HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանն այլեւս հետաքրքրված չէ պատերազմով, իսկ ԱՄՆ-ն անջատել է Վրաստանը Ռուսաստանից

«Հետքի» հարցերին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի աջակցությամբ պատասխանում է քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին

-Նվազեցնո՞ւմ է, արդյոք, ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը տարածաշրջանում պատերազմական սցենարների իրագործման հնարավորությունը: Թուրքիան երբեք տարածաշրջանում որեւէ բան առանց Ռուսաստանի իմացության չի անի:

-Սա, իհարկե, չի նշանակում, թե այսուհետ Կովկասում Թուրքիան իր քայլերը համաձայնեցնելու է Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից, նույնիսկ իր այնպիսի գործընկերոջ առումով, ինչպիսին Ադրբեջանն է, Թուրքիան նախօրոք տեղյակ կպահի Ռուսաստանին իր քայլերի մասին: Թուրքիան իր շահերն ունի այլ տարածաշրջաններում (Միջերկրածովյան, Մերձավորարեւելյան), եւ դժվար թե Կովկասում, առհասարակ ԱՊՀ երկրների տարածքներում սկսի մրցել Ռուսաստանի հետ:

Վրաստանում պատերազմի վերսկսման հնարավորությունը քարոզչական հնարք է եւ որեւէ իրական հիմք չունի: Ռուսաստանն արդեն վերցրել է Վրաստանից այն, ինչ ուզում էր. օկուպացրել է Աբխազիան եւ Հարավային Օսիան, ճանաչել է նրանց, առանց ռազմական համագործակցության մասին պայմանագիր կնքելու Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմական բազաներ է կառուցում: Փչացրեց Վրաստանի, այսպես ասենք` «ապրանքային տեսքը», ինչի պատճառով Վրաստանն այլեւս չի կարող ինտեգրվել նԱՏՕ-ին, եվրոպական կառույցներին այնպես, ինչպես դա կարող էր անել նախքան օգոստոսյան պատերազմը:

Ռուսաստանն այլեւս հետաքրքրված չէ Վրաստանի դեմ պատերազմով: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական մերձեցման ազդեցությանը Ղարաբաղյան պատերազմի վերսկսման տեսանկյունից, ապա Ռուսաստանն ու Թուրքիան ծայրաստիճան շահագրգռված են, որպեսզի ռազմական գործողությունները չվերսկսվեն:

Թուրքիան այստեղ պատերազմը չվերսկսելու հավելյալ երաշխիք է: Իհարկե, ղարաբաղյան հատվածում խաղաղության պահպանման Ռուսաստանի եւ Թուրքիայի դրդապատճառները որոշ մակարդակներում տարբեր են, սակայն վերջին հաշվով նրանց միավորում է ընդհանուր մի շահ. խաղաղությունը Կասպից ծովի պաշարները շահագործելու երաշխիք է:

-Ի հակառակ Ձեր պնդումների` Վրաստանում Ռուսաստանի հարձակումների, պատերազմի սպասելիքները բավական ցայտուն են արտահայտվում ինչպես իշխանությունների (հիշենք Ռուսաստանի հարձակման մասին հայտնի հեռուստասյուժեն), այնպես էլ մեծ թվով փորձագետների ելույթներում:

-Վրաստանի իշխանությունների համար ինքնարդարացման եւ գոյատեւման միակ ձեւն ի դեմս Ռուսաստանի թշնամու կերպարի ամրապնդումն է: Ռուսաստանն իսկապես թշնամական պետություն է Վրաստանի համար, սակայն վրացական իշխանություններն ուռճացնում են այդ կարծրատիպը, նպատակ ունեն համախմբել հասարակությունը, հատկապես հիմա` մայիսի 30-ի ընտրություններից առաջ:

Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններն ունեն քաղաքական կոնտեքստ, քանի որ միաժամանակ ընտրվելու է նաեւ Թբիլիսիի նոր քաղաքապետը: Իսկ հայտնի է, որ ով դառնա Թբիլիսիի քաղաքապետ, նա էլ ավելի մեծ հնարավորություններ կունենա առաջիկա  նախագահական ընտրություններում հաղթելու համար: Եթե հիշում եք, մարտի 30-ի այդ տխրահռչակ հեռուստասյուժեն սկսվում է նրանով, որ ընտրությունների արդյունքները չընդունող ընտրազանգվածը դուրս է գալիս փողոցներ` բողոքարկելու արդյունքները, եւ օգտվելով ներքաղաքական խժդժություններից` Ռուսաստանը նորից հարձակվում է Վրաստանի վրա:

Այսինքն` այս սյուժեով իշխանությունները հայտարարում են, որ ընտրություններն ինչպես կեղծվել, այնպես էլ կեղծվելու են: Սյուժեն իրականում կառուցված էր ոչ թե պատերազմի, այլ ընտրակեղծումների թեմայի վրա: Իսկ Ռուսաստանի կողմից նոր հարձակման մասին զգուշացումն ունի հեռահար նպատակ` զրկել բնակչությանը ընտրակեղծիքներին դեմ դուրս գալու իր լեգիտիմ իրավունքից:

-Ինչո՞վ են պայմանավորված Վրաստանի` խորհրդարանական երկիր դառնալու մասին վերջին շրջանում արվող պնդումները:

-Արդեն մոտ մեկ տարի Վրաստանում սահմանադրական փոփոխությունների նախագիծ է պատրաստում Սահմանադրական հանձնաժողովը: Կա վտանգ, որ այդ փոփոխությունների արդյունքում մենք կունենանք նոր Սահմանադրություն: Նախագահական իշխանության թուլացում, իշխանության վերաբաշխում նախագահի եւ խորհրդարանի միջեւ: Եթե դա տեղի ունենա, ապա Սահակաշվիլին հնարավորություն կստանա վերընտրվելու եւս երկու ժամկետով, ավելի քիչ լիազորություններով, սակայն որպես նախագահ նորից հանդես գալու ժողովրդի առջեւ: Սահմանադրական փոփոխությունները եվրակառույցների պահանջները չեն, տեղի իշխանությունների նախաձեռնությունն է:

-Վրաստանում ինչպե՞ս ընդունեցին ընդդիմադիր գործիչներ, Սահակաշվիլու նախկին զինակիցներ Ն. Բուրջանաձեի եւ Նողաիդելիի մասնակցությունը Մեծ հայրենականի 65-ամյակի տոնախմբություններին:

-Հրապարակային մակարդակում, մամուլում այդ փաստը ծայրահեղ վատ ընդունվեց: Դե, այդ երկու գործիչներն այնպես ցուցադրական են իրենց պահում (մեկնում են Ռուսաստան, հանդիպում են օգոստոսյան իրադարձությունների գլխավոր ռեժիսոր Պուտինի հետ), որ տպավորություն կա, թե նրանք վստահ են, որ բնակչությունն իրենց այդ հարցում կսատարի: Նրանց ինքնավստահությունն ինձ երբեմն նույնիսկ դուր է գալիս, թեեւ նրանց արածն անհեռատեսություն է: Նրանք ունեն շատ ցածր ռեյտինգներ, չեն պատրաստվում մասնակցել մայիսի 30-ի ընտրություններին:

Եթե մենք մեկնում ենք Ռուսաստան եւ սկսում ենք քննարկել օկուպացված տարածքները ետ բերելու հարցերը (մի բան, ինչի մասին, իհարկե, Բուրջանաձեն ու Նողաիդելին բացեիբաց չեն հայտարարում, բայց ակնհայտորեն ակնարկում են), ապա դրանով կարծես ասում ենք Աբխազիային եւ Հարավային Օսիային, ողջ աշխարհին, թե` ընկերներ, ներեցեք մեզ, մենք դեռ կայացած պետություն չենք, մեր հարցերը մենք նորից լուծելու ենք Կրեմլի հետ համատեղ: Փոխանակ ցույց տանք, որ մենք ժողովրդավարական պետություն ենք, փոխանակ գրավենք նրանց մեր պետականաշինությամբ, մեզ հետ միասին տանենք դեպի Եվրոպա, աբխազներին եւ օսերին նորից հասցեագրում ենք Կրեմլին:

Աշխարհում ոչ մի այլ տեղ չի կարող պատահել, որպեսզի ցածր ռեյտինգ ունեցող ընդդիմությանն ընդունեն այլ խոշոր պետության առաջին դեմքերը: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է այդ նույն Բուրջանաձեն ԱՄՆ-ում հանդիպել, ասենք, Օբամայի հետ: Բուրջանաձեն եւ Նողաիդելին հույս են կապում այն բանի հետ, որ Վրաստանում շատ դանդաղ, բայց աճում են ռուսամետ տրամադրությունները, որ այդ տրամադրությունները հասարակության մեջ այնքան մեծ կլինեն, որ իրենց շփումները Ռուսաստանի իշխանությունների հետ կնպաստեն իրենց ռեյտինգների բարձրացմանը:

-Ռուսամետ տրամադրությունները մեծանում են ամերիկամետ տրամադրությունների հաշվի՞ն:

-Վրաստանում բնակչության որոշ հատվածում ռուսամետ տրամադրությունների աճն, իհարկե, սեր չէ դեպի Ռուսաստանը, այլ պրագմատիզմ է`  Ռուսաստանի հետ ավելի լավ է ունենալ լավ, քան վատ հարաբերություններ: Ամերիկամետ տրամադրությունները հիմա էլ ավելի շատ են ռուսամետից, բայց դրանք քչանում են, օգոստոսյան պատերազմի եւս մեկ հետեւանք է: Վրաստանի իշխանությունները հասարակության մեջ միանգամայն անհիմն սպասելիքներ էին արմատավորել, որ ինչ էլ լինի` Ամերիկան մեզ կօգնի: Այդ սպասելիքները սին դուրս եկան: Հիմա Վրաստանում զգացվում է նաեւ ժողովրդավարական արժեքներից հեռացում, ինչը շատ ցավալի է անձամբ ինձ համար:

-Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի նկատմամբ ԱՄՆ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը:

-Վրաստանի հարցում ԱՄՆ ներկայիս եւ նախկին վարչակազմերի միջեւ կա հսկայական տարբերություն: Օբամայի թիմն աչքի է ընկնում մեծ պրագմատիզմով: Իսկ Ջ. Բուշը Վրաստանը խայծ էր դարձրել Ռուսաստանի դեմ իր պայքարում, նրան իր որջից հանելու եւ բոլորին ցույց տալու, թե ինչի է ընդունակ Ռուսաստանը: Վրաստանի շահերը Բուշը ենթարկեց Մըքքեյնի նախընտրական քարոզարշավին: Իսկ Օբաման անջատել է Վրաստանը Ռուսաստանից:

Օբամայի վերաբերմունքը բավական ցայտուն դրսեւորվեց վերջերս: Միջուկային գագաթնաժողովի ավարտից հետո Մ. Սահակաշվիլին դեռ երեք շաբաթ մնաց ԱՄՆ-ում, երթեւեկում էր երկրով, սպասում էր, որ Օբաման իրեն կընդունի կամ կզանգահարի: Չեղավ ոչ մեկը, ոչ` մյուսը: Իր ֆիասկոն ինչ-որ կերպ հարթելու համար Մ. Սահակաշվիլին ԱՄՆ-ից մեկնեց Ռումինիա, որտեղ նույնպես նրան ընդունելություն չցուցաբերեցին:

Ռումինիայից Սահակաշվիլին ուղղվեց Կոստա Ռիկա: Եվ այդպես մեկ ամիս շարունակ Վրաստանի նախագահը բացակայում էր երկրից, արձակուրդ էլ չէր վերցրել: Հավանաբար Վրաստանում արդեն ոչինչ չունի անելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter