HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երրորդ հանրապետությունը հայ ազգի մշակույթում դեռ չի յուրացվել»

Հայաստանի Առաջին հանրապետության 92-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր «Հենարան» ակումբում հյուրընկալվել էին «Արարատ» հ/ը տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանը և քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Լ. Թոքմաջյանը կարծիք հայտնեց, որ եթե չլիներ Առաջին հանրապետությունը, այսօրվա մեր հանրապետությունը չէր կարող գոյություն ունենալ: Ու թեև Առաջին հանրապետությունը շատ կարճ տևեց, բայց դրա ստեղծմամբ Հայաստանը փրկվեց մասնատումից: «Այդ պատճառով այսօրվա մեր անկախությունը շատ կարևոր է մեր գոյատևման ու ժողովրդի հետագա ճակատագրի համար: Սակայն արդյոք մենք սպասո՞ւմ էինք ազատության և անկախության այնպիսի գաղափարի, որն այսօր գոյություն ունի: Ազատություն դեռ չի նշանակում անարխիա»: Այսօր, գնահատելով մայիսի 28-ի եղելությունը, Լ. Թոքմաջյանը  վստահեցնում է, որ պետք է նաև մեր սխալների վրա կառուցենք մեր հետագա անկախ հանրապետությունը: Բայց մենք, ըստ նրա, դեռ չունենք մերը: Անընդհատ ուզում ենք նմանվել Եվրոպային: Մեր ազգային առանձնահատկությունը երկրորդ պլան է մղվում: Մ. Տեր-Գուլանյանի կարծիքով էլ` ցանկացած ժողովրդի կյանքում իր պետականությունը բարձրագույն արժեք է: «Մեր Առաջին հանրապետությունը, ինչքան էլ որ քիչ տևեց, մեր ժողովրդի փրկությունն ու արժանապատվությունն էր: Նա մեր նոր պետականության գաղափարի հիմքը դրեց: Հայ մարդն իր հասցեն ունեցավ` Հայաստանի Հանրապետություն»: Մ. Տեր-Գուլանյանը գտնում է, որ նաև Երկրորդ հանրապետություն է եղել` Խորհրդային Հայաստանը: Այդ ընթացքում Հայաստանը մարմնավորվել է որպես հանարպետություն, ճիշտ է`Խորհրդային միության սահմաններում, սակայն ամրավորվել, ուժ է հավաքել, որպեսզի կարողանա Երրորդ հանրապետությունը ստեղծել: «Պետք է տարիներ անցնեն, որպեսզի մշակույթը կարողանա յուրացնել այն ամենը, ինչ տեղի է ունենում ազգի կյանքում: Հայաստանի Առաջին հանրապետությունն ու դարասկիզբը յուրացված են մեր մշակույթում: Օրինակ` Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ն, «Խմբապետ Շավարշ»-ը այդ շրջանի մասին են: Ֆիլմերից` «Սարոյան եղբայրներ», «Նվագախմբի տղաները», «Զանգեզուրը»: Դրանք էլ Առաջին հանրապետության մասին են: Ուրիշ խնդիր է, որ կոմունիստները դեմ էին դաշնակցական հանրապետությանը, վերջում պիտի անպայման կարմիր բանակը գար: Բայց վերջաբանները կարևոր չեն, կարևորն այն է, որ այն յուրացվեց որպես մշակույթ»: Երկորդ հանրապետությունը, ըստ Տեր-Գուլանյանի, նույնպես յուրացվել է. այդ մասին բազմաթիվ վեպեր կան գրված: «Երկրորդը հիմք տվեց Երրորդ և ուժեղ հանրապետություն ստեղծելու: Այսօր հետխորհրդային բազամթիվ երկրներ կան, որոնք մինչև հիմա իրենք իրենց չեն կարողանում կառավարել` Վրաստանը, Ղրղստանը: Բայց Հայաստանն այսօր կայացած պետություն է»: Մ. Տեր-Գուլանյանի կարծիքով` վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Ղարաբաղն ավելի լուրջ պետություն է, քան Ղրղստանը, որովհետև կարողանում է լուրջ ընտրություն կատարել: Դա, ըստ նրա, պիտի մեզ հպարտություն ներշնչի, որ մենք պետություն ստեղծող ժողովուրդ ենք: «Ամենամեծ բանը, ինչից որ պետք է վախենալ, պետություն կորցնելն է:  Բայց մենք պետություն չենք կորցնելու, այն հզորացնելու ենք»: Երրորդ հանրապետությունը, Մ. Տեր-Գուլանյանի կարծիքով, մեր ազգի մշակույթում յուրացված չէ:Պատճառն այն է, որ հիմա տաք ենք, դեռ հիշում ենք մութ ու ցուրտ տարիները, արտագաղթը: «Բայց դրանք բոլորը մշակույթի փաստ պիտի դառնան, պիտի յուրացվի, որպեսզի արտացոլվի իբրև մշակույթ: Դա կլինի: Մենք ուժեղ ժողովուրդ ենք: Մայիսի 28-ը մեր ազգի համար մեծագույն տոն է»,- ասաց նա: Լ. Թոքմաջյանն էլ Սովետմիության տարիներին այն կարծիքին էր, որ մենք բացառիկ տաղանդավոր ժողովուրդ ենք: Բայց այսօր հայի տեսակը շատ է փոխվել: «Ամբողջ քաղաքում բարձրահարկ շենքեր են: Մի՞թե Թամանյանն այնքան անտաղանդ մարդ էր, որ չհասկացավ, որ Հայաստանին պետք էին բարձրահարկ շենքեր: Ոչ, մենք սեյսմիկ գոտի ենք: Մեր քաղաքը Նյու-Յորք կամ Փարիզ չի, չի կարելի: Մենք պետք է իմանանք` ուր ենք գնում: Երևանը դարձել է հյուրանոցային համալիր»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter