HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

500 հայտ աշխարհի 75 երկրներից` «Ոսկե ծիրան»-ին մասնակցելու համար

7-րդ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 11-18-ը Երևանում: Փառատոնն այս տարի ստացել է մոտ 500 հայտ աշխարհի 75 երկրներից` այդ թվում առաջին անգամ Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից և այլն։ Մրցութային ծրագիրը կպահպանի արդեն հայտնի ձևաչափը. 3 մրցութային ծրագրերում` Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական ֆիլմերի և Հայկական համայնապատկեր, կմրցեն ստացված հայտերից ընտրված լավագույն աշխատանքները։ 7-րդ «Ոսկե ծիրանը» կանցնի հայկական կինոյի հատուկ շեշտադրությամբ։ Այս տարի փառատոնի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի մի քանի նվիրյալների` տոնելով կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի և Խորեն Աբրահամյանի 80-ամյա հոբլեյանները, օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակը, ինչպես նաև կյանքի 75-րդ տարում դեռ ակտիվ նկարահանվող դերասան Արմեն Ջիգարխանյանի հոբելյանը։ Հայկական կինոյի այս վառ անունները հանրությանը արժանի կերպով ներկայացնելու համար նրանցից յուրաքանչյուրի մասին հոլովակներ կնկարահանվեն, կտպագրվեն առանձին ազդագրեր, նրանց ստեղծած ու նրանց մասնակցությամբ ֆիլմերը կցուցադրվեն անգլերեն ենթագրերով։ Հոբելյանի առթիվ լույս կտեսնի նաև Ալբերտ Յավուրյանի մասին պատմող մի գիրք, որը կներառի նաև նրա հուշերը։ Հայկական կինոյի արժևորմանն են ուղղված նաև 2 սփյուռքահայ ռեժիսորների հոբելյաններին նվիրված հատուկ ծրագրերը` Անրի Վեռնոյ – 90 և Ատոմ Էգոյան – 50։ «Ոսկե ծիրանի« պատվավոր նախագահ, կանդահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի տարեդարձը կնշվի իր իսկ մասնակցությամբ։ Հարուստ ֆիլմացանկով կներկայանա Երևանյան պրեմիերաներ ծրագիրը, որը կմատուցի Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Բեռլինի փառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիհ Կապլանողլուի «Մեղրը», հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6»-ը, լեհ հայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի նոր ֆիլմը` «Փոխայց»-ը, թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Հոգու խոհանոց»-ը, ամերիկացի Ռոբ Նիլսոնի «Ոգեշնչված»-ը և այլ ժապավեններ։ Այս տարի նույնպես փառատոնի շրջանակներում կկայանան համաշխարհային կինոյի մի քանի անվանի ռեժիսորների հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կանցկացվի առանձին ռուսական ծրագիր` նվիրված Հաղթանակի 65-ամյակին։  ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնն անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter