկ ամիս անց, որոնցում մի շարք կազմակերպություններ են ներգրավվելու: «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հ/կ-ի տնօրեն Լարիսա Փարեմուզյանը վստահեցնում է, որ սկզբում մոնիթորինգի գաղափարն այնքան էլ լավ չի ընդունվել, սակայն հիմա արդեն եզրահանգել են այն մտքին, որ սա ընդհանուր խնդիր է: «Ես արդեն տեղեկություն ունեմ, որ չի բացառվում, որ ԵԱՀԿ-ի միջամտությամբ մկնդեղի գերեզմանոցում թաղված թունավոր նյութերն ուսումնասիրելու համար եվրոպական լաբորատորիաներից գան` այստեղ աշխատելու: Վերջնականապես պետք է այդ գերեզմանոցի անվտանգության խնդիրը լուծվի»,- ասում է Լ. Փարեմուզյանը: Նա տեղեկացրեց, որ հուլիսից աշխատանքները կսկսվեն, եւ կպարզվեն մի շարք հարցեր, այդ թվում` սեյսմիկ անվտանգության խնդիրը: «Գերեզմանոցը բարձր բլուրի վրա է կառուցված: Թեեւ ասում են, որ դա խորհրդային տարիներին է կառուցված ու շատ ամուր է, բայց Լենինականում, Սպիտակում խորհրդային տարիներին կառուցված շատ շենքեր փլվեցին: Հիմա մենք չգիտենք նաեւ, թե մկնդեղի գերեզմանոցը շինարարական ի՞նչ ամրություն ունի: 30 տարի անցել է, պետք է այդ բոլոր հարցերը պարզվեն: Ինչպես նաեւ` պատնեշների ամրությունը եւ թաղված նյութերի վտանգավորության աստիճանը»,- ասում է Լ. Փարեմուզյանը: Ծրագրի մեկնարկից հետո գերեզմանոցի տարածքից փորձանմուշներ վերցրած  հակահամաճարակաբանն ասել էր, որ այս տարածքում մկնդեղի պարունակությունը 26 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Սակայն հակահամաճարակաբանը ներկայումս հրաժարվում է աշխատել ծրագրի շրջանակներում, ինչը Լ. Փարեմուզյանին առիթ է տալիս ենթադրելու, որ նրան վախեցրել են: «Մանես» ԲԲԸ-ի տնօրեն Աղվան Հովհաննիսյանը, սակայն, նշում է, որ իրենք ընդամենը հակահամաճարակաբանին գրավոր խնդրել են, որպեսզի նա պատասխանի, թե որտեղ են կատարվել այդ ուսումնասիրությունները: «Հակահամաճարակաբանը չի հրաժարվում համագործակցել: Խնդիրն ընդամենը այն է, որ ես գրավոր խնդրել եմ, որ առանց մեզ մոնիտորինգ, նմուշառում չկատարեն, որպեսզի վաղը մյուս օրը եթե հարց ծագի, իմանանք` որտեղից է վերցված այդ մկնդեղը: Ասում եմ` ինձ տարեք, տեսնեմª որտեղից եք վերցնում այդ մկնդեղը»,- ասում է Ա. Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter