HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուշու-սանդա. խորամանկություն, շախմատային հաշվարկներ, ճկուն միտք...

Մենամարտի ժամանակ անհրաժեշտ է վայրկյանների ընթացքում ճիշտ կողմնորոշվել Ուշու-սանդան չինական հայտնի ուշու մարտարվեստի ոճերից է, որը թարգմանաբար նշանակում է ազատ մենամարտ: Այստեղ կիրառվում են ձեռքի, ոտքի տեխնիկական, պաշտպանողական հարվածներ, ինչպես նաեւ` գցումներ: Այս մարզաձեւը Հայաստանում բավական տարածված է: Երկու տարի է Երեւանում գործում է «Առյուծների մարտարվեստներ» ակումբը, որը պաշտոնապես ավանդական ուշուի ֆեդերացիայի կոլեկտիվ անդամ է: Դեռեւս 2004 թ. Նյու Յորքում Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ ստեղծվել է «Առյուծների մարտարվեստներ» ակումբը: Ա. Սահակյանը ժամանակին եղել է ուշու-սանդայի աշխարհի, Եվրոպայի չեմպիոն եւ մեծ ձեռքբերումներ է ունեցել: 2008-ի մարտին, Ա. Սահակյանի համաձայնությամբ, Հայաստանում հիմնադրվում է «Առյուծների մարտարվեստներ» կենտրոնի հայաստանյան մասնաճյուղը: Ակումբի հիմնադիր-տնօրենը Արմեն Սապոնջյանն է: Վերջինս սանդա մարզաձեւով զբաղվում է արդեն 13 տարի, ունի որակավորում եւ այժմ զարգացնում է մարզաձեւը իր ակումբում. աշխատում է մեծ թվով մարզիկների հետ: «Առյուծների մարտարվեստներ» ակումբում մի շարք տարբեր մարզաձեւեր են ուսուցանում: «Բոլորի հետ մարզումները ես եմ անցկացնում: Ակումբում մենք մարզիկների քանակի մասին չենք մտածում: Պատճառներից մեկն էլ դա է, որ մենք չենք ընդունոմ տարիքով փոքր երեխաների: Իմ նպատակը որակն է, որ մեր մարզիկներին հասցնենք իրենց նպատակին, հնարավորություններն ավելի շատ լինեն, ու նրանք մեծ արդյունքների հասնեն»,- ասում է Ա. Սապոնջյանը: Այս սպորտաձեւում լավ մարզիկ դառնալու համար կոնկրետ չափանիշներ չկան: Սակայն մարզչի համար կարեւոր է, թե տվյալ երեխան ինչ ընդունակություններ ունի, գեներով ինչ է նրան փոխանցվել: «Ես անձամբ դրան մեծ կարեւորություն եմ տալիս: Սկսնակ երեխան երբ գալիս է ակումբ, ես երբեք չեմ խաբվում նրա մարմնի կառուցվածքին` փարթա՞մ է երեխան, թե՞ ոչ: Շատ անգամներ նույնիսկ այդպիսի հատկանիշներով երեխաները ոչ մի արդյունքի չեն հասնում սպորտում, քանի որ կամքի ուժը, դաստիարակությունը թույլ չեն տալիս: Մարզիկի համար շատ կարեւոր է «քթի ծակ» ասվածը, որն այսօր շատերը չունեն: Երբեք սեփական ուժերի վրա չեն հենվում, նրանց փոխարեն ամեն ինչ անում է ծնողը կամ համակարգիչը: Իսկ մեր մարզաձեւում դա շատ կարեւոր է, ամեն ինչ պահանջվում է` խորամանկություն, շախմատային հաշվարկներ, ճկուն միտք, որպեսզի վայրկյանների ընթացքում կարողանաս ճիշտ կողմնորոշվել»,- ասում է Ա. Սապոնջյանը: «Առյուծների» ակումբ ընդունում են 7 տարեկանը լրացած երեխաներին: Մինչեւ 33 տարեկան մարզիկը կարող է մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Իսկ եթե պարզապես ցանկանում են լինել առողջ, ունենալ ատլետիկ մարմին, մկաններ եւ կարողանան ինքնապաշտպանվել, տարիքային սահմանափակումներ չկան. կարող են գալ ակումբ՝ մարզվելու: Ամեն տարի տեղի են ունենում սանդայի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ: Ա. Սապոնջյանն ասում է, որ ակումբում առայժմ աշխարհի առաջնության մասնակից չկա, սակայն Եվրոպայի առաջնության մասնակից ունեն: Այնուամենայնիվ, մարզիչը վստահ է, որ ամեն ինչ դեռ առջեւում է, քանի որ ակումբն ընդամենը մի քանի տարի է գործում, բայց այս ընթացքում բավական լուրջ արդյունքներ են արձանագրել: «Հայաստանում ցանկացած մարզաձեւում միայն ֆինանս է անհրաժեշտ: Ունենք հիանալի մասնագետներ, խնդիրը միայն օգնությունն ու աջակցությունն է: Մարզիկն այսօր ինքն իր բյուջեով չի կարող գնալ, երկու-երեք օրով աշխատել, հետո գալ, նորից պրոֆեսիոնալ մարզվել, որպեսզի կարողանա աշխարհում փայլուն արդյունք ցույց տա»,- ասում է նա: Սանդայում 40-44 կգ քաշային կարգում մարզիկ, 15-ամյա Աշոտ Յախանյանը հասցրել է նվաճել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ, միջազգային մրցաշարի հաղթող է, Եվրասիայի գավաթի հաղթող, Հայաստանի բազմակի չեմպիոն: Ինչպես մարզիչն է ասում՝ իրենց ակումբի մարզիկները միայն մեկ մարզաձեւում չէ, որ հաղթողներ են դառնում. «Նրանք արեւելյան մարզաձեւերի բազմաթիվ մրցույթներ են հաղթել: Մենք երբեք չենք վախեցել մասնակցել կարատեի մրցույթների կամ քիք-բոքսինգի: Մասնակցել ու հաղթել ենք: Դրա համար եմ ասում, որ ակումբը շատ ուժեղ է: Մեր մարզիկը կարող է հոգեպես այնպես տրամադրված լինել, որ կարողանա իր մազաձեւից դուրս, ուրիշ մարզաձեւերում ներկայանալ, փայլուն մասնակցել ու հաղթել»,- ասում է Ա. Սապոնջյանը: 2010 թ. մարտի 8-ին Աշոտ Յախանյանը մեծ նվեր է մատուցել հայ կանանց` բացարձակ հաղթող դառնալով Թբիլիսիում Եվրասիայի գավաթի առաջնությանը: Առաջին մենամարտում հանդիպելով ադրբեջանցի մարզիկին` 35 վայրկյանում Աշոտը նոկաուտի է ենթարկել նրան: Մեկ օրում 4 հաղթանակ է տարել: Ապա Հայաստանում՝ ապրիլի 17-ին, Աշոտը տոնել է եւս մեկ հաղթանակ` դառնալով Հայաստանի բացարձակ չեմպիոն: Այս մրցաշարի ժամանակ Աշոտը վնասվածք է ստացել ու եզրափակիչ մենամարտում հաղթել վնասած ոտքով: «Ահա թե որտեղ է կարեւոր կամքի ուժը»,- ասում է մարզիչը: Աշոտը հինգ տարի է, ինչ զբաղվում է սանդայով: Ինչպես ինքն է ասում՝ միշտ սիրել է սպորտը եւ արդյունքում ընտրել է ուշու-սանդան: Մենամարտերից առաջ վախ չի զգում, ասում է՝ միայն մի փոքր լարված է լինում, որը շուտ է անցնում: «Լարվածություն է, որ պետք է ավելի լավ մասնակցեմ, որպեսզի կարողանամ հաղթել: Միայն հաղթել եմ ուզում»,- ասում է Աշոտ Յախանյանը: Դպրոցի դասերի հետ սպորտի պարապմունքները հասցնելը դժվար է, սանդայի պարապմունքները բավական ժամանակատար են: Սակայն Աշոտն այն բացառիկ մարզիկներից է, որ դպրոցում էլ է լավ սովորում: Մարզիչն ասում է` թեեւ բացարձակ գերազանցիկ չէ, բայց կարող է լինել, ընդունակություններ ունի: Դպրոցն ավարտելուց հետո Աշոտը պատրաստվում է շարունակել մարզիկի կարիերան: Սակայն նրա մարզիչ Արմեն Սապոնջյանն անպայման ստիպելու է, որպեսզի Աշոտը, սպորտին զուգահեռ, բարձրագույն կրթություն ստանա: Ու թեեւ տարածված կարծիք կա, թե մարզիկներն այնքան էլ ուժեղ չեն գիտության մեջ, սակայն Արմեն Սապոնջյանը հավատացնում է, որ դա թյուր կարծիք է: Այո, թեեւ երեխաները շատ քիչ ժամանակ ու էներգիա են ունեում սովորելու համար, սակայն սովորելը շատ կարեւոր է՝ հենց թեկուզ սպորտի համար: «Ես՝ որպես իրենց մարզիչ ու ավագ ընկեր, պարտադրում եմ նրանց լավ սովորել ու ամեն քառորդին նրանց գնահատականները պահանջում եմ: Հատուկ պատիժներ ունեմ, պատժում եմ վատ սովորելու համար, քանի որ գիտելիքն այսօր շատ կարեւոր է, նրանք պարտավոր են նաեւ գիտելիք ունենալ, զուգահեռ գրքեր կարդալ: Նրանց մտքի թռիչքն արագ պետք է լինի, դա սպորտով զբաղվելիս շատ կարեւոր է: Եթե միտքը թույլ է, ուշ ես կողմնորոշվում: Կարող է աչքդ թարթես ու հատակին հայտնվես»: Աշոտ Յախանյանը երազում է սանդայի աշխարհի, Եվրոպայի չեմպիոն դառնալու, լավ մարզիկ լինելու մասին, ուզում է նմանվել Արթուր Աբրահամին ու Վիկ Դարչինյանին, նրանց պես հայտնի լինել: Իսկ բոլոր այն երեխաներին, ովքեր ուզում են սպորտով զբաղվել, Աշոտը խորհուրդ է տալիս զբաղվել այս մարզաձեւով. ասում է՝ կկարողանան ուժեղ լինել, պաշտպանել իրենց: Արմեն Սապոնջյանն էլ կարեւորում է մարզչի ու մարզիկների մտերմությունը: Վստահ է՝ եթե ինքն իր մարզիկների հետ ընկերություն չանի, հաղթանակների չեն հասնի: Մարզիչը նաեւ պետք է լավ հոգեբան լինի: Ա. Սապոնջյանն ամեն անգամ, երբ ժամանակ է ունենում, միշտ կարդում ու թարմացնում է իր միտքը: Շատ է կարդում սպորտային հոգեբանության մասին: «Իրոք, մարզիչը պարտավոր է հոգեբան լինել: Երբ Աշոտը պետք է ադրբեջանցու հետ մրցեր, նա լարվածություն ուներ, որ ում-ում, միայն թե այդ մարզիկին չպարտվեր: Ես նրան ասացի, որ սա ընդամենը սպորտ է, եւ պետք է երկրի հարցերը դնել մի կողմ: Դու անում ես այն, ինչ կարողանում ես: Ասացի՝ նա էլ քեզ նման սպորտսմեն է ու քեզ նման հաղթելու իրավունք ունի. դու արա այն, ինչ կարող ես»: Սպորտից դուրս էլ մարզիկները մտերիմ են մարզչի հետ. եթե անգամ ծնողներից ինչ- որ բան թաքցնում են, մարզչից ոչինչ չեն թաքցնում: Ա. Սապոնջյանն ուշադիր հետեւում է, որպեսզի իր մարզիկները հանկարծ չսիրահարվեն. այդ տարիքում սերը սպորտին խանգարում է: «Անցումային տարիք է, ու շատ հնարավոր է, որ խանգարի: Շատ տղաներ են եղել, որոնք կարող էին լուրջ սպորտսմեն դառնալ, բայց անցումային տարիքում սիրահարվում են, ու սպորտն անցնում է ետին պլան: Թողնում են սպորտը, թեեւ արդյունքում հիմնականում տվյալ աղջկա հետ չեն ամուսնանում»,- ասում է Ա. Սապոնջյանը: Մարզիկներին խստիվ արգելված է ծխելը, ալկոհոլը. «Եթե իմանամ` նրանցից մեկը ծխում է կամ ոգելից խմիչք է օգտագործում, իրենց հաղթանակները ոչ մի արժեք չեն ունենա, մի վայրկյանում ակումբից կհանեմ»: Ներկայումս մարզիկները պատրաստվում են սանդա մարզաձեւի Ռուսաստանի բաց առաջնությանը, որը տեղի կունենա հունիսին: Այդ մրցաշարին պատրաստվում են ներկայանալ Աշոտ Յախանյանը եւ մեկ այլ տաղանդավոր մարզիկ` Արմեն Ամոյանը: Նրանց հաղթանակին սպասում են բոլորը: Ռուսաստան մեկնելու համար, սակայն, ֆինանսական աջակցություն է պետք, որը մեր մարզիկներն առայժմ չունեն: «Այս ամբողջ ընթացքում ֆինանսական բոլոր հարցերն ինքներս ենք հոգացել մեր ուժերով: Շատ շնորհակալ ենք հիմնադիր նախագահ Արտյոմ Սահակյանին, որովհետեւ ինքն է շատ աջակցել»,- ասում է Ա. Սապոնջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter