HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Բագրատյանը խորհուրդ է տալիս կառավարությանը` ոչինչ չանել

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց, որ հավանականություն կա, որ համընդհանուր ճգնաժամը նոր թափ կստանա:  Վերջին 10 օրերին Հայաստանում պղնձի, մոլիբդենի գների կտրուկ անկում է նկատվում, իսկ կառավարությունը նորից անհրաժեշտ հետևություններ չի անում: Հ. Բագրատյանի կանխատեսմամբ` եթե հանկարծ ճգնաժամի ալիքը խորանա, Հայաստան կհասնի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: «Ի՞նչ պիտի աներ կառավարությունը, եթե խելոք լիներ: Դժբախտաբար, այդ դեպքը բացառված է, բայց այնուամենայնիվ, նա չպիտի թույլ տա, որ հիմա եվրոն արժեզրկվի: Պետք է գնել եվրո, և երբ դրամը կսկսի արժեզրկվել, պետք է վաճառել եվրոն: Կառավարությունը սա չի անում` հաճույքով թույլ տալով դրամի արժևորում, որը ոչ մեկին պետք չէ: Կառավարության գործունեության մեջ որևէ ծրագիր չկա: Երկու ամիս է` նման իրադարձություններ են Հունաստանում, իսկ ես չեմ լսել, որ հավաքվեն, ինչ-որ քննարկում անեն»: Անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին` Հ. Բագրատյանը նշեց, որ նրանք գործ չեն անում: «Արդեն 5.5 տոկոս աճ են ֆիքսել, հիմա ասում են 4 տոկոս, երկու ամիս առաջ ասում էին` 8: Ասում էին 1 տոկոս անկում կլինի, կառավարությունը երեք տոկոս աճ էր կանխատեսում, ՀԱԿ-ը հայտարարեց, որ 8-10 տոկոս անկում է սպասվում: Եվ դրանից հետո գուշակեք իմ վերաբերմունքը Արժույթի միջազգային հիմնադրամի երիտասարդ պաշտոնյաների ասածի նկատմամբ»: Տնտեսական անկումը նախորդ տարի պաշտոնապես 14.4 տոկոս էր, իրականում, Հ. Բագրատյանի խոսքով` եղել է 22 տոկոս: 208 պետությունների մեջ երրորդ ամենավատ ցուցանիշը մեր երկրինն է: Հ. Բագրատյանը խորհուրդ է տալիս  կառավարությանը` ոչինչ չանել, որովհետև «նա պատրաստ չի լուրջ քայլ անելու, կամ էլ եթե անի, միայն «100 քայլը» քայլ առ քայլ պիտի անի»: «Դժբախտաբար որոշ բաներ անելու են այս տարի, և իհարկե` սխալ, որովհետև իրենց նպատակը իրենց բիզնեսը պաշտպանելն է: Իրականության մեջ 2.5-3 տոկոս աճ կա, իրենք կներկայացնեն բարձր: 7 տոկոս են հիմա ներկայացնում: Եթե 7-ն իրական է, սկզբում մեկ տոկոս էին ասում, ինչո՞ւ են 6 անգամ սխալվում»: Ի՞նչ պետք է անի շարքային քաղաքացին` տնտեսական ճգնաժամից պաշտպանվելու  համար: Նա, ով խնայողություն չունի, Հ. Բագրատյանի խոսքով, ոչինչ չպետք է անի, ոչ մի բան չի էլ կարող անել: Ով չնչին խնայողություն ունի, Հ. Բագրատյանը խորհուրդ է տալիս թանկարժեք մետաղների մեջ պահել (բայց ոչ ոսկու, որովհետև ոսկու գները էլ չեն բարձրանա) և անտիկվարատի մեջ: «Վարչապետին բացատրում ենք` մի ասա, թե Հայաստանը գտնվում է օլիգոպոլիաների ձեռքին: Հայաստանում օլիգոպոլիա չկա, մոնոպոլիա կա: Որտե՞ղ եք տեսել օլիգոպոլիա: Մեզ մոտ մենաշնորհներ են, ոչ թե բազմաշնորհներ»,- ասում է նա: Իսկ այն, որ ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Լյուսին էլ է Հայաստանի տնտեսությունը որպես օլիգոպոլիա բնորոշում, Հ. Բագրատյանը բացատրում է նրանով, որ նա երևի դեռ նոր է: «Երկու տարի հետո նա փոխելու է երկիրը, և պիտի ունենա «nice story»` գեղեցիկ պատմութուն: Ինչ որ տեղ եթե նա ղեկավարել է, պիտի հաջող լինի»,- ասում է նախկին վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter