HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երրորդ ուժեղ նախագահն էլ Վրաստանն ուժեղ երկիր չդարձրեց

Հարցազրույց Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ, քաղաքագետ Իվլիան Խաինդրավայի հետ

-Ի՞նչ սպասելիքներ կան մայիսի 30-ին Վրաստանում կայանալիք տեղական ընտրություններից:

-Վրաստանում տեղական մամինները շատ թույլ են, մեծ սպասելիքներ չկան: Հիմնական հետաքրքրությունը կապված է լինելու նույն օրն ընթացող Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների հետ: Նախ` առաջին անգամ Վրաստանում ընթանալու են քաղաքապետի ուղիղ ընտրություններ, եւ դա թույլ է տալու հասկանալ քաղաքական ուժերի դիրքերը 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններից առաջ:

Իհարկե, եթե լիներ նորմալ ընտրական միջավայր, որտեղ գործի չի դրվում վարչական ռեսուրսը, չլիներ իշխանությունների օգտին տարվող հեռուստաքարոզչությունը (նկատի ունեմ Առաջին հանրային, Ռուսթավի 2 եւ Իմեդի հեռուստաընկերությունները, որոնց պահվածքն այժմ խոսում է ոչ թե նրանց հանրային, այլ պետական լրատվամիջոցներ լինելու մասին), կարելի կլիներ այս ընտրություններից հետաքրքիր արդյունքներ ակնկալել: Սակայն հիմա միամտություն կլինի մտածել, թե իշխանությունն ընդդիմությանը կզիջի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը: Մայրաքաղաքում է գտնվում Վրաստանի ընտրազան•վածի մեկ երրորդը, մայրաքաղաքը ձեռքում ունենալը նաեւ ֆինանսական հոսքերը վերահսկելու հնարավորություն է:

-Ասում են, թե նախագահական ընտրություններից առաջ Վրաստանը կարող է անցնել կառավարման խորհրդարանական մոդելի:

-Այս թեման հրատապ է դարձել երկու պատճառով: Նախ` մեծ հիասթափություն կա ուժեղ նախագահական ինստիտուտից: Մենք արդեն երրորդ ուժեղ նախագահն ունենք, բայց Վրաստանը դրանից չի հզորացել: Դեռեւս 1994 թ. մենք (նկատի ունեմ Վրաստանի Հանրապետական կուսակցությունը) այն ժամանակ Առաջին Սահմանադրական հանձնաժողով ներկայացրինք մի նախագիծ, որը հենց ենթադրում էր խորհրդարանական մոդելի հաստատում Վրաստանում: Բայց այն չընդունվեց: Երկրորդ պատճառը 2013-ին սպասվող իշխանափոխությունն է:

Սահակաշվիլու երկրորդ ժամկետն ավարտվում է, եւ առաջ է եկել «ի՞նչ է լինելու դրանից հետո» հարցը: Դժվար է պատկերացնել, որ այդքան երիտասարդ տարիքում (2013-ին նա կդառնա 45 տարեկան), երբ ուրիշներն այդ տարիքում նոր են քաղաքականություն մտնում, Սահակաշվիլին դժվար թե ուզենա հեռանալ բեմահարթակից: Այնպես որ, շատերն են տալիս այդ հարցը` ի՞նչ է լինելու: Ոմանք ենթադրում են, որ կկիրառվի ռուսաստանյան մոդելը` Սահակաշվիլու համար կստեղծվի ուժեղ վարչապետի պաշտոն, ներկայացուցչական ֆունկցիաներով նախագահ կդառնա նրա վստահված անձը:

Կարծում եմ, որ եթե ոչ այս, ապա մյուս տարի պարզ կդառնա, թե ո՞ր տարբերակն է ընտրելու Սահակաշվիլին իշխանությունը պահելու համար: Եթե որոշեն, որ գնում են սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, ապա դա կարվի ներկայիս խորհրդարանի ուժերով, որտեղ այսօր իշխանություններն ունեն բացարձակ մեծամասնություն:

-Այսինքն` ձեր գաղափարն այսօր սկսելու է ծառայել ճիշտ հակառակ նպատակի:

-Այո, ճիշտ եք նկատել: Ես էլ եմ տարիներ շարունակ տեսնում, թե ոնց են այս կամ այն (նույնիսկ ամենաազնիվ նպատակներ հետապնդող նախագծերը) փոխակերպվում, եւ ինչպես են դրանք հետո սկսում ծառայել այն ամենի ամրապնդմանը, ինչի դեմ էլ ի սկզբանե հղացվել էին այդ նույն նախագծերը:

Լուսանկարը՝ http://www.1in.am/

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter