HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշտարակ-Գյումրի մայրուղին 2 գծանոցից վերակառուցվելու է 4 գծանոց մայրուղու

2017թ-ին Մեղրի-Բավրա 600 կմ ճանապարհը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» բազմափուլ ֆինանսավորմամբ ներդրումային ծրագիրը: Ասիական զարգացման բանկը ֆինանսական աջակցություն է ցույց տալիս  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար: Ծրագրով նախատեսվում է Աշտարակ-Գյումրի մայրուղին վերակառուցել 2 գծանոց մայրուղուց 4 գծանոց մայրուղու: Շրջակա միջավայրի ազդեցության գնահատաման, բնապահպանական եւ հնագիտական խնդիրների շուրջ մայիսի 27-ին հանրային քննարկումներ էին կազմակերպվել Մարալիկում եւ Գյումրիում: Ասիական զարգացման բանկի խորհրդատու Կլաուս Շոմֆելդը հայտնեց, որ այս փուլում հետազոտվում են ծրագրի հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի եւ հնագիտական տեղամասերի վրա` Աշտարակ-Գյումրի 88 կմ-անոց մայրուղու երկայնքով: Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման վերաբերյալ հաշվետվությունը ներառելու է նաեւ բնապահպանական կառավարման եւ մոնիտորինգի պլան, որը պարունակելու է կանխարգելող  եւ մեղմացնող միջոցառումներ: Կառուցվող մայրուղուն կից տեղակայված բոլոր համայնքները ելք են ունենալու մայրուղի երկկողմանի ճանապարհային հանգույցներով: Մայրուղին կշրջանցի Գյումրի քաղաքը: Ծրագրի պատասխանատուները հայտնեցին նաեւ, որ շինարարության ընթացքում կլինեն որոշակի ազդեցություններ, որոնք կպահանջեն երթեւկության կառավարում` կապված ճանապարհների մոտեցման սահմանափակումների եւ տեղական ճանապարհներին ծանր տեխնիկայի տեղաշարժերի հետ, փոշու, աղմուկի, օդի աղտոտման, թափոնների եւ հանված հողագրունտների կառավարման, ինչպես նաեւ կապված սոցիալական ազդեցությունների հետ: «Ինձ որպես մարզպետարանի բնապահպանության վարչության պետ հետաքրքրում է, թե ինչ է լինելու հանված սեւահողը,- պարոն Կլաուս Շոմֆելդին հարց ուղղեց Մարտին Տոնոյանը,- թե չէ երկրաշարժից հետո շինարարական նպատակով քաղաքին կից լավագույն սեւահողերը փչացրին, ու էդ տարածքներին էլ հեչ մեկը տիրություն չի անում: Շինարարական աղբն էդպես էլ 20 տարի էդտեղ է, կառավարությունն էլ տեր չի էղնի, որ էդ հարցը լուծվի: Հիմա ես ուզում եմ իմանալ, թե էդքան սեւահողը որ հանվեց, ինչ եք անելու»: Այդ հարցին պարոն Շոմֆելդը պատասխանեց, որ հողի մի մասն օգտագործվելու է լանդշաֆտային հատվածի պահպանման համար, իսկ ավելցուկը կտեղափոխվի: Ծրագրի աշխատանքային խմբում ընդգրկված հնագետ Բորիս Գասպարյանը խոսեց մայրուղու երկայնքով ձգվող հնագիտական տեղամասերի եւ պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդրի շուրջ: «Հնագիտական առումով վիճակն ավելի վատ է, քանի որ 21 հուշարձան եւ հուշարձանախումբ է հաշվառված ամբողջ ճանապարհի երկայնքով եւ աստված գիտի, թե քանիսն էլ կհայտնաբերվեն շինարարության ընթացքում,- մտահոգություն հայտնեց Բորիս Գասպարյանը,- մենք ձեր մարզից այս աշխատանքներում ընդգրկել ենք հնագետ Համազասպ Խաչատրյանին, որպեսզի հասկանանք նաեւ, թե մինչեւ շինարարությունը, որքան հուշարձանախմբի պեղման աշխատանքներ պիտի տարվեն: Մենք ունենք 10-ը թեժ կետ Արագածոտնի մարզում, իսկ Շիրակում վիճակն ավելի բարդացած է, քանի որ կան տարածքներ, որոնք ձգվում են կիլոմետրեր»: Պարոն Գասպարյանը տեղեկացրեց, որ իրենք հաշվի են առել նաեւ ճանապարհի եզրերին տեղադրված ավտովթարներից մահացածների հիշատակը հավերժացնող հուշաքարերը: Դրանք եւս կտեղափոխվեն, բնակաբար հարազատների հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: Քննարկման կազմակերպիչները խոստացան մեկ ամսից եւս մեկ հանդիպում կազմակերպել եւ լսել բոլոր առաջարկներն ու նկատառումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter