HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Եվրոպական ապտակ կամ «լուռ դիվանագիտության» արդյունքերը

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում քվեարկության է դրվել և ընդունվել բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի հեղինակած «Հարավային Կովկասում Եվրամիության որդեգրած ռազմավարության հիմնական ուղղությունները» անվանումն ունեցող թիվ 2216 բանաձևը: Այն շատ կոնկրետ ձևակերպումներ է պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչութամբ: Փաստաթղթում մասնավորապես Եվրախորհրդարանը «ուժով հաստատված ու միջազգային օրենքներին չհամապատասխանող» է որակում հակամարտության գոտում ստեղծված ստատուս քվոն և կոչ անում զերծ մնալ այն պահպանելուն ուղղված գործողություններից: Բացի դրանից, բանաձևով պահանջ է ներկայացվում «հայկական ուժերը» դուրս բերել «ադրբեջանական օկուպացված» տարածքներից: Ընդ որում, այս պահանջը ներկայացվում է որպես պնդում, որպեսզի «հայկական ուժերն արագ լքեն Լեռնային ղարաբաղին հարակից բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»: Բանաձևը որոշակի ձևակերպումներ է պարունակվում նաև ԼՂ կարգավիճակի հստակեցման մեխանիզմների, ավելի ճիշտ կլինի ասել` դրանց բացակայության մասին. «Լեռնային Ղարաբաղին կարող է որոշակի միջանկյալ կարգավիճակ շնորհվել մինչև վերջնական կարգավիճակի հստակեցումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա անցումային այդ փուլում ապահովել տարածաշրջանի հայ և ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը»։ Այն ներառում է նաև մոտեցումներ ռազմատենչ հռետորաբանությունից զերծ մնալու և հակամարտությունը միայն խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտության մասին: Բանակցային պրոցեսում ներգրավված երկու կողմերն էլ` Հայաստանը և Ադրբեջանը, անմիջապես պաշտոնապես արձագանքեցին Եվրախորհրդարանի 2216 բանաձևի ընդունմանը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 21-ին Երևանում Արգենտինայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Զեկույցի մեջ պարունակվով` Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթները համահունչ չեն ո'չ Մադրիդյան սկզբունքներին, ո'չ Լ’Աքուիլայի հայտարարությանը, ո'չ Մոսկվայի հռչակագրին, ինչի մասին հիշատակվում է հենց այդ զեկույցի մեջ: Ակնհայտ խառնաշփոթ է ձեւակերպումների, եւ կարծում եմ` պատճառներից մեկն այն է, որ զեկույցը գրողը երբեւէ չի եղել Ղարաբաղում, տարածաշրջանում` եւ չի խորհրդակցել անգամ Եվրամիության անդամ եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ: Եվ դրա պատճառով է, որ որոշ դրույթներ հակասում են նաեւ Եվրամիության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է»: Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց նման բանաձևի ընդունումը: «Խորհրդարանը, հիմնվելով հարավկովկասյան երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ԵՄ-ի սկզբունքների վրա, նաև հիշեցնում է, որ «Արևելյան հարևանության» սկզբունքներից մեկը հանդիսանում է գործընկեր երկրների պետականության և տարածքային ամբողջականության իրական աջակցությունը: Չնայած բանաձևի ընդունմանը խոչընդոտելու հայկական կողմի հուսահատ ջանքերին, այս բանաձևը ստացավ Եվրախորհրդարանի հիմնական քաղաքական ուժերի մեծ աջակցությունը: Նախարարությունը հավատում է, որ այս պարզ ու ժամանակին արված հայտարարությունը Հայաստանի համար ազդանշան կլինի` դադարեցնելու հակամարտության կարգավորման ձգձգմանն ուղղված քաղաքականությունը և արդյունքում կհանգեցնի նրա կողմից բանակցություններում կառուցողական դիրքորոշման որդեգրմանը` հիմնված բանաձևում արտահայտված սկզբունքների վրա»-նշվում էր Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ: Ադրբեջանի այս անթաքույց հրճվանքը և բանաձևում առկա ձևակերպումները հստակ ցույց են տալիս, որ ընդունված բանաձևը բացարձակապես հաշվի չի առել հայկական կողմի հիմնավորումները և ակնհայտորեն պրոադրբեջանական բնույթ ունի: Հարց է առաջանում` թե ինչպես այն հնարավոր եղավ անցկացնել հայկական դիվանագիտության հենց քթի տակով և այդ դեպքում, երբ, փաստորեն, նման բովանդակությամբ բանաձևի տապալումը սկզբունքորեն լուրջ դժվարություն չէր առաջացնում: Խնդիրն այն է, որ 2216-ն ընդունվեց 2009-ին հուլիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների կողմից ընդունված համատեղ լ’Աքվիլայի հայտնի հայտարարության, Մայենդորֆյան հռչակագրի, ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 17-րդ նիստի մասնակիցների կողմից Աթենքում ընդունված համատեղ հայտարարության ֆոնին, ավելի ճիշտ` ի հեճուկս դրանց: Միայն այս փաստաթղթերի հիշատակումը բավարար կլիներ ոչ միայն 2216-ի հեղինակին, այլև ընդհանրապես Եվրոխորհրդարանի քաղաքական ուժերին փաստարկված կերպով հիմնավորելու տրված ձևակերպումների սխալականությունը և հակամարտության կարգավորմանը տրամաբանության հետ ունեցած ակնհայտ հակսությունը: Առավել ևս, որ բանաձևը Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունվել է դեռ ապրիլի սկզբին և Հայաստանը մոտ երկու ամիս ժամանակ ուներ` ազդելու գործընթացի վրա, որպեսզի էական շտկումներ մտցվեին այս փաստաթղթում: Մայիսի 21-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե փաստաթղթի սկզբնական տարբերակը շատ ավելի վատթար է եղել: «Որպեսզի չսխալվեմ, որովհետև ձևակերպումները բառացի չեմ հիշում, բայց այնպիսի դրույթներ են եղել, որ նույնիսկ ԼՂ մասով փորձ է արվել ներկայացնել, թե իբր դա անջատողականների մի շարժում է եղել։ Ընդհանուր միտքը սա էր»,– ասաց նա` նշելով, որ փաստաթղթում փոփոխություննե արվել են ՀՅԴ Հայ դատի եվրոպական կառույցի միջամտության արդյունքում: Ակնհայտ է, որ եթե ընդամենը մեկ քաղաքական ուժն իր խողովակներով կարողանում է փոփոխություններ կատարել այդ փաստաթղթում, ապա պաշտոնական Երևանը կարող էր շատ ավելիին հասնել: Եվ Մինասյանի այս հայտարարությունը եզրակացնել է տալիս, որ կամ ՀՀ արտգործնախարարությունն ամիսներ շարունակ անգամ տեղյակ չի եղել Եվրախորհրդարանում նման պրոցեսի մասին և դրանից տեղեկացել է միայն բանաձևի ընդունումից հետո, կամ իմացել է և թույլ է տվել աններելի անգործություն: Երկու պարագայում էլ ակնհայտ է պաշտոնական Երևանի մեղավորությունը ստեղծված իրավիճակում: Հիմա հանրությանը փորձ է արվում պաշտոնապես այն մոտեցումը հրամցնել, թե Եվրախորհրդարանի ընդունած այս բանաձևն ընդամենը խորհրդատվական նշանակություն ունի և որևէ կերպ չի կարող ազդել բանակցային գործընթացի վրա: Դա իսկապես այդպես է: Սակայն խնդիրն այն է, որ հենց այսպիսի խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթղթերի կուտակման արդյունքում է ձևավորվում միջազգային հանրության վերաբերմունքը հակամարտության կարգավորման նկատմամբ, որն էլ հետագայում բյուրեղանում է Մադրիդյան սկզբունքների կամ որ ավելի վատ է` մադրիդյան նորացված սկզբունքների տեսքով ու պարտադրվում հայկական կողմին: Ընդ որում` Եվրահանձնաժողովի այս բանաձևը «խորհրդապահական» բնույթի միակ այսպիսի փաստաթուղթը չէ: 2005թ. Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց թիվ 1416 բանաձևը, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր. «Ադրբեջանի տարածքի զգալի հատվածներ դեռեւս գրավված են հայկական ուժերի կողմից, եւ անջատողական ուժերը դեռեւս վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»: Ավելին, այն հակամարտության կարգավորման պրոցեսի նկատմամբ սահմանեց մոնիթորինգի ռեժիմ, որի կապանքներից չավուշօղլուների ու ջոնսթոնների հետևողական ջանքերի շնորհիվ հայկական կողմը չի կարողանում դուրս գալ առ այսօր: 2008թ. մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդամենը 39 «կողմ», 7 «դեմ» ձայներով մոտավորապես 100 ձեռնպահ երկրների լուռ հայացքի ներքո ընդունեց «Ադրբեջանի գրավված տարածքներում իրավիճակի մասին» բանաձևը, որտեղ ևս, շեշտվում էր «Ադրբեջանի հանրապետության գրավված տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, լիովին և անվերապահ դուրսբերման» անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ դեռ այն ժամանակ էր պաշտոնական Երևանի համար պարզ, որ ադրբեջանական այս նախաձեռնությունների իրական նպատակը «գրավյալ տարածքների» խնդրի շեշտումն էր: «Նման բանաձեւ ներկայացնելով` Ադրբեջանը փորձում է տարանջատել այսպես կոչված «գրավյալ տարածքների» խնդիրը բանակցային ամբողջական փաթեթից՝ չցանկանով ընդունել, որ այս տարածքները հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերահսկողության տակ Ադրբեջանի կողմից իսկ սանձազերծած պատերազմի արդյունքում, որով նա փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ինքնորոշման իրավունքը»,-ԱՄԿ-ի այս բանաձևի ընդունման ժամանակ հենց ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր այդ կառույցում Հայաստանի այն ժամանակվա ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Այս փաստաթղթերի ու դրանց բովանդակության մեջբերումներից պարզ է դառնում, որ Եվրախորհրդարանի 2216 բանաձևում առկա ձևակերպումները հենց այդ, նախորդ «խորհրդապահական» բնույթի փաստաթղթերից են վերցված, ու փաստացի առաջ են տանում դրանց տրամաբանությունը և ուղղված են մադրիդյան նորացված սկզբունքները հայկական կողմին պարտադրելուն: Ի տարբերություն նախորդ երկու դեպքերի` Եվրահանձնաժողովի ընդունած այս բանաձևը չափազանց մտահոգիչ է, որովհետև խոսքը վերաբերում է մի այնպիսի կառույցի, որը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ի սկզբանե բավականին չեզոք ու ըմբռնողական դիրքորոշում էր որդեգրել: Բացի դրանից, ԵՄ-ն, որի հինգ ղեկավարման մարմիններից մեկն է հանդիսանում Եվրախորհրդարանը, այն կառույցն է, որը հսկայկան տնտեսական ու քաղաքական ազդեցություն ունի Հայաստանի վրա, որի ծրագրերում վերջինս ներգրավված է որպես գործընկեր: Սակայն գուցե այս մտահոգություններըը լովին անտեղի՞ն են, գուցե սա՞ էլ Հայաստանի վարած լուռ քաղաքականության արդյունքն է…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter