HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Հակամարտությա՞ն, թե՞ տարածքները հանձնելու գործընթացի կարգավորում.բանակցային փակուղու առջեւ

Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Ադրբեջան ստացվեց սպասվածից ավելի անշուք: Թուրքիայի վարչապետը Բաքու ժամանեց Թեհրանից, նախատեսվածից մեկ օր ուշ, ապա մեկ օր հետո մեկնեց Վրաստան: Դա ոչ թե հատուկ այց էր Ադրբեջան, այլ ընդամենը Էրդողանի տարածաշրջանային «տուրնեի» մաս: Այս իրողությունը պարզորոշ ցույց տվեց, որ Ռուսաստանի նախագահի` մայիսի 11-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում Անկարային չի հաջողվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված Մոսկվայի հետ ընդհանուր հայտարարի գալ: Էրդողանը, փաստորեն, Ադրբեջան էր մեկնել` առանց Բաքվի համար շոշափելի  արդյունքի: Ավելին, նույն օրը, երբ նա ժամանում էր Բաքու, թուրքական թերթերը շրջանառության մեջ դրեցին «վարկած», թե վարչապետը Բաքվում նախագահ Ալիեւին փորձելու է համոզել հրաժարվել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 5 շրջաններն այս փուլում պահանջելու մտքից եւ համաձայնել Հայաստանի հետ բացել հաղորդակցության ուղիները միայն Քելբաջարի եւ Ֆիզուլիի շրջանները ետ ստանալու դիմաց: Սա անուղղակի ակնարկ էր Բաքվին առ այն, որ մաքսիմալիստական նկրտումներով առաջնորդվելը գործընթացը տանում է փակուղի, եւ որ այն համարժեք ընկալում չի գտնում միջնորդ համանախագահների ու հատկապես Ռուսաստանի կողմից: Հինգի փոխարեն երկու շրջանների վերադարձման հետ համաձայնելու գաղափարը Էրդողանը հնչեցնում էր ոչ առաջին անգամ: Նույն միտքը նա թուրք լրագրողներին ներկայացրեց նաեւ ապրիլի կեսերին, Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումներից հետո: Այնպես որ, այս մոտեցման «վերակենդանացումը» ոչ թե թուրքական լրատվամիջոցների երեւակայության արդյունքն էր, այլ պաշտոնական Անկարայի` Բաքվին ուղղված տեղեկատվական արտահոսք: Թե ապրիլին, երբ Էրդողանն առաջին անգամ հնչեցրեց 5-ի փոխարեն 2 շրջաններով բավարարվելու մասին դիրքորոշումը, թե հիմա թուրքական լրատվամիջոցների շրջանառած նույն տեղեկատվությանը պաշտոնական Բաքուն որեւէ կերպ չարձագանքեց: Չնայած դրան` Ադրբեջանի իշխանությունը ակնհայտորեն արտահայտեց իր դժգոհությունը ստեղծված իրավիճակից եւ Թուրքիայի ձեռնարկած միջոցների անարդյունավետությունից: Ի սկզբանե պլանավորված էր, որ գազի դիմաց նոր, իջեցված սակագին սահմանելու մասին պայմանագիրը Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրելու են Էրդողանի` Բաքու կատարած այս այցի ընթացքում: Սակայն Էրդողան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպումից հետո հայտարարվեց, որ փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում, Ստամբուլում, Իլհամ Ալիեւի` Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Փաստորեն, Անկարայի գործողություններից դժգոհելով` Բաքուն Թուրքիայի նկատմամբ կիրառեց ՙգազային՚ մտրակը: Կարելի է ասել, որ Էրդողանի` Ադրբեջան կատարած այցով որոշակիացվեց, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը դանդաղ մտնում է փակուղի: Եվ դա նկատելիորեն նյարդայնացնում է Բաքվին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվեց մասնակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մայիսի 12-ին Բրյուսելում նախատեսված հանդիպմանը: Ըստ ամենայնի` Մամեդյարովը սպասում էր Մեդվեդեւի` Թուրքիա կատարած այցի արդյունքներին: Եվ միայն այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ էական տեղաշարժ ռուս-թուրքական բանակցություններում չի եղել, ադրբեջանական կողմը ստիպված հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հանդիպելու պատրաստակամության մասին: Այդ հանդիպումը նախատեսված է հունիսի 5-ին Վենետիկում, որտեղ, ըստ պաշտոնական Բաքվի, Մամեդյարովը փորձելու է միջնորդներից ստանալ Հայաստանի պատասխանը այսպես կոչված Մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ: «Ես հույս ունեմ, որ Մինսկի խմբի համանախագահներին կհաջողվի համոզել հայկական կողմին, որպեսզի այն ընդունի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը»,- հայտարարել էր Մամեդյարովը` հավելելով, թե Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա ձեռնամուխ լինել կարգավորման խաղաղ համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին: Բացի դրանից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Էրդողանի հետ բանակցություններից անմիջապես հետո հայտարարեց. «Հայաստանը պետք է կամ դրական պատասխան տա Ռուսաստանի, Ամերիկայի եւ Ֆրանսիայի առաջարկություններին, եւ այդ ժամանակ մենք կմոտենանք խնդրի կարգավորմանը, կամ  էլ բացասական պատասխան տա, եւ այդ դեպքում հակամարտության կարգավորման գործընթացը կխաթարվի, որով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր փուլ կսկսվի»: Թե հատկապես ի±նչ նոր փուլի մասին է խոսքը, Ալիեւը չի մանրամասնել: Սակայն տվյալ դեպքում խնդիրն այն է, որ Բաքուն հուսահատ կերպով փորձում է Հայաստանին եւ միջազգային հանրությանը երկընտրանքի առջեւ կանգնեցնել. կամ գործընթացը շարունակվում է Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա, որի շրջանակներում Ադրբեջանն արդեն բացել է խաղաքարտերը, կամ գործընթացը կասեցվում է: Նման երկընտանքի առաջադրումն ինքնանպատակ չէ: Մադրիդյան նորացված սկզբունքներով, որոնք միջնորդները Ադրբեջանին ներկայացրին 2009-ի դեկտեմբերին, իսկ Հայաստանին` հունվարի կեսերին, ոչ թե հակամարտության կարգավորման, այլ բացառապես հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձման խնդիր է դրվում: ԼՂ կարգավիճակի հարցը, որպես այդ տարածքի բնակչության ինքնորոշման մեխանիզմ, բացարձակապես անտեսվում էր ինչ-որ անորոշ ձեւակերպումներով, որոնք չէին կարող երաշխավորել անգամ հետագայում հանրաքվեի միջոցով սեփական կարգավիճակը որոշելու ԼՂՀ ժողովրդի իրավունքը: Դա այն էր, ինչ անհրաժեշտ էր Ադրբեջանին: Եվ քանի որ այս շրջանակներում Բաքուն արդեն համաձայնություն տվել էր, ապա ինքնըստինքյան սահմանափակել էր նաեւ մանեւրելու հնարավորությունները: Բաքուն, թերեւս, հաշվարկել էր, որ այս սկզբունքներն ընդունելուց Հայաստանը փախչելու, խուսանավելու հնարավորություն չի ունենալու, ինչն էլ խաղաքարտերը միակողմանի բացելու հնարավորություն էր ստեղծել: Սակայն նախ` ԱՄՆ-ում ապրիլին, ապա Անկարայում մայիսին կայացած Էրդողան-Օբամա եւ Էրդողան-Մեդվեդեւ բանակցությունները ցույց տվեցին, որ միջնորդ երկրներն այս փուլում իրենց առջեւ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու, ինչ-որ լուծում պարտադրելու խնդիր չեն դնում, որն էլ Հայաստանին հնարավորություն է տալիս փորձելու «ջրել» նորացված սկզբունքները եւ անիվը ետ շրջել դեպի 2007-ին ներկայացված եւ 2009-ի հուլիսին լ’ Աքվիլայում ՄԽ երեք երկրների նախագահների կողմից գաղտնազերծված իրական Մադրիդյան սկզբունքները: Այլ կերպ ասած` հայկական կողմը ձգտում է կրկին բանակցային սեղանին վերադարձնել ԼՂ կարգավիճակի որոշման մեխանիզմն այս փուլում որոշելու խնդիրը: Այդ մասին շատ հստակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. «Առանց խնդրի պատճառները լուծելու փորձել խոսել հետեւանքների մասին, այն էլ այն հետեւանքների մասին, որոնք արդյունք են հենց ագրեսոր Ադրբեջանի գործողությունների, նույնիսկ անտրամաբանական է: Իսկ ի՞նչ է, Ադրբեջանն արդեն այսօր պատրա՞ստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արտահայտած կամքը, ...պատրա՞ստ է իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանները վերադարձնել: Ակնհայտ է, որ ոչ: Այնպես որ, Ադրբեջանը կլինի կառուցողական այն պահից, երբ հենց այն տրամաբանությամբ, որով գնում են բանակցությունները, նախեւառաջ կլուծվեն այն սկզբունքային հարցերը, որոնք կապված են կարգավիճակի հետ: Քանի դեռ այդ ուղղությամբ Ադրբեջանը փորձում է խուսանավել, առաջընթաց չի լինի»: Այս մոտեցման շրջանակներում, հայկական կողմի համար բացարձակապես որեւէ նշանակություն չի ունենալու` խոսքը 2, 3, թե՞ 5 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու մասին է: Եթե այս տրամաբանությունն է դրվում կարգավորման բանակցային գործընթացի հիմքում, ապա Հայաստանը կանգնում է ունեցած ամենակարեւոր, թերեւս միակ «խաղաթուղթը»` այդ տարածքները կորցնելու վտանգի առջեւ: Դրա կորուստը մեխանիկորեն հանգեցնում է նաեւ ԼՂ-ի կորստին, որովհետեւ ձեռք բերելով այդ տարածքները` Ադրբեջանը երբեք ԼՂ-ի կարգավիճակի հարցի շուրջ հայկական կողմի հետ բանակցային սեղանի շուրջ չի նստի: Այս իմաստով բանակցությունների ներկա փուլը, կարելի է ասել, ճակատագրական նշանակություն ունի հայկական կողմի համար: Հայաստանը պետք է առնվազն Ռուսաստանից հստակ երաշխիքներ ստանա, որ տարածքները միակողմանիորեն վերադարձնելու պահանջ իր նկատմամբ չի դրվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter