HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարսի սինդրոմը «միջազգային ջունգլիների» համատեքստում...

Սերգեյ Մարկեդոնով, քաղաքագետ, Ռուսաստան

-Ի՞նչ արդյունքներ տվեց հայ-թուրքական այսպես կոչված հրապարակային դիվանագիտությունը Հայաստանին, Թուրքիային, Ռուսաստանին, այլ երկրներին ու ուժերին: Կայի՞ն ինչ-որ սխալներ, որոնք կարելի էր չանել:

-Գործընթացն, իհարկե, չի դադարել, դրանով հետաքրքրվածությունը պահպանվում է, դրա պահանջարկը կա եւ Թուրքիայում, եւ Հայաստանում:

Ինչպես ցանկացած մարզիկ, որը ելնելով իր մարզական պատրաստվածության աստիճանից` այս կամ այն պահին սահմանում է տարբեր բարձրությունների նշաձողեր (ասենք` սկզբում 2 մ բարձրություն, հետո` 2,5, հետո` էլ ավելին), այդպես էլ Հայաստանն ու  Թուրքիան այս պահին կարող էին հաղթահարել Ցյուրիխյան փաստաթղթեր կոչվող բարձրությունը: Շա՞տ է սա, թե՞ քիչ:

Եթե համեմատենք նախորդ տարիների, ասենք այն արդյունքների հետ, որ տվեց Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, ապա, իհարկե, շատ է: Քանի որ սրանք իրավաբանորեն պարտադրող փաստաթղթեր են: Ղարաբաղյան հակամարտութունն ավելի կապվեց հայ-թուրքական գործընթացի հետ: Այս հարցն անպայման ամեն տեղ քննարկվում է, Մադրիդյան նորացված սկզբունքները հենց այդ կապի արդյունքն են:

Հայաստանը, որ նախեւառաջ նպատակ ուներ անջատել հայ-թուրքական գործերը Ղարաբաղյան հակամարտությունից, ստացավ հակառակ արդյունքը: Հայաստանն ու Թուրքիան իրենց նպատակները հետապնդելիս բախվում էին մի շարք այնպիսի գործոնների հետ, որոնք նրանք թերագնահատել էին:

Օրինակ` Անկարան եւ Երեւանն ըստ արժանվույն հաշվի չէին առել Ադրբեջանի գործոնը, այն, որ Ադրբեջանը այդպես հետեւողականորեն եւ այդքան կոշտ առաջ կմղի իր շահերը: Ադրբեջանն այս պահի դրությամբ գոհ է, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կապվածությունը հայ-թուրքականին հնարավորություն է տալիս չգնալ փոխզիջման:

Հայաստանի դեպքում էլ այս տեսանկյունից իրավիճակը նույնն է, Հայաստանն էլ կարող է հենց այդ տեսանկյունից չգնալ փոխզիջման: Ռուսաստանի առումով իրավիճակն ուրիշ է: Թվում է, թե հայ-թուրքական հաշտեցման դեպքում Ռուսաստանը կկորցնի կարեւոր մի բան, առաջ կգա ռազմակայանի հարցը: Բայց այդպես է, եթե ռուսաստանյան քաղաքականությունը լիներ միայն բազաների քաղաքականություն:

Իսկ եթե այն ավելի լայն է ու փորձառու, ապա հայ-թուրքական հաշտեցումը ոչ թե պարզապես մեծ խնդիրներ չի բերի Ռուսաստանին, այլ ճիշտ հակառակը: Ռուսաստանն այսօր Թուրքիայի գլխավոր արտաքին առեւտրական գործընկեր պետութունն է: Հայաստանում ներկա ռուսական խոշոր բիզնեսը թուրքական բիզնեսի կողմից դուրս մղվել չի կարող:

Եթե Հայաստանի երկաթգիծը, որը Ռուսաստանի սեփականությունն է, հասնի մինչեւ Ղարս, արդյոք կտուժի՞ դրանից Ռուսաստանը, մի±թե դա ՌԴ-ին շահույթ չի բերի: Ռուսական եւ թուրքական բիզնեսների ֆակտուրաները Հայաստանում տարբեր են լինելու, ռուսական բիզնեսը Հայաստանում խոշոր օլիգարխիկ բնույթ ունի եւ գործում է էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցությունների բնագավառում:

Մինչդեռ, թուրքականը Հայաստանում ներկա է լինելու միջին եւ մանր բիզնեսի մակարդակով: Հայաստանում կան որոշ ֆոբիաներ, որոնք կարելի է Ղարսի սինդրոմ անվանել: Եթե ռուսները բարեկամանում են թուրքերի հետ, ուրեմն դա հայերի համար լավ չէ: Ընկալման ասիմետրիա կա, փոքր պետության կողմից մեծ պետության ընկալման: Բայց մեծ հաշվով, դա նորմալ է: ԵՄ-ի առումով: Եվրոպայի համար Կովկասը դեռեւս մարգինալ, երկրորդ պլանի տարածաշրջան է:

-Մինչդեռ այս օրերին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, եւ դա այդ կառույցի միակ փաստաթուղթը չէ:

-Եվ ի՞նչ, ի՞նչ է նշանակում այդ բանաձեւը: Զարմանում եմ, որ լրագրողները, մյուսներն այդքան նշանակություն են տալիս ԵՄ բանաձեւերին: ԵՄ-ն երբեք չի ճանաչել Ղարաբաղում ընթացող ընտրությունները: Առհասարակ քաղաքական գործիչներն անընդհատ մի ընդհանուր սխալ են անում: Նրանք տակտիկական գործընթացները փորձում են չափել միջազգային իրավունքի նորմերով:

Մինչդեռ միջազգային այն իրավունքը, որը նրանք անընդհատ վկայակոչում են, արդեն վաղուց գոյություն չունի: Յալթա-Պոտսդամյան համակարգին դեռ ոչինչ չի փոխարինել: Կան իրավունքի որոշ բեկորներ, որոնք մեկնաբանվում են սեփական շահերի տեսանկյունից: Միջազգային հանրության խնդիրը հենց սա պետք է լինի` մշակել նոր կանոններ եւ կասեցնել միջազգային ջունգլիների առաջացումը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter